HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրիկ Խաչատրյանը կարող է զրկվել Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին 100 %-ով պատկանող «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն կարող է զրկվել Սյունիքի մարզի Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքից։

2016թ․ հուլիսի 22-ին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ին 29,4 տարի ժամկետով ժամանակավոր տիրապետման ու օգտագործման էր հանձնվել Ոսկեձորի հանքավայրը, որտեղից պետք է 18032 կգ ոսկի, 219,453 տ արծաթ, 16170 տ պղինձ, 78627 տ ցինկ արդյունահանվեր՝ առաջին գոտուց, ևս 7062 կգ ոսկի, 106,397 տ արծաթ, 5538 տ պղինձ և 54258 տ ցինկ՝ երկրորդ գոտուց։ 

Այս տարիներին, սակայն, Սուրիկ Խաչատրյանը հանքավայրը չի շահագործել։ 2022թ․ հունիսի 14-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Գեղի Գօլդ» ՍՊԸ-ի տնօրենին խախտումները վերացնելու վերաբերյալ զգուշացում է ուղարկել՝ նշելով, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում առկա տեղեկատվության` լիազոր մարմին ներկայացված 2021թ.-ի հաշվետվության համաձայն՝ ընկերության կողմից հանքավայրում արդյունահանման աշխատանքներ չեն իրականացվել։

«Տեղեկացնում ենք, որ եթե ընկերությունը սույն զգուշացման մեջ նշված խախտումները 90-օրյա ժամկետում չվերացնի և անհրաժեշտ փաստաթղթերը լիազոր մարմին չներկայացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կհարուցի և կիրականացնի վարչական վարույթ, ինչի արդյունքում Օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ընկերության ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել»,- զգուշացման մեջ նշել է նախարար Գնել Սանոսյանը:

«Գեղի գօլդ» ընկերության տնօրենը հուլիսի 21-ին պատասխան գրությամբ հայտնել է, որ «ընկերության կողմից որոշակի ժամանակահատվածում արդյունահանման աշխատանքներ չիրականացնելը պայմանավորված է եղել երկրում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ 2020թ.-ին արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու, հայտարարված ռազմական դրության հետ: Ընկերությունը ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ներդրումների բացակայության պայմաններում՝ հաշվի առնելով նաև հանքավայրի գտնվելու վայրը (Սյունիքի մարզ) հայտնվել է նաև ֆինանսական ծանր վիճակում:

«Վերը նշված հանգամանքներով պայմանավորված, ընկերությունն անկախ իր կամքից, անհաղթահարելի ուժի առկայության պայմաններում չի կարողացել ամբողջությամբ կատարել պայմանագրով նախատեսված պարտավորությունները»,- հայտնել է «Գեղի գօլդ»-ի տնօրենը:

Միաժամանակ, տնօրենը խոստացել է, որ ընկերությունն ամբողջությամբ կատարելու է օրենսդրությամբ և ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունները և կատարման համար խնդրել է տրամադրել առավելագույն ողջամիտ ժամկետ:

ՏԿԵՆ-ն, ըստ երևույթին, չի պատասխանել ընկերության այս նամակին։ «Գեղի գօլդ»-ը դիմել է վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հետևանքով այն ընդունված համարվելու հիմքով՝ 21.07.2022թ. ՏԿԵՆ-ին դիմումով ներկայացված պահանջի բավարարման մասին օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը /վարչական ակտ/ տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով։

Դատարանը, սակայն, հետազոտելով և գնահատելով նշված գրությունը, արձանագրել է, որ այն չի հանդիսանում ընդերքօգտագործման ժամկետը երկարաձգելուն ուղղված պատշաճ դիմում, քանզի վերջինիս պահանջից պարզ չէ, որ հայցվորը դիմել էր հենց ընդերքօգտագործման ժամկետը երկարաձգելու նպատակով: Ավելին, դիմումին կից չեն ներկայացվել օրենքով սահմանված այն պարտադիր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ընդերքօգտագործման ժամկետը երկարաձգելու դիմումը քննարկելու համար: Նման պայմաններում դատարանը համարել է, որ վարչական մարմինը նշված գրությունը չէր կարող դիտարկել որպես պատշաճ ներկայացված դիմում և հարուցեր ընդերքօգտագործման ժամկետը երկարաձգելու վարչական վարույթ: Այդպիսով, ընկերության հայցը դատավոր Վարազդատ Միքայելյանը մերժել է։

Եվս մեկ դատական գործ այժմ ընթացքում է․ «Գեղի գօլդ» ՍՊԸ-ն քաղաքացիական դատարան է դիմել և նախարարությունից պահանջում է ճանաչել անհաղթահարելի ուժի առկայության հիմքով՝ ընկերության կողմից պարտավորության ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունից ազատ լինելու և անհաղթահարելի ուժ հանդիսացող հանգամանքների և ընդերքօգտագործողի բնականոն գործունեության համար խոչընդոտ հանդիսացող հետևանքների վերացման գործողության ժամկետից հետո կատարելու իրավունքները։ Այս գործով դեռևս նախնական դատական նիստեր են ընթացել։

Դատարանում «Գեղի գօլդ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Վարոսյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք ընկերությանը տրված զգուշացումից հետո 90-օրյա ժամկետում խախտումները վերացվել են, թե՞ ընկերությունը զրկվել է ընդերքօգտագործման իրավունքից։ Արմեն Վարոսյանը նշեց, որ ընդերքօգտագործման իրավունքից զրկելու մասին որևէ տեղեկատվության այս պահին չի տիրապետում, նման ծանուցում չի ստացել։ Մեր հարցին՝ արդյոք «Գեղի գօլդ»-ը սկսել է արդյունահանման աշխատանքները, փաստաբանը նշեց, որ տեղյակ չէ ընկերության գործունեությունից, ինքը զբաղվում է միայն դատական պրոցեսներով։

ՏԿԵՆ-ի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել է «Գեղի գօլդ»-ի ընդերքօգտագործման իրավունքը։ Ս․ Հարությունյանը պարզաբանեց, որ հիմա իրենք համարվում են ընդերքօգտագործող, բայց ընդերքից չեն օգտվում, քանի որ կա դատական վեճ։

«Երբ վերջնական դատական ակտը կայացվի, և սահմանված ժամկետում խախտումը չվերացնի, նոր կդադարեցվի իրենց իրավունքը»,- նշեց Սոնա Հարությունյանը։ 

Նշենք, որ համաձայն ընդերքօգտագործման պայմանագրի՝ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորություններից ընկերությունը համաձայնել էր համայնքի զարգացման սոցիալ-տնտեսական տարեկան ծրագրերին մասնակցություն ունենալ տարեկան 300 հազար դրամի չափով, սոցիալապես անապահով ընտանիքներին նպաստ տրամադրել տարեկան 200 հազար դրամի չափով, իսկ դպրոցի համար անհրաժեշտ գրենական պիտույքների համար տրամադրել տարեկան 150 հազար դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter