HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրափոսի մեջ լուսին որոնողը

Ռուբեն Հախվերդյանը հայ հեղինակային երգի ամենակարևոր ներկայացուցիչն է: Վստահ եմ, որ անկախ հայ երգարվեստում այս ժանրի հետագա ընթացքից, Հախվերդյանի այս գնահատականն անփոփոխ է լինելու:

Արվեստագետներ կան, որոնք պարզապես հրաշալի ստեղծագործում կամ կատարում են: Կան արվեստագետներ, որոնք իրենց գեղարվեստից բացի նաև նոր տեսություն են բերում: Ռուբեն Հախվերդյանը դրանցից է: Նրա երգը մեծ ազդեցություն ունի ունկնդրի ոչ միայն զգայական աշխարհի, այլև մտորումների, աշխարհին նայելու տեսանկյունի ու կերպի վրա:

Հախվերդյանն ազատության երգիչ է` այս բառի ոչ հեղափոխական իմաստով: Նրա երգը բողոք է ոչ թե հասարակարգի, ղեկավարության կամ իշխող կուսակցության դեմ, այլ այն կապանքի, այն շղթայի դեմ, որը մեր ներսում է` մեր ուղեղում: Ստրուկը կարող է ազատություն ստանալ, երկրում կարող է հասարակարգ փոխվել, մարդը կարող է դուրս գալ բանտից, բայց ի՞նչ պիտի անի կառչած մտքով, շղթայված ուղեղով մեկը, որն անազատ է իր ներսում: Նրան, թերևս, միայն երգը կարող է փրկել:

Սիրո մասին է երգում Ռուբենը, միայնակ գայլի, ոստիկանի, գիշերային թափառաշրջիկի, թե շան, նրա աշխարհը մեկն է, և այդ աշխարհում սրանցից ամեն մեկն իր տեղն ունի: Ոչինչ չի բացառում երգիչը, ոչինչ և ոչ մեկին, բացի այն բանից, ինչը կաշկանդում է: Աշխարհում միշտ էլ կա լավ ու վատ, սև ու սպիտակ: Պետք է ճանաչել վատը, բայց երբեք չօգտվել նրա ծառայությունից: Պետք է սիրել գիշերը, բայց երբեք չտրվել խավարին: Ինչ կա որ, երբեմն կարելի է նաև թափառել կեսգիշերին, միայն թե ջրափոսի մեջ պիտի ոչ թե «թքես, այլ այնտեղ լուսին որոնես»:

Ամենևին չթերագնահատելով ռուսական բարդերին՝ ուզում եմ նշել Ռուբենի մեծ առավելություններից մեկը. ազատ ոճի երգիչ լինելով հանդերձ՝ նա երբեք չի իջնում ռուսական “блатной” երգերի մակարդակին, քաղաքային բանահյուսությունը երբեք չի շփոթում վերջիններիս հետ: Եթե անգամ նա իր երգերի մեջ բառարաններում տեղ չգտած բառեր է գործածում` ընդգծելու համար քաղքենիության նկատմամբ իր անհանդուրժողական վերաբերմունքը, դարձյալ մնում է իր լեզվական բարձրության վրա և իր երգի խոսքը բերում է որպես խոնարհում մեր գրական լեզվին, իր մայրենիին մոտենում է, ինչպես ինքն է ասում, սպիտակ ձեռնոցներով: Այս ամենի մեջ ազնվականություն կա:

Ռուբենը հիմնականում քաղաքային բանահյուսությամբ, քաղքենիությունը ծաղրելով ու բացառելով անցավ արվեստում հայտնի և շատ արվեստագետներին հատուկ աբսուրդի շրջանը («Իմ անցյալը», «Թույլ տուր, սիրելիս», «Քո ճամփան», «Երջանկություն»), որին հետևեց երկրորդ` բողոքի, ընդվզման շրջանը` («Եզը», «Շները», «Գազանանոց»): Այժմ նա ապրում է ավելի հասուն շրջան, որը նախորդ երկուսի տրամաբանական շարունակությունն է: Դա արտաքսման շրջանն է («Ճակատագիր» «Ռեքվիեմ», «Կենսագրություն», «Երբ ես կմեռնեմ»):

Ռուբեն Հախվերդյանն իր արվեստով մեզ օգնում է անցնել քաղաքացի դառնալու մեր ճանապարհը: Ռուբենը մեզ օգնում է հասունանալ, օգնում է մշտապես մանուկ մնալ, օգնում է սիրել մեր քաղաքը, ձյունն ու արևը: Առհասարակ` օգնում է սիրել: Նա իր սեփական մահվան մասին խորհելիս հրավիրում է իր շիրմի վրա հարբելու ու համբուրվելու.

«Երբ ես կմեռնեմ, շիրիմիս վրա
Թող որ համբուրվեն աղջիկ ու տղա…»:

Սա ցնցող պատկեր է ու նաև ձեռնոց` բոլոր նրանց, ովքեր կյանքի հաշվին մահվան վախն են ապրում: Կյանքի ու մահվան մասին խորհող այս երգում Ռուբենն այնուհետև կտրուկ անցում է կատարում դեպի «խորհրդային բիրտ բարքերը»: Ի դեպ, մամուլում տված իր հարցազրույցներից մեկում Ռուբենը հիշում է մեզ` «խորհրդային բիրտ բարքերի» դեմ ոտքի կանգնած Ազգային Միացյալ Կուսակցության անդամներին. «Նրանց պայքարը գուցե մեծ գետի մեջ մի մակույկ էր, բայց նրանք էին, որ պահեցին մեր ազգի արժանապատվությունը: Եթե ես այսօր կարող եմ ազգիս մասին հպարտությամբ խոսել` նրանց շնորհիվ միայն»: Մեր պայքարին նման գնահատական դրանից առաջ ու հետո, ցավոք, չի տրվել: Ու շարունակում է Ռուբենն իր երգը.

«Բայց մենք ընտրեցինք կյանքն անապահով
Ու տղերքի հետ դուրս ելանք բաց ծով,
Որ հավատարիմ մեր խենթ երազին`
Չդառնանք երկրի հնազանդ գերին»:

Չգիտեմ, թե Ռուբենի համար ովքեր են այդ «տղերքը», բայց այս տողերն ինձ շատ են հոգեհարազատ:

Ուզում եմ խոսել նաև Երևանի նկատմամբ Ռուբենի մեծ սիրո մասին: Այդ սերը պաթետիկ չէ, ոչ էլ հավակնոտ: Այն լուսավոր, համոզիչ ու վարակիչ սեր է: Երևանին են նվիրված Ռուբենի լավագույն երգերը: Ես կարծում եմ, որ Երևանի նկատմամբ սիրո խոստովանություն են նաև Ռուբենի այն երգերը, որոնք նվիրված են այս քաղաքի շրջմոլիկներին, լքված մայրերին, անվարկ տղամարդկանց, անվարք կանանց, այս քաղաքը լքողներին: Ռուբենն անգամ առանց երկմտելու նույնանում է նրանց հետ: Նա իր քաղաքի շրջմոլիկի մեջ իրեն է տեսնում («Ռեքվիեմ»): Նրա «ապխտած» դեմքը հայելի է բանաստեղծ-երգչի համար: Նա հատկապես այդ շրջմոլիկին է ուզում պատմել իր անտուն կյանքի պատմությունը և հուշն այն անցած օրերի.

«Երբ քաղաքը մեզ էր պատկանում,
Մեր քաղաքը մեզ էր պատկանում»:

Իսկ քաղաքն առաջին հերթին պետք է որ շրջմոլիկին պատկանի: Չէ՞ որ այն նաև նրա տունն է: Եվ անդուռ կյանքից ելք փնտրող երգիչը դիմում է թափառաշրջիկին.

«Դու գտել ես ելքը,
Ազատ է տիեզերքը բոլորի համար»:

Սա այն վիճակն է, երբ քեզնից այլևս ոչինչ խլել չեն կարող:

Այդպիսին է Ռուբեն Հախվերդյանը. պարզ, բայց ոչ երբեք պարզունակ, ազատ, բայց մինչև դիմացինի ազատության սահմանները, սիրառատ, խոհուն, երբեմն էլ` անխոհեմ, բայց միշտ անսահման անմիջական: Բացարձակ անկեղծություն, և ոչ մի կեցվածք: Հավանաբար այդ է պատճառը, որ նրա երգերը սիրում են բոլորը` «0-ից 100 տարեկանները»: Ես տեսել եմ, թե ինչ ոգևորությամբ են երեխաները երգում Ռուբենի երգերը: Նրանք երգում են անգամ այն երգերը, որոնք 100 տարեկանների համար են գրված, ու եթե անգամ չեն հասկանում, թե ինչի մասին է երգը, զգում են դրա անմիջականությունը: Այդ պատճառով էլ սիրում են: Իսկ անմիջականության կարիք մեծահասակներն էլ ունեն: Մեծահասակները նաև անմիջականության պակաս ունեն:

Միայն թե ո’չ Ռուբեն Հախվերդյանը:

Ռազմիկ Մարկոսյան
3.12.2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter