HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Նոյ ինվեստ գրուպը» ժամանակին չի ավարտում շինարարությունը․ գնորդը դատի է տվել և փոխհատուցում է պահանջում

Երկու երեխաների հայր Արամ Պողոսյանը վարձով բնակվելուն զուգահեռ 2021 թ․-ին ցանկացել է Երևանում բնակարան գնել։ Վաճառքի հայտարարություններից տեղեկացել է Լենինգրադյան փողոցում կառուցվող բնակելի համալիրի վաճառքի մասին։ Տեղեկանալով, որ այդ համալիրի մասնաշենքերից մեկը շահագործման պետք է հանձնվի 6 ամիս անց, որոշել է այդտեղ բնակարան գնել։ Կառուցապատող «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊ ընկերության հետ 2021 թ․-ի հոկտեմբերին կնքել է առքուվաճառքի պայմանագիր՝ հույս ունենալով, որ ամիսներ անց վարձակալած բնակարանից ընտանիքին կտեղափոխի արդեն իրենց սեփական բնակարան։

Սակայն մինչ օրս՝ 2024 թ․-ի փետրվար ամիսը, կառուցապատողը շահագործման չի հանձնել մասնաշենքը և հայտնի չէ, թե դեռևս որքան ժամանակ պետք է սպասեն շենքի ապագա բնակիչները։ Պայմանագրով «Նոյ ինվեստ գրուպ»-ը մասնաշենքը պետք է շահագործման հանձներ 2022 թ․-ի մայիսին, սակայն կարող էր այդ ժամկետը երկարաձգել 6+1 ամսով (շինթույլտվության հնարավոր երկարաձգման և պետական գրանցում կատարելու նպատակով)։

«Ես ծանոթացել եմ պայմանագրի կետերին։ Տեսել եմ շինարարության ժամկետի ավարտից հետո ևս 6 ամիս ուշացման իրենց իրավունքի մասին կետը։ Ասացի ոչինչ՝ եթե ժամկետից հետո 6 ամիս էլ ուշացնեն, կտեղավորվեմ։ Եթե իմանայի այսպես է լինելու, իրենց մոտից բնակարան ձեռք չէի բերի։ Իմ հիփոթեքի վճարը ամսական 350 հազար դրամ է, բայց եկամտահարկը տոկոսներն ամբողջությամբ չի ծածկում։ Տների վարձավճարները տեսնում եք՝ որքան բարձր են։ Ես ապրում եմ կնոջս և փոքր երեխաներիս հետ։ Տան վարձի բեռն էլ է ինձ վրա»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արամ Պողոսյանը։

Կառուցապատողի հետ գնորդը պարբերաբար փորձել է բանակցել, որ փոխհատուցեն իր կրած վնասները, սակայն դրական արդյունք չի ունեցել։ Ավելին, ստացել է պատասխան, որ որևէ մեկին ժամկետների խախտման համար փոխհատուցում չեն տվել, չեն պատրաստվում նաև իրեն փոխհատուցել։

«Մոտ 5-6 ամիս շենքի վրա աշխատանք չէր արվում։ Հարցրել եմ, ասել են՝ ուժերը կենտրոնացրել ենք մյուս մասնաշենքերի վրա։ Շենքն այս պահին կանգուն է, ավարտական փուլում է, բայց ավարտական ակտ չկա։ 2023 թ․-ի հունվարին ես իրենց հետ կապ եմ հաստատել՝ ասելով, որ պայմանագրի կետերը խախտել եք և պետք է փոխհատուցում տաք։ Իրենք վախենում են նախադեպից, եթե մեկին հատուցեն, բոլորին պետք է տան»,- նշեց Արամ Պողոսյանը՝ հավելելով, որ այդ պայմաններում այլ բան չէր մնում իրեն, քան դատարան դիմելը։ 2023 թ․-ից մեկնարկած դատավարությունը դանդաղ է ընթանում, առ այսօր 2 նիստ է անցկացվել, իսկ առաջիկա նիստը նշանակվել է 2024 թ․-ի հունիսին։

«Նոյ ինվետս գրուպ» ընկերությունը 3-րդ մասնաշենքի ապագա բնակիչներին հավաստիացրել է, որ դիմել է Երևանի քաղաքապետարան և սպասում է ավարտական ակտին։ Արամ Պողոսյանը քաղաքապետարանց գրավոր հարցմամբ տեղեկացել է, որ ընկերությունից ավարտական ակտի համար դիմում չեն ստացել։ Այս ընթացքում կառուցապատողը փորձում է ապահովագրել իրեն։ Հետագայում հատուցման պահանջ ներկայացնելու հնարավոր ռիսկերը կանխելու համար «Նոյ ինվեստ գրուպ»-ը բնակիչներին առաջարկում է սկսել բնակարանների վերանորոգումը՝ պայմանով, որ ստորագրեն համաձայնագիր նաև այն մասին, որ հետագայում ընկերության դեմ պահանջներ չեն ներկայացնի շինարարության ժամկետների խախտման հիմքով։

Կառուցապատող «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ի իրավախորհրդատու Թաթուլ Խուդատյանը, արձագանքելով գնորդի դժգոհություններին, ասաց, որ դատարանում իրենք առարկություններ են ներկայացրել, որում նշել են, որ եթե քաղաքաշինական փաստաթղթերով շինարարության ժամկետը երկարացվում է, պայմանագրի ժամկետն, ըստ էության, համարվում է երկարացված։ «Կա պայմանագիր, և եթե վերջիվերջո դատարանը որոշեց, որ մենք իրավունք չունեին ժամկետը երկարացված համարել, կկիրառի տուգանքը, կվճարենք տուգանքը իրեն։ Եթե դատարանը կգտնի, որ մեր առարկություններն են ճիշտ, այդ դեպքում չի կիրառվի տուգանքը»,- նշեց ընկերության իրավախորհրդատուն՝ հավելելով, որ գնորդին խաբելու, մոլորեցնելու միտում չեն ունեցել և չունեն։ Ըստ Թաթուլ Խուդատյանի՝ թեև այս դեպքում պայմանագիրը կնքվել է 2021 թ․-ին, բայց համալիրի կառուցումը սկսվել է ավելի վաղը, և կորոնավիրուսն ու պատերազմը բացասաբար են անդրադարձել ընդհանուր ծրագրի վրա, դա է պատճառը, որ նաև ուշացումներ են ունեցել հետագայում սկսված կառուցապատման ժամկետներում։

Դատական տեղեկատվական համակարգում առկա է ևս մեկ դատական գործ, որով կրկին «Նոյ ինվեստ գրուպ» ընկերությունից փոխհատուցում են պահանջում։ Այս դեպքում գնորդը դատարան է դիմել 2022 թ․-ին՝ պահանջելով կառուցապատողից բռնագանձել 2 միլիոն 439 հազար դրամ։ Դատարան դիմած Արմեն Եղիազարյանը «Հետքին» հայտնեց, որ կառուցապատողից պահանջում են շինարարության ժամկետի խախտմամբ պատճառված վնասը եւ կառուցման ընթացքում բնակարանի մակերեսի նվազմամբ կրած վնասը։ Եղիազարյանի խոսքով՝ կառուցվող շենքում ինքը գնել է 80 քմ մակերեսով բնակարանը, սակայն ստացել է 75 քմ բնակարան։ Այն դեպքում, երբ մակերեսի թույլատրելի շեղումը պետք է լիներ 1.5 քմ։ Կառուցապատողի հետ բանակցություններով արդյունքի չհասնելուց հետո Եղիազարյանը փորձում է դատական կարգով վերականգնել իր խախտված իրավունքները։ Արդեն երրորդ տարին ընթացող դատավարության ժամանակ մեկ անգամ փոխվել է դատավորը, և պարզ չէ՝ ի վերջո ե՞րբ կհանգուցալուծվի վեճը։

Կառուցապատող «Նոյ ինվեստ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018 թ․-ին։ Ընկերության 100% բաժնետոմսերը պատկանում են Սոչիի քաղաքային ժողովի պատգամավոր Սոս Մարտիրոսյանին (Мартиросян Сос Граатович):

ՌԴ քաղաքացի Սոս Մարտիրոսյանին է պատկանում նաև Ռուսաստանում գրանցված «Բարսելոնա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի մեծ մասը (70%)։ Այդ ընկերությունը նույնպես զբաղվում է կառուցապատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter