HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ում քննարկում է տեղի ունեցել «Հանքարդյունաբերական ոլորտը և նորակառույց ճանապարհները» թեմայով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին կազմակերպվել է «Հանքարդյունաբերական ոլորտը եւ նորակառույց ճանապարհները» թեմայով աշխատանքային քննարկում: «Մեր առջեւ խնդիր ենք դրել ուսումնասիրել ոլորտի խնդիրները եւ քննարկմանը հրավիրել ենք իրավասու գերատեսչությունների, ինչպես նաեւ համայնքների ներկայացուցիչների: Արդյունքում, եթե հասկանանք, որ այստեղ կա օրենսդրական կարգավորումների կարիք, ապա Ազգային ժողովը պատրաստ է դրան»,- ասել է նա: 

Ազգային ժողովի մամուլի ծառայության հաղորդմամբ` քննարկմանը  մասնակցել են ԱԺ պատգամավորներ, ՀՀ նախարարությունների, պատասխանատու կառույցների, հանքարդյունաբերության ոլորտի, համայնքների ներկայացուցիչներ: 

«Ռուստամ Բաքոյանը նշել է, որ հանրապետության տարբեր համայնքներ կատարված այցերի ընթացքում բնակիչներն ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները  հատկապես մտահոգիչ են համարել վնասվող ճանապարհներն ու դրանց հետեւանքները, հանքարդյունաբերության ոլորտում առկա բացթողումները: Մասնավորապես,  Արմավիրի եւ Արարատի մարզերի բնակիչներն ու  ՏԻՄ ներկայացուցիչները  մտահոգիչ են համարել ապօրինի հանքարդյունաբերությունը եւ գերծանրաբեռնված մեքենաների տեղաշարժը միջհամայնքային ճանապարհներով: 

Քննարկման ընթացքում ելույթ ունեցողները ներկայացրել են հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրները, օրենսդրական բացերը,  ճանապարհների վնասման պատճառներն ու դրանք վերացնելու համար հնչեցրել մի շարք առաջարկներ: Ներկայացվել են վիճակագրական տվյալներ ապօրինի հանքարդյունաբերության, հարուցված քրեական վարույթների, սահմանված տուգանքների վերաբերյալ: 

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի ներկայացրած որոշ տվյալների համաձայն բեռնատարների  մոտ 90 տոկոսը ներքին փոխադրումներն իրականացնում է գերբեռնված: Նրա խոսքով արտաքին փոխադրումները մաքսային կետերում  հիմնականում  վերահսկվում են, ինչի արդյունքում գերբեռնված մեքենաներ հանրապետություն մուտք չեն գործում: Նշվել է, որ 2018 թվականից հետո ճանապարհաշինության ոլորտում հսկայածավալ ներդրումներ են իրականացվել, հիմնանորոգվել կամ նորոգվել է մոտ 2400 կմ ճանապարհ պետական բյուջեի միջոցներով, որում ներառված չեն սուբվենցիոն ծրագրերը: Դրանց մեծամասնությունն առնչվում է հենց հանքեր տանող ճանապարհին: Գոռ Ավետիսյանը նշել է` անմխիթար վիճակում գտնվող բազմաթիվ ճանապարհներ կան, որոնց մի մասն Արարատի եւ Արմավիրի մարզերում է: Ըստ նրա` խնդրի միակ լուծումն այն է, որ վերահսկողությունը պետք է իրականացվի արդյունահանողների կողմից, քանի որ գրեթե բոլոր արդյունահանողներն իրենց տարածքում ունեն կշեռքներ:  «Եթե կատարվեն օրենսդրական փոփոխություններ, ապա մի քանի զգուշացումից հետո կարելի է արդյունահանողին զրկել լիցենզիայից, եթե  գերբեռնված բեռը հենց հանքից է դուրս գալիս»,- առաջարկել է նա` նշելով, որ այս մոտեցումը կիրառելի կարող է լինել Արարատի եւ Արմավիրի մարզերում: 

Քննարկմանը ներկա հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներն ընդունելի են համարել առաջարկվող մոտեցումները` պայմանով, որ դրանք պետք է տարածվեն ոլորտի բոլոր` հին եւ նոր  կազմակերպությունների վրա: 

Քննարկման այլ մասնակիցներ էլ նշել են, որ ճանապարհները վնասում են նաեւ գյուղատնտեսական մթերքներ, ինչպես նաեւ շինարարական աղբ տեղափոխող մեքենաները, որոնք նույնպես հանրապետությունում շրջում են գերծանրաբեռնված վիճակում: 

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը մի քանի տվյալ է ներկայացրել ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ: Ըստ այդմ` 2023 թվականին հանրապետության տարբեր մարզերում հայտնաբերվել է 75 նման դեպք, որոնցից 73-ի առնչությամբ  տարբեր հոդվածներով հարուցվել են քրեական վարույթներ: 

Ճանապարհների գերբեռնվածության  հարցը կարգավորելու նպատակով Կարեն Հակոբյանը, մասնավորապես,  առաջարկել է պատասխանատվությունը թողնել հանքարդյունաբերողների վրա, քանի որ մեքենաները բեռնողները նրանք են: Քննարկման այլ մասնակիցներ էլ առաջարկել են վերացնել պատճառները, այլ ոչ թե հետեւանքները: 

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն էլ տեղեկացրել է, որ կառույցը  2023 թվականի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման 113 դեպք, որից 18-ը վերաբերում է գոյություն ունեցող թույլտվություններով տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների ժամանակ հայտնաբերված  դեպքերին, իսկ մնացած 95-ն ընդհանրապես ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր են: 

Քննարկմանը մասնակցում էր նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը նշել է, որ քննարկվող կարեւոր խնդիրները շուրջ երկու տարի է` հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, այդ կապակցությամբ իրականացվել են որոշ օրենսդրական աշխատանքներ: Առկա է օրենսդրական փաթեթ, որը դեռեւս մշակման փուլում է: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկել արված առաջարկները: 

Ամփոփելով քննարկումը` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի մոտ ապագայում լուծում տալ խնդիրներին: Անհրաժեշտության դեպքում նոր քննարկում կհրավիրվի»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter