
Թեղուտի կոմբինատն աշխատում է ամբողջ ծավալով, իսկ պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները շարունակվում են
Թեղուտի պոչամբարի պատվարի ամրացման նախագիծը երկարաժամկետ բնույթ է կրում և կշարունակի իրականացվել պատվարի ձևավորմանը զուգահեռ։ Ամեն ամիս ընկերությունը բացհանքից մոտ 30-35 հազար տոննա ժայռային գրունտ է տեղափոխում պոչամբարի պատվար՝ այն ամրացնելու նպատակով։ 2024թ․ հունվարի 1-ի դրությամբ պոչամբարի տարողությունը թույլ է տվել տեղավորել 47 մլն տոննա պոչանք, իսկ պոչամբարի ողջ տարողունակությունը 190 մլն տոննա է։
Այսպես է արձագանքել «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք «Թեղուտ» ՓԲԸ-ն ամբողջությամբ ավարտել է պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները։
2023թ․ հուլիսի երկրորդ կեսից Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացման կոմբինատը սկսել են աշխատել, և ինչպես ընկերության գլխավոր տնօրենն է հավաստիացրել, խտանյութի արդյունահանման և վերամշակման աշխատանքներն իրականացվում են հաստատված նախագծին համապատասխան՝ ամբողջ ծավալով։
Հիշեցնենք, որ «Թողուտ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքները 2022թ․-ի մարտից։
«Թեղուտ» ՓԲԸ-ում հարկադիր պարապուրդի մեջ գտնվող աշխատակիցներ այս պահին չկան։ Ընկերության թիմն ամբողջությամբ ներգրավված է արտադրական առաջադրանքների կատարման մեջ։
Համաձայն ընդերքօգտագործման պայմանագրի և օգտակար հանածոների արդյունահանման թույլտվության, որը «Թեղուտ» ՓԲԸ-ն ստացել է 2023թ․ օգոստոսին՝ ընկերությունն իրավունք ունի մինչև 2031թ․ իրականացնել 105 մլն տոննայի արդյունահանում։
Թեղուտի կոմբինատի աշխատանքների ժամանակավոր դադարեցման ժամանակ, մեր նախորդ գրությանը պատասխանելիս Վլադիմիր Նալիվայկոն նշել էր, որ աշխարհում քաղաքական-տնտեսական նոր իրավիճակի պատճառով խախտվել էր արտադրանքի ապրանքների` սպառողներին մատակարարման լոգիստիկ շղթան և այն պետք էր վերակառուցել:
Վլադիմիր Նալիվայկոյին խնդրել էինք մանրամասնել, թե ինչպե՞ս է ընկերությանը վերակառուցել այդ շղթան, ու՞ր է այժմ արտահանում արտադրանքը, և ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել այս ընթացքում։
«Մինչև 2022թ․ լեռնահարստացման կոմբինատի դադարեցման ժամանակահատվածը, «Թեղուտ» ՓԲԸ-ն ընկերության արտադրանքն իրացվում էր մեկ գնորդի։ Ներկայում մեր արտադրանքի գնորդներն են 6 ընկերություններ՝ Իրանից, Չինաստանից և Ռուսաստանից, և շարունակվում են այլընտրանքային ընկերությունների հետ արտադրանքի իրացման պայմանների քննարկման ուղղությամբ աշխատանքները»,- մանրամասնել է «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։
Մեկնաբանել