Երկու կանանց առևանգման, նրանց նկատմամբ ավազակություն կատարելու մեղադրանքով երկու մարդ է ձերբակալվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը:
«Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:
Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:
Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:
Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-252-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 25-ամյա երիտասարդին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»-նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Մեկնաբանել