HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շանտաժի նոր ձևերը. կանանց թիրախավորում են Telegram-ի ու TikTok-ի միջոցով

Իրեն «Արդար դատավոր» հռչակած Telegram ալիքը կանանց նկատմամբ շանտաժը դարձրել է զվարճանքի և ժամանցի ձև։ Այս ալիքի հետևում կանգնածները վարում են նաև «Նամուս, թե թասիբ» TikTok էջը։  

«Վաղը սրանից 18+ փորի վրա վիդյո եմ տեղադրելու 🔞», «Սրանից լիքը նյութ կա հատ առ հատ բոլորը տեղադրվելույա 😉»` նման բառապաշարով գրառումները տարածվում են սոցիալական ցանցերից կանանց գողացված նկարների և տեսանյութերի հետ։ 

Համացանցի արագ զարգացման հետ միասին շանտաժի նման ձևն այնքան է տարածվել ամբողջ աշխարհում, որ նույնսիկ հատուկ տերմին կա ՝ revenge porn (բառացիորեն՝ վրեժի պոռնո)։ Այն օգտագործվում է՝ բնութագրելու լուսանկարների կամ տեսանյութերի գողությունն ու դրանց տարածումը առանց անձի համաձայնության: Որոշ երկրներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում revenge porn-ը սկսել է համարվել հանցագործության առանձին տեսակ։

Այս գլոբալ թրենդը վերջին տարիներին տարածվում է նաև Հայաստանում։ Բացի նշված էջերից, ակտիվ են նաև դրանց նման այլ էջեր։

Ցանկացած կին կարող է դառնալ թիրախ

Գայանե Ավդալյանը «Հետքին» պատմեց, որ վերջերս իրեն փորձել են շանտաժի ենթարկել և գումար կորզել։

Մի օր Telegram-ի միջոցով Գայանեի հետ կապ է հաստատել անհայտ անձ և ուղարկել է ֆոտոշոփով խմբագրված պոռնոգրաֆիկ նկարներ։ Այդ նկարները Գայանեի ինստագրամում հրապարակված հասարակ նկարներ էին, որոնք այնպես էին խմբագրված, որ թվա, թե դրանցում իրականում Գայանեն է։ Լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջվել։

«Ես որևէ բան չպատասխանեցի, ուղղակի միանգամից իրեն արգելափակեցի ու դրա մասին բարձրաձայնեցի իմ Facebook-ում։ Պարզվեց՝ սա մեկ դեպք չէ, այլ մեծ խնդիր է»,- պատմեց Գայանեն։ 

Նա «Հետքին» ասաց, որ դեպքը հանրայնացնելուց հետո իրեն հարյուրավոր անծանոթ կանայք են գրել և պատմել, որ իրենց նույնպես շանտաժի են ենթարկել։ 

Մի կին պատմել է, որ երբ անանուն հաշվից իրեն ուղարկել են ֆոտոշոփով խմբագրված իր նկարները և սպառնացել դրանք ուղարկել եղբորը, վախեցել է և պահանջները կատարել է։ Սակայն մեկ անգամ գումարը փոխանցելով՝ շանտաժը չի ավարտվել, տարվա ընթացքում երեք անգամ իրենից գումար են պահանջել, որը ստիպված վճարել է։

Բացի ֆոտոշոփով նկարներ փոխելուց, կոտրում են նաև կանանց սոցիալական էջերը և հրապարակում անձնական տվյալները։

Սոցիալական ցանցերի հաշիվները կոտրելու ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է (ֆիշինգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ

Շանտաժիստներն իրենց զոհերի սոցիալական հաշվին, օրինակ՝ ինստագրամին, կեղծ էջերից ուղարկում են նամակ այն մասին, որ անձի նկարը հայտնվել է որևէ էջում, օրինակ՝ «best Armenians», որտեղ տեղադրվում են ամենահմայիչ հայուհիների նկարները, և նկարը տեսնելու համար անձը պետք է անցնի հղումով։

Հղումով անցնելուց հետո զոհը տեսնում է Instagram մուտք գործելու էջի կրկնօրինակը (ֆիշինգը հենց սա է) և երբ գրում է իր մուտքանունն ու գաղտնաբառը, այն պահպանվում է ֆիշինգ էջը ստեղծողի մոտ։ Սրանից հետո փոխում են գաղտնաբառը, և մարդը կորցնում է իր հաշվի հասանելիությունը։

Դեպքեր կան, երբ կանանց հետ այս խմբի անդամները կամ համակիրները ի սկզբանե շփում են սկսում` նրանց հետագայում շանտաժի ենթարկելու նպատակով։ Զրուցում են առցանց, հանդիպում են, այնուհետև սպառնում, որ կհրապարակեն անձնական տվյալները, նկարները ու նամակագրությունը, որ ծնողներին ու շրջապատին կպատմեն կնոջ «անբարոյականության» մասին և պահանջում են սեռական հարաբերություններ, գումար կամ` երկուսը միասին։

Այս էջերը նաև գումար են աշխատում։ Այսպես, նշված Telegram ալիքներից մեկը պնդում է, որ 30,000 դրամով կարող է կոտրել Ինստագրամի ցանկացած հաշիվ։

Գումար աշխատելու մեկ այլ տարբերակ է ավելի բաց նկարներ և տեսանյութեր պարունակող խմբի անդամակցության համար գումար սահմանելը։ Այսպես՝ նույն ալիքը իր փակ խումբ մուտքավճարը սահմանել է 4$, վճարումները պետք է փոխանցվեն կրիպտո արժույթով։

«Գիտեք, երբ ինձ գրեցին, սկզբից ես նույնպես խառնվեցի, մոտս պանիկա սկսվեց, բայց հանգստացա և այս իրավիճակից կարողացա դուրս գալ, քանի որ ես ինձ մեդիա գրագետ եմ համարում, կարողացա նաև անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ստանալ, բայց հազարավոր կանայք վախենում են, չունեն բավականաչափ տեղեկատվություն, առավել խոցելի են մանավանդ դեռահասներն ու երիտասարդ աղջիկները, նրանց համար սա սարսափելի ու անելանելի իրավիճակ կարող է թվալ»,- ասում է Գայանեն։

Կինը՝ սեռական առարկայացման սուբյեկտ

Յուրաքանչյուր մարդ կարող է դառնալ նման խմբերի զոհը, սակայն որպես կանոն ավելի շատ թիրախավորվում են կանայք։ Շանտաժի նման ձևը պետք է դիտարկել գենդերով պայմանավորված բռնության և ոտնձգությունների ընդհանուր համատեքստում:

Հնարավոր չէ հստակ ասել, թե կոնկրետ ինչն է մոտիվացնում այս էջերի հետևում կանգնած խմբերին, բայց հստակ է, որ նյութերը հիմնականում տարածվում են կանանց նվաստացնելու և նրանցից գումար կորզելու նպատակով:

Շանտաժի զոհերի նկարների կամ տեսանյութերի հետ միասին տարածվում են նաև նրանց անձնական տվյալները, օրինակ՝ անձնագրի տվյալները, բնակության հասցեն, հեռախոսի համարը, սոցիալական ցանցերի հղումներ։ 

Այս ամենը զուգորդվում է զոհերի հանդեպ սեռական ոտնձգության  կոչերով։ Այս կոչերով նրանք կարծես դրդեն իրենց հետևորդներին «որսալ» կանանց։ Սրա հիմքում ընկած են «վարքից թույլ», «ման եկող» և այլ խնդրահարույց պատկերացումները կանանց մասին։

Կանանց կարող են թիրախավորել ցանկացած բանի համար՝ օտարազգի ընկեր ունենալու, «ոչ պատշաճ» հագուկապի, օրինակ՝ կարճ կիսաշրջազգեստ կրելու, մազերը ներկելու, փիրսինգ կամ դաջվածք անելու, որևէ լուսանկար հրապարակելու կամ գրառում կատարելու համար։ Այս առումով առավել խոցելի են դեռահասները։

«Արդար դատավոր»-ի «Նամուս, թե թասիբ»-ի և «Խայտառակ 18+»-ի նման խմբերի տարածած բովանդակությունից ու գրառումներից կարելի է եզրակացնել, որ նրանք համարում են, որ եթե կինը հայտնվում է իրենց խմբում, ուրեմն բարոյազուրկ է, չունի արժանապատվություն։ 

Նրանք շարունակաբար ապամարդկայնացնում են կնոջ մասին իրենց նեղ, ծայրահեղ պահպանողական պատկերացումներին չհամապատասխանող կանանց, դիտարկում և վերաբերվում են նրանց բացառապես որպես սեռական «առարկաների»։

Որոշ դեպքերում այս խմբերում հրապարակված տեսանյութերն ու նկարները խմբերին տրամադրում են կանանց նախկին զուգընկերները՝ բաժանվելուց հետո նրանց «խայտառակ» անելու համար։

Նման խմբերը կարճ ժամանակահատվածում հավաքում են մեծ թվով հետևորդներ, օրինակ՝ «Արդար դատավոր» ալիքը տելեգրամում ունի գրեթե տասը հազար հետևորդ։ Շանտաժի նման ձևը շատերի համար զվարճանք է։

Ի՞նչ են անում իրավապահ մարմինները

Խաբեությունը, շանտաժը, գումար կորզելն ու բռնության կոչերը քրեորեն պատժելի արարքներ են Հայաստանում, հետևաբար նման խմբերի գործունեությունն ապօրինի է։

Բոլոր նմանատիպ խմբերը և էջերը գործում են անանուն, դրանց հետևում կանգնած մարդկանց օրենքով պատժելու պատասխանատվությունն ուժային կառույցների պարտավորությունն է։

Գայանեն «Հետքին» պատմեց, որ երբ զանգահարել է ոստիկանություն և փորձել ճշտել՝ արդյոք հնարավոր է պարզել իրեն շանտաժի ենթարկելու փորձ արած Telegram օգտատիրոջ ինքնությունը, ոստիկանության աշխատակիցները չեն անտեսել, զանգել են մի քանի անգամ, փորձել են օգնել։

«Հետքը» Ներքին գործերի նախարարությանը հարցրել է՝ արդյոք իրավապահ մարմինները ուսումնասիրել են նման խմբերի գործունեությունը, եւ ի՞նչ գործողություններ են իրականացվել։

Նախարարությունից մեզ պատասխանել են, որ նշված էջերով «կատարված քրեորեն պատժելի արարքներով ոստիկանությունում կան արձանագրված դեպքեր և դրանցով նախաձեռնված  քրեական վարույթներ», սակայն մանրամասներ չեն հայտնել։ Այդուհանդերձ, ըստ նախարարության, նշված էջի օգտատիրոջ ինքնությունը պարզվել է, և նա գտնվում է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։ Նախարարության ամբողջական պատասխանը՝ այստեղ։

Ըստ էության, հարուցված քրեական վարույթներն ու իրավապահ մարմինների ուշադրությունը չի կաշկանդում տվյալ էջերի տիրոջը՝ նա շարունակում է նույն ոճի հրապարակումները և՛ TikTok-ում և՛ Telegram-ի ալիքներում։

«Բոլոր ոստիկանները պնդում էին, որ չի վերահսկվում, բայց հորդորում էին ամեն դեպքում հանցագործության մասին հայտարարություն տալ։ Ստացվում է, որ ոստիկանը գալիս է դեպքի հետևից, բայց բոլորը ասում էին, որ 50/50 էլ չի հավանականությունը, որովհետև վերահսկում չկա։ Եթե Հայաստանից է լինում, բանտերից է լինում, ու հազարից մեկն է պարզվում, իսկ եթե Հայաստանից չի, առհասարակ չի պարզվում։ Կոպիտ ասած՝ շատ քաշքշուկների մեջ պիտի ընկնես, որ գոնե մի քիչ հավանականություն լինի բացահայտելու»,- ասում է Գայանեն։

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter