HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը ԱՄՆ Գերագույն դատարանին խնդրել է հետաձգել 2020 թվականի ընտրությունների արդյունքների չեղարկման փորձի գործի քննությունը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Գերագույն դատարանին խնդրել է կասեցնել Կոլումբիայի շրջանի դատարանի որոշումը, ըստ որի՝ ԱՄՆ 45-րդ նախագահը նախագահական անձեռնմխելիություն չունի 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու փորձի գործում: Այդ մասին հայտնում է BBC News-ը։

Նախկին նախագահի փաստաբանների հայտարարության մեջ ասվում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ամիսներ տևելիք դատավարությունը «կխաթարի նախագահ Թրամփի՝ նախագահ Բայդենի դեմ քարոզարշավ վարելու հնարավորությանը»:

Եթե Գերագույն դատարանի դատավորների մեծամասնությունը համաձայնվի Թրամփի փաստարկների հետ, ապա նախկին նախագահի դատավարությունը կարող է որոշ ժամանակով հետաձգվել և կայանալ ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին: Այն դեպքում, եթե Թրամփի պահանջը մերժվի, ապա դատական գործընթացը կարող է սկսվել արդեն այս տարվա գարնանը։

BBC News-ը գրում է, որ անհայտ է, թե երբ Գերագույն դատարանը որոշում կկայացնի Թրամփի դիմումի վերաբերյալ։

Փետրվարի 6-ին Կոլումբիայի շրջանի վերաքննիչ դատարանը որոշեց, որ Դոնալդ Թրամփը չունի անձեռնմխելիություն՝ 2020 թվականի ընտրություններում պարտվելուց հետո իշխանությունը պահպանելու ենթադրյալ փորձի գործով:

ԱՄՆ արդարադատության նախարարության հատուկ դատախազ Ջեք Սմիթը Թրամփին մեղադրում է 2020 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններում ձայների հաշվարկին միջամտելու փորձի մեջ։ Ըստ դատախազի՝ Թրամփը նաև փորձել է խանգարել Կոնգրեսին հաստատել ընտրություններում Բայդենի հաղթանակը։

Թրամփը հրաժարվում է ընդունել մեղքը և դատախազներին մեղադրում իր նախընտրական քարոզարշավը տապալելու փորձի մեջ: ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտպանական թիմը պնդում է, որ Թրամփն ունի «անսահմանափակ անձեռնմխելիություն», քանի որ մեղադրանքները վերաբերում են այն գործողություններին, որոնք նա կատարել է նախագահի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում:

Լուսանկարը՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter