Արհեստական բանականությունը հիմա նման է առաջին բջջային հեռախոսին, բայց մենք վերջին iPhone-ն ենք ուզում․ Սեմ Ալթման
Արհեստական բանականությունը կբացի մի ապագա, որը դժվար է պատկերացնել, թե որքան լավը կլինի։ Այս մասին Դուբայում Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի իր ելույթում ասել է ամերիկյան OpenAI ընկերության հիմնադիր ու գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության նախարար Օմար Սուլթան Ալ Օլամայի հարցին, թե ինչն է Ալթմանին գիշերներն արթուն պահում, OpenAI-ի ղեկավարը պատասխանել է՝ չի կարծում, որ «մարդասպան ռոբոտները» կքայլեն մեր փողոցներով, եթե ինչ-որ բան սխալ գնա, բայց մտավախություններ ունի:
«Ինձ ավելի շատ հետաքրքրում է սոցիալական անհավասարակշռությունը, երբ առանց որևէ չար մտադրության ամեն ինչ սարսափելի սխալ ընթանա»,- ասել է Ալթմանը:
Այն, ինչն իրեն արթնացնում է առավոտյան, տեխնոլոգիայի հսկայական ներուժն է՝ բարելավելու մարդկանց կյանքը: Նրա կարծիքով՝ աշխարհն արդեն սկսել է փոխվել, բայց գլխավորը դեռ առջևում է։
«Տեխնոլոգիան, որ մենք հիմա ունենք, նման է առաջին բջջային հեռախոսին, որը սև ու սպիտակ էկրան ուներ ու շատ բան չէր կարողանում անել։ Բայց կարող էիր զանգ անել, և այդ ժամանակ դա հրաշալի էր թվում։ Մեզնից մի քանի տասնամյակ պահանջվեց, որ հասնենք այսօրվա iPhone-ներին։ Արհեստական բանականության մեջ մենք հիմա ունենք այդ օգտակար բջջայինը, որով կարող ես զանգել, բայց մենք վերջին iPhone-ն ենք ուզում»,- նշել է OpenAI-ի գործադիր տնօրենը։
Ալթմանը կարծում է, որ ապրում ենք մարդկության պատմության լավագույն ժամանակաշրջաններից մեկում, որտեղ անսահմանափակ հնարավորություններ կան։
«Դուք կարող եք արհեստական բանականության գործիքներով անել բաներ, որ նախորդ սերունդներն անգամ պատկերացնել չէին կարող, ձեր կարիերան հեղեղված է լինելու մեծ հնարավորություններով»,- ասել է OpenAI-ի ղեկավարը։
Ալթմանն ընդգծել է՝ աշխարհին անհրաժեշտ է միջազգային այնպիսի կազմակերպություն, որը կզբաղվի արհեստական բանականության (AI) կարգավորման և անվտանգության հարցերով: Նրա կարծիքով՝ այն կարող է ստեղծվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) մոդելով։
OpenAI-ի ղեկավարը կոչ է արել աշխարհի կառավարություններին քննարկումներից անցնել գործողությունների՝ խուսափելու սոցիալական անհավասարակշռությունից։ Նրա կարծիքով՝ դրան հասնելու համար պետք է մոդելը փորձարկել մեկ երկրում, օրինակ՝ ԱՄԷ-ում, հետո անցնել աշխարհի մյուս երկրներին։
Համաշխարհային կառավարական գագաթնաժողովը Դուբայում անցկացվում է փետրվարի 12-14-ը: Օրակարգում արհեստական բանականության վերաբերյալ ելույթներն ու քննարկումներն առանցքային են։
Լուսանկարը՝ Kamran Jebreili, AP
Մեկնաբանել