HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սերգեյ Եղիկյան. «Հովհ. Թումանյան և բեմադրիչ Վահե Շահվերդյան․ նրանք են թատրոնի հանդեպ իմ սիրո հիմնաքարերը»

Եթե թատերական լեզվամտածողության մեջ գոյություն չունենային «լավագույն հանդիսատես» ու «թատրոնի նվիրյալ» բնորոշումներն, ապա վստահ եմ, որ կգտնվեին մարդիկ, որ կհնարեին դրանք՝ հատուկ Նրա ու Նրա նմանների համար, որպես շնորհակալության նշան՝ թատրոնի հանդեպ տածած հիացական սիրո, երկրպագության ու նվիրվածության: Կհորինեին ու կշնորհեին, քանզի նվիրյալների շնորհիվ է, որ թատրոնը բեմ-դահլիճից վերածվում է արվեստի երկրպագության տաճարի: Նրանց դժվար չէ ճանաչելը, նրանք ապրում են թատրոնով․ վայր, որ տարիների ընթացքում վերածվում է ընտանեկան օջախի՝ հավակնելով ոչ թե երկրորդ, այլ՝ առաջին տիտղոսին:

Շատ հաճախ այդ սերը ծնվում է թատրոն ոտք դնելու հենց առաջին վայրկյանից: Սա այն «հիվանդություններից» չէ, որ ժամանակի հետ «բուժվում» են: Արվեստի նկատմամբ սերը սովորաբար չի թուլանում, այլ տարեցտարի ավելի է ուժեղանում, մինչև որ ամբողջովին կլանում է՝ դարձնելով իր անբաժանելի մասը: 

- Ես իմ կյանքն առանց թատրոնի չեմ պատկերացնում,- խոստովանում է 16-ամյա Սերգեյ Եղիկյանը: Պատանու սերը թատրոնի նկատմամբ առաջին հայացքից էր:  

- Մենք հարգում ենք իր ընտրությունը՝ հաշվի առնելով նաև ունակությունները, որ ունի,- նկատում է մայրը՝ Կատարինան,- եթե մեր տղան չունենար այդ շնորհը, հեռու լիներ արվեստից, սակայն պնդեր, թե ցանկանում է դերասան դառնալ, բնականաբար, չէինք թողնի:

- 11-12 տարեկան էր, երբ հայտնեց, որ ցանկանում է դերասան դառնալ,- հիշում է Սերգեյի հայրը՝ Արմեն Եղիկյանը,- եթե չեմ սխալվում, «Անուշ» ներկայացումը դիտելուց հետո: 

- Ազդագրերում տեսել էի, որ Վանաձորի թատրոնում Վահե Շահվերդյանի բեմադրությամբ «Անուշ» ներկայացումն են խաղալու: Հայրիկիս խնդրեցի տանել, 2019թ․-ի սեպտեմբերի 21-ն էր, օրը մինչև հիմա հիշում եմ: Թատրոնի նախասրահում սպասում էինք, որ մտնենք դահլիճ, այդ ժամանակ մեր դիմացով անցավ Վահե Շահվերդյանը: Հայրիկս առաջարկեց նկարվել նրա հետ, ես հրաժարվեցի ու հիմա շատ եմ ափսոսում: Ճիշտ է, հետագայում ես լուսանկարներ ունեցա վարպետի հետ, բայց ափսոսում եմ, որ այդ օրը ամաչելու պատճառով հրաժարվեցի,- Սերգեյի շուրթերը թույլ ժպիտից մի փոքր ձգվում են,- ես նայեցի ներկայացումն ու այդ օրվանից իմ կյանքը փոխվեց: Հովհ. Թումանյան և բեմադրիչ Վահե Շահվերդյան․ նրանք են թատրոնի հանդեպ իմ սիրո հիմնաքարերը:

Սերգեյը խոստովանում է, որ ինչպես բոլոր դպրոցականներն, ինքն էլ տարբեր խմբակների է հաճախել՝ շախմատի, մարմնամարզության, լողի, բայց ամեն տեղ երկու ամսից ավելի չի դիմացել: Ծնողներն ու հարազատները 6 տարեկանից պարբերաբար տարել են մանկական ներկայացումներ նայելու: Դրանք հրաշալի, հեքիաթային ժամեր էին, բայց ոչ ավելին: Հանդիսատեսից բեմում գործող անձի վերածվելու ցանկությունն եկավ ավելի ուշ: «Երբ ասաց, որ ուզում է դերասան դառնալ, ճիշտն ասած, ես դեմ չեղա,- ասում է Արմենը,- ես այն ծնողներից չեմ, որ փորձում են ամեն կերպ կառավարել երեխաների կյանքը, թեկուզ 12 տարեկանի: Ասացի, որ պատրաստ եմ իր կողքին լինել, օգնել ինչով կարող եմ, առաջարկեցի գտնել համապատասխան թատերական ստուդիա կամ խմբակ, որտեղ ինքը հնարավորություն կունենա իր ունակությունները բացահայտել: Դերասան Արկադի Ղարագուլյանի խորհրդով գնացինք նորաբաց Գյումրու «Մտորումների թատրոն», որտեղ Հովհաննես Հովհաննիսյանը պատանիների խումբ էր հավաքում ուսուցանելու նպատակով»:

Սերգեյը Մտորումների թատրոնին կից բացված մանկապատանեկան ստուդիայի առաջին սաներից է: Թատրոնի հիմնադիր, ՀՀ վաստակավոր դերասան Հովհաննես Հովհաննիսյանը պատմում է, որ սկզբնական շրջանում տղայի հետ կապված մեծ հույսեր չի փայփայել, պատճառը եղել են տարիքին ոչ բնորոշ լրջությունն ու լռությունը:

«Երբեք չէր խոսում, երբեք չէր միջամտում, անընդհատ լռության մեջ էր,- հիշում է Հովհ. Հովհաննիսյանը,- հանձնարարությունները տալիս էինք, գնում էր, հաջորդ օրը պարտաճանաչ, հանձնարարությունը կատարած գալիս էր, բայց լուռ էր: Կարող էր ժամերով լուռ նստել, կլանված լսել ու չխոսել: Նույնիսկ զանգել եմ հորը, ասել եմ՝ Արմեն ջան, մի քիչ զբաղվեք երեխայով, շատ է մարած, հեչ կյանք չկա մեջը: Անցավ ժամանակ ու հասկացանք, որ կրակը ներսում է և ժայթքելու համար հարմար պահ էր պետք: Մի օր եկավ՝ թե ուզում եմ ներկայացում բեմադրել, թույլ կտա՞ք, ասացի՝ իհարկե: Մտածեցի, հը՞ն, գուցե իրո՞ք կարողանա զարմացանել: Եվ պատկերացրեք՝ զարմացրեց»:

Սերգեյն ընդամենը 14 տարեկան էր, երբ 2021 թ․-ին որոշեց Գյումրու «Մտորումների թատրոնում» բեմադրել Հովհ. Թումանյանի «Լոռեցի Սաքոն»: Տղան լուրջ հայտ էր ներկայացրել, կհաջողեր, թե ոչ՝ կախված էր միմիայն իրենից: «Ես ընտրեցի վեց դերակատարի, որ իմ նման սկսնակներ էին, ընդամենը մի հեքիաթի մեջ էին խաղացել ու վերջ: Սկսեցինք փորձերը: Ես բեմադրում էի այնպես, ինչպես պատկերացնում էի, ընկեր Հովհանիսյանը բացարձակ չէր խառնվում: Ինձ ասաց՝ որոշե՞լ ես, արա՛: Առաջին տարբերակը ցույց տվեցինք, ինքը մերժեց, երկրորդ տարբերակը ցույց տվեցինք, նորից մերժեց: Ես ուզում էի ներկայացումը հասցնել փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը։ Փետրվարի 15-ն էր, իսկ մենք ներկայացում չունեինք դեռ»,- անցած փորձությունը Սերգեյը հիմա ժպիտով է հիշում:

Արդեն երկու մերժում ուներ և ոչ մի օգնություն: Կհաջողե՞ր, եթե շատերին շփոթության մատնող տարիքին ոչ համապատասխան լրջությունն ու պատասխանատվության զգացումը չունենար: Ի՞նչ պետք է աներ, որ երրորդ տարբերակը ներկայացման չձախողվեր: Գուցե մեկ ուրիշը նման իրավիճակում թևաթափ լիներ, բայց դա Սերգեյին չէր վերաբերում, արտաքինից չափազանց փխրուն թվացող պատանին անչափ համառ էր սկսած գործում և ներկայացման 3-րդ տարբերակը արժանացավ հավանության:

«Հերթական փորձն էր, բայց ես որոշեցի փորձ չանել, ուղարկեցի երեխեքին տուն ու մինչև ժամը երեկոյան 8-9 մնացի թատրոնում մենակ: Նստել էի խավար դահլիճում ու մտածում էի, այդպես մի 4 ժամ: Հաջորդ օրը, երբ խումբը հավաքվեց, ասի՝ մոռացեք ինչ ենք արել, ամեն ինչ սկսում ենք զրոյից, անգամ դեկորացիան փոխեցի: Ընդամենը երկու օրում արեցինք նոր բեմադրություն, Հովհաննիսյանը եկավ, նայեց, ասաց՝ ապրե՛ս: Եղավ պրեմիերա, եղան շնորհավորանքներ, եղան դիտողություններ, ես ինքս էլ որոշ բաներ չէի հավանում, մի խոսքով, կրկին վրան աշխատեցինք, փոփոխություններ արեցինք ու ներկայացրինք հանրապետական «Նռան հատիկ» փառատոնին, արժանացանք մրցանակի՝ տարանք «լավագույն ռեժիսուրա» անվանակարգը»:

Ո՞րն է Սերգեյի հաջողության գաղտնիքը,- հարցս ուղղված է Հովհաննես Հովհաննիսյանին:

- Մեր ստուդիայում հավաքվել են պատանիներ, որոնց նախ և առաջ միավորում է անվերապահ նվիրումը թատրոնին: Նրանք չեն սահմանափակվում այստեղ միայն սովորելով, անում են ամեն ինչ՝ բեմ դնել, հագուստ արդուկել, ռեկվիզիտ պատրաստել: Նրանք այստեղ ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան իրենց տանը: Ես մեկ-մեկ վռնդում եմ, ասելով՝ տուն գնացեք, թե չէ՝ տնեցիք հյուրանոցի ձեր համարները կհանձնեն ուրիշի: Սա վերաբերում է նաև Սերգեյին: Ինքը թատրոնի նվիրյալ լինելուց բացի նաև կարդացող, պրպտող, մտածող տեսակ է, անչափ դաստիարակված: Երբեմն մտածում եմ, որ ծնողներն այդ հարցում (նկատի ունի դաստիարակությունը,-հեղ.) չափի կորուստ են ունեցել: Բայց մյուս կողմից էլ հենց լրջությունն ու սերն  էին, որ տարան նրան Վանաձորի թատրոն՝ նախ որպես հավատարիմ հանդիսատես, հիմա էլ արդեն որպես հրավիրյալ դերասան: Մեր Սերգեյը հիմա խաղում է Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկային «Արտիստը» ներկայացման մեջ գլխավոր դերում և դա շոյում է նաև ի՛մ ինքնասիրությունը, նրա հաջողությունը մեր թատրոնի ձեռքբերումն էլ է: 

Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի մասին խոսելիս Սերգեյի ձիթապտղի սևության խոշոր աչքերը լցվում են ջերմությամբ, փոխվում են ձայնի հնչերանգները, երբ արտաբերում է Վահե Շահվերդյանի անունը, ով կենդանության օրոք արդեն դարձել էր նրա կուռքը: Սերգեյը նկատում է, որ իր կյանքում տեղի ունեցած շրջադարձային փոփոխությունները կապված են Վանաձորի դրամատիկական թատրոնի հետ: 

«Ես սիրահարվեցի թատրոնին՝ առաջին անգամ այնտեղ ոտք դնելով: Իմ երազանքը դարձավ խաղալ այդ թատրոնում, շփվել Վահե Շահվերդյանի հետ, շնչել կուլիսների օդը: Ես այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էի: Եվ իհարկե, շնորհակալ եմ Գյումրու «Մտորումների թատրոնի» իմ սիրելի ղեկավարին՝ Հովհաննես Հովհաննսիյանին, որ հավատաց ինձ ու շանս տվեց՝ մտնելու թատերական աշխարհ: Գիտեք, ես երջանիկ եմ, որ ճանաչել ու ճանաչում եմ Շահվերդյան և Հովհաննիսյան մեծերին»,- Սերգեյի ձայնը դողում է հուզմունքից:

Տղայի՝ թատրոնի նկատմամբ սերը նկատել ու գնահատել էին Վանաձորի թատրոնում: Սկսած 2019թ․-ից՝ նա աշխատում էր լինել բոլոր առաջնախաղերին՝ կտրելով Գյումրի-Վանաձոր ճանապարհը: Սերգեյը դարձել էր վանաձորյան թատերարվեստի նվիրյալ երկրպագուն: Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի 90-ամյակը նշելիս շնորհակալագրի էր արժանացել նաև Սերգեյը, որպես լավագույն հանդիսատես: 2022թ․-ին պատանու ծննդյան օրը շնորհավորելիս Վահե Շահվերդյանը գրել էր. «...քո անսահման նվիրումով Թատրոնին իմ պատանեկությունն ես հիշեցնում: Քեզ ամենայն բարիք և կանաչ ճանապարհ եմ մաղթում»: Եվ ընդամենը մեկ տարի անց այս տողերից Սերգեյը պետք է հայտնվեր Վանաձորի թատրոնում՝ հրավիրյալ դերասանի կարգավիճակով, պետք է խաղար, սակայն ոչ Վահե Շահվերդյանի ղեկավարությամբ: 

Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա նույնանուն ներկայացումը Վանաձորի դրամատիկական թատրոնում առաջին անգամ բեմադրվել էր 2015թ․-ին: Հետագայում Լևոնի դերակատարի տարիքային անհամապատասխանության պատճառով, ներկայացումը դուրս էր եկել խաղացանկից: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը պնդում էր վերականգնել ներկայացումը, իսկ  ռեժիսոր Նունե Խեչումյանը չէր շտապում՝ փորձելով գտնել ի՛ր Արտիստին, այն Արտիստին, որ թատրոն կվերադարձներ ի՛ր հանդիսատեսին: 

«Եվ մի օր թատրոնի նախասրահում ես տեսա նրան: Սերգեյի արտիստիկ կեցվածքը գրավել էր ուշադրությունս: Ես զգում էի, որ գտել էի Լևոնի դերակատարին, բայց չգիտեի՝ արդյոք կստացվե՞ր բեմ հանել: Երջանկահիշատակ Վահե Սուրենիչն այդ ժամանակ դեռ թատրոնում էր, խորհուրդ տվեց խոսել պատանու հետ, հրավիրել: Երբ իմացա, որ գյումրեցի է, տատանվեցի, մտածեցի՝ ծնողները չեն թողնի: Սակայն տեղեկությունը, որ Սերգեյը ոչ միայն պարզապես թատերասեր է, այլև որոշակի փորձ ունի խաղալու, անգամ՝ բեմադրության, ինձ հույս տվեց,- պատմում է Նունե Խեչումյանը,- երբ առաջարկեցի Սերգեյին խաղալ իմ ներկայացման մեջ, պատասխանեց, որ ինքը պարզապես երազում է խաղալ մեր բեմում: Սա այն դեպքն է, երբ կարող ես ասել, որ դերը գտավ դերասանին, միավորվեցին նրա երազանքներն ու մեր ցանկությունը: Սերգեյի հետ հեշտ է աշխատելը: Նա ամբողջովին նվիրվում է իր գործին: Ես հույս ունեմ, որ այս համագործակցությունը մեկ ներկայացումով չի ավարտվի: Ամեն դեպքում լավ ապագա եմ կանխագուշակում տղայի համար, մանավանդ, որ որոշել է ռեժիսոր դառնալ»:

Ինքը՝ Սերգեյը, հանգիստ է վերաբերվում իր շուրջը ծավալվող իրադարձություններին: Հաջողություններն ուրախացնում են, անհաջողությունները՝ ստիպում կատարվածից հետևություններ անել: 16-ամյա պատանին ամեն ինչին նայում է փիլիսոփայորեն, եթե իրադարձություններն այդ կերպ են ծավալվում, ուրեմն այդպես էլ պետք է լինեին: Անցած տարի Գերմանիայի Բրեմեն քաղաքում անցկացվելիք KulturOntour միջազգային երիտասարդական փառատոնին մասնակցության հայտ էին ներկայացրել՝ ուղարկելով «Լոռեցի Սաքոն» ներկայացման տեսագրությունը: Մասնակից 20 երկրներից հաղթող ճանաչված 5 երկրների թվում Հայաստանը ներկայացնելու էին գյումրեցիները և 2024թ․-ի հունվարի 4-ին պետք է ելույթ ունենային Բրեմենում, սակայն հրավիրող կողմի թղթաբանական սխալի պատճառով դեսպանատունը մերժել էր խմբի մեկնումը:

- Ես ավելի տխրեցի, ավելի վատ տարա լուրը, քան Սերգեյը,- նկատում է հայրը:

- Պապա, դե ուրեմն այդպես էլ պետք է լիներ, ոչինչ, էլի մրցույթներ կլինեն, կդիմենք, գուցե սա էր ճիշտը, գուցե մեզ այլ ավելի լավ բաներ են սպասվում,- Սերգեյը ժպտում է:

- Իսկ ու՞մ հետ է Սերգեյն ավելի կապված, մայրիկի՞, թե՞ հայրիկի,-փորձում եմ գնալ դավադրության ճանապարհով:

- Թատրոնի,- Սերգեյի ձայնը վճռական է:

- Ես կասեի՝ Հովհաննիսյանի...,- Արմենը ծիծաղում է:

- Սերգեյն իմ տղեն է,- չի դիմանում մայրը՝ Կատարինան:

Գլխավոր լուսանկարում՝ Սերգեյ Եղիկյանը

Լուսանկարները՝ Գոռ Փելեշյանի և Սերգեյ Եղիկյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter