Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում բռնկված հրդեհը ժամը 13։00-ին մեկուսացվել է։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
«Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։
Լուսանկարը՝ Ներքին գործերի նախարարության
Մեկնաբանել