ՌԴ-ն Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ. Գալուզին
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու պայմանները կքննարկի միայն Բաքվի հետ՝ կապված տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխության հետ: Այդ մասին ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
«Հաշվի առնելով Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխությունը՝ մեր խաղաղապահների գտնվելու պայմանները քննարկվում են միայն ադրբեջանական կողմի հետ»,- ասել է նա։
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանի հետ երկխոսությունը կառուցողական բնույթ է կրում։ «Ծագող բոլոր հարցերը լուծում ենք փոխընդունելի ձևով։ Ինչ վերաբերում է 2025 թվականի նոյեմբերից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի լիազորությունների երկարաձգմանը, ապա դա կախված կլինի տարածաշրջանում տիրող իրավիճակից, նրանց հետագա ներկայության պահանջարկից և Բաքվի հետ համապատասխան պայմանավորվածություններից», - հավելել է Գալուզինը։
Հարցազրույցի ընթացքում Գալուզինն անդրադարձել է նաև Հայաստանում ու Ադրբեջանում ռուսական հյուպատոսական ներկայության ընդլայնման գործընթացին։ Ըստ նրա՝ Ռուսաստանն աշխատում է դրանց ընդլայնման ուղղությամբ։
«Մշակման փուլում է Ադրբեջանում և Հայաստանում մեր հյուպատոսական ներկայության ընդլայնման հարցը։ ԱՊՀ երկրներում դիվանագետների աշխատանքի առանձնահատկությունն առաջին հերթին այն է, որ դրանք բարեկամ երկրներ են, որոնց հետ մեզ միավորում է դարավոր համատեղ պատմությունը, միմյանց ավանդույթների խորը ըմբռնումը, ընդհանուր մշակույթն ու ռուսաց լեզուն»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։
Գալուզինի խոսքով՝ նման մթնոլորտում «աշխատելն, անշուշտ, ավելի հարմարավետ է, քան այնտեղ, որտեղ իշխում է ռուսատյացությունն ու կասկածամտությունը ռուսաստանցի դիվանագետների նկատմամբ»:
«Դրա արդյունքն է երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան։ Մենք ունենք բացառիկ հագեցած օրակարգ՝ ընդգրկելով ուղղությունների ամենալայն շրջանակը։ Մերձեցմանը նպաստում են հազարավոր փոխշահավետ նախագծեր, պաշտպանության և անվտանգության ոլորտներում ստանձնած պարտավորությունները, մշակութային երկխոսությունը, զարգացած առևտրատնտեսական հարաբերություններն ու զբոսաշրջությունը: Այս ամենը մեծացնում է դիվանագետների ծանրաբեռնվածությունը ու պահանջում ընդլայնել դիվանագիտական առաքելությունների աշխատակազմը»,- եզրափակել է Գալուզինը։
Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել