
Վլադիմիր Զելենսկին կայցելի Արևմտյան Եվրոպայի երկրներ. նպատակը սպառազինության մատակարարումների արագացումն է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է այցելել Արևմտյան Եվրոպայի մի քանի երկրներ՝ Ուկրաինային ռազմական օգնության հատկացումն արագացնելու համար: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինիս տվյալներով՝ ուղևորության շրջանակներում Զելենսկին կայցելի Գերմանիա և Ֆրանսիա, սակայն այդ ծրագրերը դեռ պաշտոնապես չեն հաստատվել։ Սպասվում է, որ նա կմասնակցի Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովին, որը կմեկնարկի այս հինգշաբթի։
Գործակալության տվյալներով՝ Զելենսկին պետք է հիմնավորի ռազմական օգնության ավելի արագ փոխանցման անհրաժեշտությունը, քանի որ Ուկրաինայում զինամթերքի պաշարները կրճատվում են:
Գործակալության աղբյուրներից մեկը հայտարարել է, որ քննարկվում է նաև Մեծ Բրիտանիա նրա այցը։
Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարությունների ներկայացուցիչները ամերիկյան այս գործակալությանը հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ: Վլադիմիր Զելենսկիի գրասենյակն էլ, անվտանգության նկատառումներից ելնելով, չի մեկնաբանում նրա ուղևորությունների ժամանակացույցը։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել