
Meta-ն սոցցանցերում արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը կպիտակավորի
Meta-ն աշխատում է արհեստական բանականության (ԱԲ) ստեղծած բովանդակությունը նույնականացնելու չափանիշների վրա։ Ընկերությունը հայտնել է, որ առաջիկա ամիսներին Facebook-ում, Instagram-ում և Threads-ում օգտատերերի տեղադրած այն պատկերները, որոնք ԱԲ-ի միջոցով են ստեղծվել, հատուկ պիտակ կունենան։
Արհեստական բանականության ստեղծած նկարները տարբերակելու համար պատկերների առանձին պիքսելներում փոփոխություններ մտցնելով՝ մարդու աչքի համար անտեսանելի ջրանիշ է ստեղծվում, որը հնարավոր է հայտնաբերել մեքենայական ուսուցման ալգորիթմների միջոցով:
Ընկերությունն ընդգծում է՝ դեռևս հնարավոր չէ նույնականացնել արհեստական բանականության կողմից ստեղծված ամբողջ բովանդակությունը, սակայն ոլորտի գործընկերների հետ աշխատում են, որ համացանցում հայտնված բովանդակության իրական լինելը բացահայտելն ավելի հեշտ լինի։
«Մարդիկ և կազմակերպությունները, որոնք ակտիվորեն ցանկանում են խաբել մարդկանց արհեստական բանականության ստեղծած բովանդակությամբ, միջոցներ կփնտրեն պաշտպանական միջոցներ հայտնաբերելու համար։ Մենք պետք է շարունակենք ուղիներ փնտրել նրանցից մեկ քայլ առաջ մնալու համար»,- գրված է Meta-ի հրապարակման մեջ:
Ստանդարտները վերաբերում են Meta-ի հարթակներում տեղադրված ողջ բովանդակությանը, անկախ նրանից, թե ինչպես է այն ստեղծվել: Ընկերության փոխանցմամբ՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները նաև կիրառվում են տհաճ և վտանգավոր բովանդակություն «որսալու» ու դրանք հեռացնելու համար։
«Մենք մի քանի տարի օգտագործել ենք AI համակարգեր՝ օգնելու պաշտպանել մեր օգտատերերին: Օրինակ՝ մենք օգտագործում ենք արհեստական բանականությունը, որպեսզի այն օգնի մեզ հայտնաբերել ատելության խոսքն ու այն բովանդակությունը, որը դեմ է մեր քաղաքականությունը»,- գրել է Meta-ն:
Արդյունքում, ինչպես հավաստիացնում է ընկերությունը, ատելության խոսքի տարածվածությունը Facebook-ում նվազել է. յուրաքանչյուր 10 հազար հրապարակումից ընդամենը մեկը կամ երկուսը կարող են ատելության խոսք պարունակել:
Նկարները՝ Meta-ի
Մեկնաբանել