HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սալմոնելոզով վարակման դեպքեր Juli’s սրճարանում

Հիմնականը՝ հակիրճ

  • Տասնյակ քաղաքացիներ ահազանգում են, որ սննդային ծանր թունավորում են ստացել Juli’s սրճարանում սնվելուց հետո
  • Բոլորը Juli’s սրճարանում կերել են սաղմոնով բենեդիկտ, ինչից հետո նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
  • Թունավորվածներից որոշները սուր թունավորման պատճառով տեղափոխվել են հիվանդանոց և ստացիոնար բուժում են ստացել
  • Թունավորված բոլոր քաղաքացիների մոտ գանգատները նույնն են եղել՝ բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխումներ, սուր փորացավ, լուծ
  • «Հետք»-ը կարողացել է հաստատել, որ կա առնվազն 20 թունավորված մարդ 
  • Անալիզներ հանձնած որոշ քաղաքացիների մոտ ախտորոշվել է սալմոնելոզ

Աուրիկա Օսելսկին «Հետք»-ին պատմեց, որ փետրվարի 6-ի առավոտյան իր եղբոր հետ այցելել է Juli’s սրճարան և պատվիրել է սաղմոնով բենեդիկտ։ Կեսը նա է կերել, կեսը՝ եղբայրը։ Երկուսի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է մի քանի ժամ անց։ Առաջին օրը բուժումը ստացել են տնային պայմաններում, բայց փետրվարի 7-ին երկուսն էլ ավելի են վատացել, երեկոյան շտապօգնություն են կանչել, և նրանց տեղափոխել են Մալաթիա-Սեբաստիայի ինֆեկցիոն կենտրոն։

«Մեզանից առաջ հիվանդանոցում կար ևս երկու հոգի, որ նույն սրճարանում պատվիրել էին նույն բանը, մեզանից հետո էլ երկու կին բերեցին, նույն իրավիճակում։ Գիտեք՝ հիվանդանոցում բժիշկը երբ իմանում էր, որ Juli’s սրճարանում սնվելուց հետո են թունավորվել, կատակով ասում էր՝ թողեք գուշակեմ, սաղմոնով բենեդիկտ եք կերել»,- պատմում է Աուրիկան։

Բժիշկները միանգամից անալիզներ են վերցրել, և մինչ պատասխանը գար, Աուրիկան և իր եղբայրը մեկուկես օր մնացել են հիվանդանոցում, որից հետո որոշել են կաթիլային բուժումը ստանալ տանը։ Արդեն երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, անալիզների պատասխանը եկել է և նրանց մոտ հաստատվել է սալմոնելոզ։

Աուրիկան պատմում է, որ հիվանդանոցում պայմանները շատ վատ են եղել։ «Պատկերացրու՝ դու անտանելի ցավերի մեջ ես, փսխում ես, կաթիլայինը միացրած ամեն հինգ րոպեն վազում ես զուգարան, իսկ զուգարանում նույնիսկ չկա զուգարանակոնքի նստատեղ, չկա տաք ջուր, նույնիսկ թուղթը մենք ենք բերել, ես չէի կարող այդտեղ մնալ։ Բժիշկները շատ հոգատար էին և պրոֆեսիոնալ, նրանց վերաբերյալ որևէ հարց չկա, բայց պայմաններն անընդունելի էին»,- ասում է Աուրիկան։

Զրուցել ենք նաև Աուրիկայի ընկերուհու՝ Կրիստինա Ասրյանի հետ։ Կրիստինան պատմեց, որ ամսի 7-ին զանգահարել է Juli’s սրճարան և տեղեկացրել է նրանց, որ Աուրիկան և եղբայրը հայտնվել են հիվանդանոցում։ 

«Երբ զանգեցի ու տեղեկացրի, ինձ հարցրին՝ կներեք, երեկ էլ էիք դուք զանգում թունավորման համար։ Ասացի՝ ոչ, բայց փաստորեն էլի է մարդ թունավորվել, առաջին դեպքը չէ։ Խառնվեց, ասաց՝ տնօրենը ձեզ կզանգի»,- պատմում է Կրիստինան։

Կրիստինային զանգել է տնօրենը և խոսք է տվել զանգել Աուրիկային։ «Բայց էդպես էլ չզանգեց, ես նորից զանգեցի Juli’s, ասացի՝ դուք ինձ խոստացել էիք, որ կզանգեք, ասաց՝ գիտեք ինչի չենք զանգել, որովհետև մեզ թվաց ձվերից է, մենք ձվերը ուղարկել ենք լաբորատորիա ստուգման»,- ասում է Կրիստինան։ Դրանից հետո միայն տնօրենը զանգել էր Աուրիկային և ներողություն խնդրել։

Աուրիկայի խոսքով՝ ինքը մեծ ծախսերի տակ է ընկել, քանի որ ՀՀ քաղաքացի չէ, բուժումը ավելի թանկ է եղել, վարակման պատճառով ԱՄՆ տոմսը ստիպված փոխել է, տան վարձակալության ժամկետն է երկարացրել։ «Ինձ տնօրենն ասաց, որ չեն կարող փոխհատուցել, ես էլ հույս չունեմ, որ կրած կորուստներիս գոնե մի մասը կփոխհատուցվի»,- ասում է Աուրիկան։

Կրիստինայի խոսքով՝ իր ծանոթի զարմիկները՝ 4 հոգի, նույնպես թունավորվել են Juli’s-ում նույն ուտեստը ուտելուց հետո, բայց բուժում ստացել են տնային պայմաններում։

Դիանա Մանգոյանն ու Ռուբեն Պատվականյանը «Հետք»-ին պատմեցին, որ Juli’s սրճարանում նույն ուտեստը պատվիրել են փետրվարի 6-ի երեկոյան, մի քանի ժամից երկուսն էլ վատացել են։ Դիանան ամբողջ գիշեր կայուն բարձր ջերմություն է ունեցել, փսխել է, աղիքային սուր ցավեր է ունեցել։ Հաջորդ օրը ծնողները բժշկի տնային կանչ են արել, Դիանային բուժում են նշանակել, մինչ օրս դեռ լիովին չի ապաքինվել։ Ռուբենը ավելի արագ է վերականգնվել, քանի որ քիչ է կերած եղել, բայց նա նույնպես մոտ հինգ օր սուր ցավեր է ունեցել։ 

Անուշ Բիչախչյանը նույնպես Juli’s-ից սաղմոնով բենեդիկտ է կերել և թունավորվել։ Փետրվարի 7-ին երեք հոգով եղել են սրճարանում, Անուշի ընկերուհին՝ Էմմա Մակարյանը և նրա ամուսինն ու սկեսուրը նույն ուտեստն են կերել, նույնպես վատացել են։ Սկզբից Անուշին Շտապօգնությունով տարել են Հանրապետական հիվանդանոց, հետո՝ Մալաթիա-Սեբաստիայի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նա ստացիոնար բուժում է ստացել։ Անուշը նույնպես բողոքում է հիվանդանոցի պայմաններից։ Երկուշաբթի օրը՝ փետրվարի 12-ին, նրա մոտ նույնպես հաստատվել է սալմոնելոզ։

«Միայն իմ ծանոթները և ես մոտ յոթ հոգի ենք, բոլորս նույն ձև թունավորվել ենք»,- պատմում է Անուշը։ Անուշի ընկերուհու՝ Էմմայի ամուսինը թունավորման դեպքի հաջորդ օրը՝ փետրվարի 8-ին, տեղեկացրել է Juli’s-ին։

Տաթև Բադալյանը պատմեց, որ փետրվարի 8-ին առաքումով պատվիրել է մեկ հատ սաղմոնով բենեդիկտ և մեկ հատ պրոշուտոյով բենեդիկտ։ «Ես կերա սաղմոնով բենեդիկտը, ընկերուհիս՝ պրոշյուտոյով։ Նույն օրը ես շատ վատացա, բարձր ջերմություն եմ ունեցել, անտանելի ցավեր, բախտս բերել է, որ տանը բժիշկ կա, միանգամից կաթիլային բուժում եմ ստացել»,- պատմում է Տաթևը։ Նրա խոսքով, ընկերուհուն ոչինչ չի եղել։ Տաթևը չի մտածել, որ հնարավոր է սալմոնելոզ լինի և անալիզ չի հանձնել, բայց երբ իմացել է հաստատված դեպքերի մասին, որոշել է անալիզ հանձնել։

Մարիամ Գանջումյանը հունվարի 25-ի երեկոյան սրճարանում իր մանկահասակ երեխային մի փոքր կտոր իր պատվիրած բենեդիկտից է տվել։ Հաջորդ օրը երեխան վատացել է, նրա մոտ նույնպես հաստատվել է սալմոնելոզ։ «Ես կասկածում էի, որ կարող է այդ սրճարանից լինել, բայց համոզված չէի։ Հետո, որ տեսա էս բոլոր պատմությունները, կասկածներս հաստատվեցին»,- «Հետք»-ին պատմեց Մարիամը։

Մեր տվյալներով՝ առնվազն 20 քաղաքացի է թունավորվել, նրանցից ոչ բոլորն են ստացիոնար բուժում ստացել։

Ի՞նչ է ասում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը

Թունավորման դեպքերի մասին «Հետքը» զրուցել է Սննդամթերքի անտվանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ (ՍԱՏՄ) Անուշ Հարությունյանի հետ։

«Թունավորումների մասին ահազանգը ՍԱՏՄ-ն ստացել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ուրբաթ օրը՝ փետրվարի 9-ին։ Արձագանքել ենք, նույն օրը գնացել ենք սրճարան, վերցրել ենք սննդի նմուշներ, որոնք տվել ենք լաբորատոր փորձաքննության։ Կարող է լինել նաև խաչաձև աղտոտում, ինչը նշանակում է, որ հիվանդ քաղաքացին, որը պատրաստում է սննդամթերքը, տարածել է ինֆեկցիան»,- ասում է Անուշ Հարությունյանը։

Լաբորատոր փորձաքննության ուղարկել են ձուն, ձուկը և սաղմոնով բենեդիկտի նմուշներ։ Փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն փետրվարի 14-ին։

Ի՞նչ է ասում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)

ՀՎԿԱԿ-ից «Հետք»-ին հայտնել են, որ ինֆեկցիոն հիվանդանոց դիմել է 6 հոգի, անալիզներից հետո բոլորի մոտ հաստատվել է սալմոնելոզ։ Քաղաքացիներից 4-ը դիմել են փետրվարի 8-ին, 2 հոգին՝ ամսի 9-ին։

Մեր տեղեկություններով՝ բացի Ինֆեկցիոն հիվանդանոցից, թունավորված մարդիկ բուժում են ստացել նաև այլ հիվանդանոցներում։ Ըստ էության՝ թունավորվածների մի մասը բուժումը ստացել է տնային պայմաններում։

Ի՞նչ է ասում Juli's-ը

«Հետք»-ը զրուցել է Juli’s սրճարանի սեփականատեր Անժելիկա Իշխանյանի հետ։

Անժելիկան նշեց, որ քաղաքացիներից թունավորման մասին ահազանգեր ստանալուց հետո՝ ամսի 8-ից սկսած, դադարեցրել են սաղմոնով բենեդիկտի մատուցումը։ Նշենք, որ թունավորված քաղաքացիներից մեկը՝ Տաթև Բադալյանը, սաղմոնով բենեդիկտ առաքումով պատվիրել է ամսի 8-ի առավոտյան։ Առաքման անդորրագիրը՝ ստորև։

Հավելենք՝ Իդա Հակոբյանը, որի հարսը նույնպես թունավորվել է, գրել է, որ թունավորումը տեղի է ունեցել ամսի 8-ին։

Անժելիկան Իշխանյանն ասաց, որ ահազանգերից հետո իրենք էլ են տեղեկացրել ՍԱՏՄ-ին։ Նա հաստատեց, որ ՍԱՏՄ-ից եկել են, վիրուսի առկայությունը ստուգելու համար համապատասխան ստուգումներ են արել և սննդի նմուշներ են վերցրել։

Սրճարանը զգուշացրել է իրենց ձու և սաղմոն մատակարարող ընկերություններին թունավորման դեպքերի մասին։ Ըստ Անժելիկայի՝ մատակարարների՝ սննդի որակի մասին ներկայացրած փաստաթղթերի հետ որևէ խնդիր չի եղել, և նրանք ընդունել են մթերքը։

Խաչաձև աղտոտման վարկածը հաստատելու կամ հերքելու համար սրճարանի աշխատակիցը անալիզ է հանձնել։ Անժելիկան ասաց, որ առաջին թեստի պատասխանը բացասական է եկել, բայց ՍԱՏՄ-ից հորդորել են երկրորդ անգամ թեստավորվել, ինչը արել են։ Անալիզի պատասխանը կլինի մոտ օրերս։ Մինչ պատասխանի ստանալը, աշխատակցին խնդրել են մնալ տանը։

Անժելիկան ասում է, որ երբեք նման դեպք իրենց մոտ չի եղել։ «Մենք տեսչական մարմնին հարցրինք՝ արդյոք սրճարանի աշխատանքը դադարեցնելու կարիք կա, մեզ տեղեկացրին, որ եթե հետազոտությունների արդյունքում գտնեն վարակ և լինի խնդիր, որ այն կարող է էլ ավելի տարածվել, սրճարանի աշխատանքը պետք է դադարեցվի»,- ասում է Անժելիկան։

Հիշեցնենք՝ ըստ ՍԱՏՄ-ի՝ լաբորատոր փորձաքննության արդյունքները պատրաստ կլինեն փետրվարի 14-ին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter