HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». փոխոստիկանապետ Մհերյանին սպանողի հագուստների փնտրտուքը վերածել են շոուի

Կա՞ անգործության բացատրությունը

2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց դարանակալ մարդասպանի կրակոցներից սպանվեց ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ Գևորգ Մհերյանը: Նրա սպանության գործի խիստ թերի, որոշ առումներով նույնիսկ խայտառակ նախաքննության առանձին դրվագների անդրադարձել ենք «Հայացք»-ի 11.02.2011 թ. և 25.02.2011 թ. համարներում: Բացահայտել ենք, որ որոշ հարցերում դրսևորվել է նախաքննության շահերին հակասող անգործություն: Շարունակում ենք մեր լրագրողական հետաքննությունը:

Մեր ստացած տեղեկատվության համաձայն` 2010 թ. մարտի 10-ին` ժամը 10:40-ին, իրավապահ համակարգի իր գործընկերներից մեկին է զանգահարել այն ժամանակ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը և ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության առնչությամբ փոխանցել համապատասխան աշխատանքի միջոցով հայտնի դարձած տեղեկությունը:

Ըստ այդ տեղեկատվության` Գրիգոր Իգիթյանը (վերջինս, որ դատապարտված է և այժմ իր պատիժն է կրում խարդախության մեղադրանքով, նոր չէ, որ կասկածվում է Գևորգ Մհերյանի սպանության գործում) սպանությունից հետո եղբորը` Խորեն Իգիթյանին, որի մասնակցությամբ է կատարել սպանությունը, տարել է նրա Խարբերդի ամառանոց: Այնուհետև ինքը ավտոմեքենայով մեկնել է Սևանա լիճ, «Լողափ» լողափում թաղել է հագուստները:

Թվում է, թե քրեական գործի նախաքննությունն իրականացնող մարմինը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, վերոնշյալ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո պետք է նախաձեռներ օպերատիվ-քննչական խմբի անդամների` Սևանա լիճ մեկնելը, նշված լողափում համապատասխան որոնողական աշխատանքը: Բավական է, որ գտնվեին լողափում թաղված Գ. Իգիթյանի հագուստները, և Գ. Մհերյանի սպանությունը գրեթե բացահայտված կարելի էր համարել:

Սակայն, որքան էլ անհեթեթ է, հիշյալ հագուստների որոնման աշխատանքը կատարվել է վերոնշյալ տեղեկատվությունը ստանալուց ավելի քան 6 ամիս հետո: Ի՞նչ է նշանակում սա, եթե ոչ Գ. Մհերյանի սպանության գործի նախաքննությունն իրականացնող մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության, ինչպես նաև այն ժամանակ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանի (այժմ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության պետ) կողմից տվյալ սպանությունը բացահայտելու շահագրգռության իսպառ բացակայություն:

Կամ էլ` ոմանց կողմից հնարավորության ընձեռում, որպեսզի այդ հագուստների վերաբերյալ իրավապահների տեղեկացվածության մասին լուրը հասնի Գ. Իգիթյանին (եթե, իհարկե, ճիշտ է նրա արարքի վերաբերյալ սկզբնական տեղեկատվությունը), վերջինս «քսիվ» ուղարկի դրսում իր մարդուն, որպեսզի նա թաղված տեղից հանի, վերացնի այդ հագուստները: Եթե կա այլ բացատրություն, թող ներկայացնեն ու չփորձեն անգործությունը, պատասխանից խուսափելը կոծկել տվյալ պարագայում անհեթեթ «նախաքննության գաղտնիք» ասվածի շղարշի տակ:

2010 թ. աշնանը վերջապես փորձելով ճշտել այդ տեղեկատվությունը` Գևորգ Մհերյանի հորը` տուժողի իրավահաջորդ Պետրոս Մհերյանին, հրավիրել են ներկա լինելու մի գործողության, որի նպատակն էր պարզել, թե Սևանա լճի ափին արդյոք թաղվա՞ծ են իր որդու սպանության գործում կասկածվող Գրիգոր Իգիթյանի հագուստները:

- 2010 թվականին ես ստացա տեղեկություն, այսինքն` ոստիկանությունում հայտնեցին, որ ենթադրյալ հանցագործը, կասկածյալը սպանությունից հետո շորերը պահել է Սևանա լճի ափին,- մեզ հետ զրույցում ասաց Պետրոս Մհերյանը:- Այդ տեղեկությունը ստանալուց հետո 5-6 ամիս ես հետաքրքրվել եմ այս գործով, մինչև Հատուկ քննչական ծառայությունը և ոստիկանությունը եկան համաձայնության, որ գնանք շորերը հանելու: Սեպտեմբեր թե հոկտեմբեր ամսին գնացինք շորերը հանելու: Վերցրինք հետներս այն մարդուն, ով տվել էր տեղեկությունը, գնացինք «Լողափ» անունով լողափ:

Ճիշտ է, սկզբում խառնեցին, չգնացին հենց այդ տեղը, բավականին անցան, հետո նորից հետ եկան ու սկսեցին փնտրել շորերը: Սևանի ափին ներկա էին նաև Կարեն Բաբակեխյանը, Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ, որդուս սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանը, օպերներից վեց հոգի, ինչպես նաև լողափում հանգստացողները: Բավականին երկար ժամանակ փնտրեցին և ոչ մի շոր էլ չգտան: Կարծում եմ` սա մի շոու է, որ բեմադրեցին, իսկ թե ինչու` չեմ կարող ասել:

Ամեն ինչից զատ, եթե այդ հագուստներն ինչ-որ մեկի կողմից տեղափոխված էլ չլինեին, 6-7 ամսվա ընթացքում լճի ալեկոծության հետևանքով կարող էին հանվել ավազների տակից, տարվել ալիքների կողմից, քշվել այլ տեղ: ՀՔԾ-ն որոնման աշխատանքի համար կարևոր ժամանակն արդեն բաց էր թողել, սա առնվազն տարօրինակ չէ՞:

Բացառված չէ նաև, որ հագուստներն այլ տեղ են թաղված եղել, բայց միտումնավոր ասպարեզ է նետվել այլ լողափի անուն: 2010 թ. հուլիսի 9-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը (այժմ նա ազատված է այդ պաշտոնից) գրավոր դիմել է ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանին:

Այդ գրությամբ նա հայտնել է ստացված այն տեղեկության մասին, ըստ որի Գևորգ Մհերյանի սպանությունը կատարելու համար կասկածվող, խարդախություն կատարելու համար ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Գրիգոր Իգիթյանը, խոսակցության ժամանակ անդրադառնալով կատարված սպանությանը, ասել է, որ Մհերյանի սպանությունից անմիջապես հետո ինքը մեկնել է Սևան, որտեղ «Յախտ-կլուբում» հանդիպել է իր ծանոթին և նշված վայրում հողի տակ թաքցրել իր այդ օրվա հագուստը:

Գ. Ավետիսյանը վերը բերված տեղեկությունը հայտնել է` քննության ընթացքում օգտագործելու և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան գործողություններ կատարելու համար: Երկու օր անց` հուլիսի 9-ին, 29/3-2-2560 թվակիր այդ գրությունը Ա. Միրզոյանը մակագրել է նախաքննության օպերատիվ խմբի ղեկավար, ԿՀԴՊ ԳՎ պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանին: Թե Կ. Բաբակեխյանը հուլիսի 13-ին այդ գրությունը ստանալուց հետո ե՞րբ և ի՞նչ է ձեռնարկել` մեզ հայտնի չէ, բայց, դատելով ամենից, հագուստները չեն հայտնաբերվել: Ի դեպ, «Յախտ-կլուբը», Պետրոս Մհերյանի հավաստմամբ, գտնվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ամառանոցի անմիջական հարևանությամբ:

- Ինձ համար շատ տարօրինակ է. ունեն երկու տեղեկություն, փնտրում են մի տեղում, բայց մյուսին ուշադրություն չեն դարձնում,- ասաց սպանված փոխոստիկանապետի հայրը:- «Յախտ կլուբում», որքան տեղյակ եմ, որևէ գործողություն չի կատարվել, համենայն դեպս ինձ չեն հրավիրել, ինչպես «Լողափ» լողափում կազմակերպված որոնման ժամանակ: Երբ 6-րդ վարչության պետ Գագիկ Ավետիսյանին ցույց տվեցի իր իսկ ստորագրած փաստաթուղթը, զարմացավ և... պատասխան չուներ:

Ուշադրություն դարձնենք ամսաթվերին. այն ժամանակ (2010 թ. սեպտեմբեր կամ հոկտեմբեր), երբ քննչական-օպերատիվ խմբի անդամները «Լողափ» լողափում փնտրում էին կասկածյալի հագուստները, դրանք «Յախտ-կլուբ» լողափում գտնվելու վերաբերյալ 09.07.2010 թ. գրությունը ՀՔԾ-ի պետ Անդրանիկ Միրզոյանն արդեն ստացել էր ու մակագրել Կ. Բաբակեխյանին:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

xoren
lav ban mi spaseq ays petutyunum....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter