
Ֆրանսիան Լիբանանին Իսրայելի հետ հաշտեցման պլան է ներկայացրել
Ֆրանսիան Լիբանանին Իսրայելի հետ հաշտեցման պլան է առաջարկել։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։
Պլանը նպատակ ունի նպաստել Լիբանանում գործող «Հեզբոլահ» խմբավորման և Իսրայելի միջև հնարավոր ակտիվ մարտական գործողությունների կանխմանը։
Այն բաղկացած է երեք փուլից, որոնց կատարումը պետք է իրականացվի 10 օրվա ընթացքում: Դրանց արդյունքում նախատեսվում են բանակցություններ Իսրայելի և Լիբանանի միջև վիճելի ցամաքային սահմանի սահմանազատման վերաբերյալ:
Փաստաթղթի համաձայն՝ Հեզբոլահի մարտիկներն ապամոնտաժելու են սահմանային ռազմական բոլոր օբյեկտները և առնվազն 10 կիլոմետր հետ են քաշվելու Իսրայելի հետ սահմանից:
Պարբերականի աղբյուրներից մեկը հայտնել է, որ առաջարկն ուղարկվել է Իսրայելի ու Լիբանանի կառավարություններին, ինչպես նաև Հեզբոլահի իշխող անձնակազմին: Հրադադարի առաջարկվող ծրագիրը վերջնական չէ։
Լիբանանյան կողմը դեմ է դրա որոշ կետերի, այդ թվում՝ Իսրայելի սահմանի մոտ գտնվող ռազմական կառույցների ապամոնտաժմանը:
Իսրայելի կառավարությունը նույնպես ստացել է նախագիծը: Իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ այն քննարկվում է:
Լուսանկարում՝ Իսրայելա-լիբանանյան սահմանը Հեզբոլահի հարվածից հետո, AFP գործակալություն
Մեկնաբանել