
Ռուսաստանն ու Ուկրաինան «100-ը 100-ի դիմաց» սկզբունքով գերիների հերթական փոխանակումն են իրականացրել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվարի 8-ին Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել:
Փոխանակման ընթացքում Ուկրաինան ռուսաստանցի 100 զինծառայող է փոխանցել, փոխարենը ռուսական բանակը 100 զինվորականի է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։
«Ռուսաստանցի զինծառայողների գերությունից վերադարձին մարդասիրական բնույթի միջնորդական աջակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունները»,- ասված է ռուսական պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է գերիների փոխանակումը։ «Եվս 100 ուկրաինացի տանն է՝ Ուկրաինայում։ Ազգային գվարդիա, սահմանապահներ, Ուկրաինայի զինված ուժեր: Մեծամասնությունը Մարիուպոլի պաշտպաններն են»,- գրել է Զելենսկին։
Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակման մասին հայտարարել էին հունվարի 31-ին։ Այն ժամանակ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ վերադարձվել է 195 ռուսաստանցի զինծառայող, իսկ փոխարենը փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 195 ռազմագերի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամյան ալիքում գրել էր 207 մարդու մասին։
Սա Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների առաջին փոխանակումն էր հունվարի 24-ին Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո: Ռուսական կողմը պնդում է, որ ինքնաթիռում եղել են 65 ուկրաինացի ռազմագերիներ, որոնց տեղափոխում էին փոխանակման համար: Նրանք բոլորը, ըստ Մոսկվայի, զոհվել էին։
Լուսանկարը՝ Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել