HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». վերադասավորում վճռական «մարտից» առաջ

Վրաստանի կառավարության կազմում նոր և անսպասելի փոփոխությունները գալիս են հաստատելու, որ իշխանության և հիմնական ընդդիմադիր ուժի` «Վրացական երազ» կուսակցությունների կոալիցիայի միջև պայքարը մտնում է վճռական փուլ: Հունիսի 30-ին հայտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնում Նիկոլոզ Գիլաուրիին փոխարինելու է ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին` Սահակաշվիլու ռեժիմի ամենաառանցքային դեմքերից մեկը, որը 2004 թ. դեկտեմբերից զբաղեցնելով այդ պաշտոնը` հասել էր աննախադեպ ազդեցության ամբողջ պետական համակարգում և, համապատասխանաբար, երկրում:

Այդ համատեքստում պետք է նկատի ունենալ, որ Վրաստանի ՆԳՆ-ն սուպերնախարարություն է, որը խորհրդային ծԽԹԺ-ի օրինակով ներառում է և ազգային անվտանգության մարմինները, և ոստիկանությունը: Համանման նախադեպ գոյություն է ունեցել նաև Հայաստանում 1996-99 թթ.: Միաժամանակ ոստիկանության ռեֆորմը Վրաստանում ամենահաջողված և հետխորհրդային ողջ տարածքում օրինակելի համարվող բարեփոխումներից մեկն է, որի իրագործումը իրավացիորեն վերագրվում է հատկապես Մերաբիշվիլուն:

Մինչդեռ խիստ կասկածելի է, որ նախկին ՆԳ նախարարը նույնպիսի դրական արդյունքների կհասնի վարչապետի պաշտոնում: Մերաբիշվիլին մասնագիտությամբ տնտեսագետ չէ, ավելին, նրա նշանակումը կառավարության ղեկավարի պաշտոնում վրացական փորձագետների մեծ մասը դիտարկում է ոչ թե որպես պաշտոնի բարձրացում, այլ Մերաբիշվիլու ազդեցության չեզոքացում կարևոր ուժային նախարարությունից` հենց խորհրդարանական ընտրություններից առաջ:

Որպես այդ վարկածի հիմնավորում մատնանշվում է այն փաստը, որ կառավարության կազմում փոփոխությունները փաստորեն առնչվել են միայն ուժային բլոկին: Վարչապետի պաշտոնը ստանձնած Մերաբիշվիլու փոխարեն ՆԳՆ ղեկավար է նշանակվել նախկին պաշտպանության նախարար Բաչան Ախալայան, որը կոշտ գործողությունների կողմնակցի հաստատված համարում ունի: Հենց Ախալայային էր պատկանում պաշտպանության նախարարությանը կից «ռեզերևիստների» հատուկ խմբավորումներ ստեղծելու նախաձեռնությունը:

Ընդդիմությունը բազմիցս նշել է, որ այդ խմբավորումներն ընդգրկում են մինչև 40000 մարդ ողջ Վրաստանի տարածքում, և դրանց ստեղծման նպատակը առաջիկա ընտրությունների վրա անհրաժեշտ ազդեցության ապահովումն է: Ըստ վրացական մամուլի` Ախալայայի փոխարեն պաշտպանության նախարար նշանակված նախկին կրթության նախարար Դմիտրի Շաշկինը այնքան հեռու է ուժային նախարարության կառավարումից, որ ակնհայտ է` նրա գործառույթներն իրականում կատարելու է տեղակալներից որևէ մեկը, չի բացառվում` հենց նույն Ախալայայի հարազատ եղբայրը:

Հոկտեմբերին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններից առաջ այսպիսի փոփոխությունը ցույց է տալիս, որ Բիձինա Իվանիշվիլին իր «Վրացական երազով» իշխանության համար վերածվել է իսկական գլխացավանքի: Սահակաշվիլին գործնականում ամեն հնարավոր բան արեց ընդդիմության առաջնորդ դարձած միլիարդատիրոջը ասպարեզից չեզոքացնելու համար` սկսած քաղաքացիությունից զրկելուց, վերջացրած նրա տնտեսական ակտիվների նկատմամբ ճնշումները, տասնյակ միլիոնավոր դոլարների տույժ-տուգանքները:

Այդ ամենը, սակայն, որևէ գործնական արդյունքի չի բերել, Իվանիշվիլու և նրա ընդդիմադիր միավորման ուժն ու հեղինակությունը, բոլոր օբյեկտիվ սոցհարցումներով, շարունակում են աճել: Ավելին, ընդդիմադիր դարձած օլիգարխը քայլեր էր ձեռնարկում իշխանության մոնոլիտությունը խախտելու համար և ամիսներ առաջ բաց նամակով դիմեց Մերաբիշվիլուն: Բարձր գնահատելով նրան իբրև մարդու և պետական գործչի` Իվանիշվիլին նախկին ՆԳ նախարարին կոչ արեց հեռանալ Սահակաշվիլուց և միանալ ընդդիմությանը կամ էլ առնվազն չեզոքություն պահպանել:

Ըստ վրացական մամուլի` Իվանիշվիլու այդ և մի քանի այլ կոչերը իրականում ճեղքվածք առաջացրին իշխանության մեջ` անվստահություն սերմանելով Սահակաշվիլու մեջ Մերաբիշվիլու հանդեպ: Հարկ է նշել, որ Իվանիշվիլին մինչև ընդդիմադիր առաջնորդի դեր ստանձնելը շատ ջերմ հարաբերություններ ուներ վրացական իշխանության առաջին դեմքերի, այդ թվում` Մերաբիշվիլու հետ: Ավելին, վերածվել էր յուրօրինակ «պապայի», քանզի իր միջոցներից ֆինանսավորում էր իշխանության հոգսը էապես թեթևացնող և այդ նույն իշխանության հեղինակությունը բարձրացնող տարաբնույթ առողջապահական, կրթական, սոցիալական, մշակութային և տնտեսական ծրագրեր:

Ըստ այդմ, ամենևին չի բացառվում, որ Սահակաշվիլուն մտահոգել է Մերաբիշվիլիի հնարավոր վարքագիծը ՆԳ նախարարի պաշտոնում ընտրությունների ժամանակ` հաշվի առնելով վերջինիս հեղինակությունն ու ավելի քան ինքնաբավ անձնավորություն լինելը: Ուստի Սահակաշվիլին հեռացրեց նրան կարևոր ուժային նախարարությունից` պաշտոնի բարձրացման ճանապարհով:

Թեպետ առանձին փորձագետներ պնդում են, թե Մերաբիշվիլին` իբրև որոշակի դրական հանրային հեղինակություն ունեցող գործիչ, Սահակաշվիլու վերջին ռեզերվն է ընտրությունները քիչ թե շատ ազնիվ ճանապարհով շահելու համար: Որովհետև ցանկացած այլ վարչապետի թեկնածու հանրության լայն շրջանակներում չէր ընկալվի որպես իրական փոփոխություններ կատարելու ընդունակ մարդ: Մերաբիշվիլին միակն է, որ ՆԳՆ-ում իր ութ տարվա գործունեությամբ կարողացել է ապահովել հանրության համար տեսանելի դրական արդյունք:

Թեպետ Ախալայայի նշանակումը ՆԳ նախարարի պաշտոնում վկայում է, որ իշխանությունը պատրաստվում է նաև կոշտ-ուժային նախընտրական սցենարի, ինչը գուցեև չէր անի Մերաբիշվիլին` հաշվի առնելով, որ այս ընտրություններից հետո փաստացի իշխանությունը կենտրոնանալու է խորհրդարանում, իսկ Սահակաշվիլին էլ սպառել է իր նախագահության բոլոր հնարավոր ժամկետները: Նման իրավիճակում մեկ վճռական «թեքումը» Իվանիշվիլու կողմը կարող էր լուծել իշխանության հարցը հօգուտ վերջինիս:

Մինչդեռ Իվանիշվիլին կարծես ամենևին մտահոգված չէ Մերաբիշվիլու նշանակմամբ: Վրացական սպորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, թե «Վրացական երազ» դաշինքի վարկանիշը 60%-ից բարձր է, և իրենք հաղթանակի հնարավորություն ունեն անգամ Մենգրելիայում, որը համարվում է իշխանության ամենահուսալի հենարանը:

Ըստ Իվանիշվիլու` «Ամենից ավելի դժվար է Ախալքալաքում, Ծալկայում և այլ հայաբնակ շրջաններում, որովհետև հայ բնակչությունը խիստ վախեցած է: Բայց ես վստահ եմ, որ այնտեղ էլ մենք կհասնենք տրամադրությունների բեկման: Իսկ ադրբեջանաբնակ գյուղերում արդեն այլ իրավիճակ է, ժողովուրդն արթնացել է և իշխանությունների նկատմամբ նույնքան ագրեսիվ է տրամադրված, որքան վրացաբնակ բոլոր տարածաշրջանները»:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter