HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան ու Բաքուն կքննարկեն Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության հնարավոր վերադարձի հարցը

Մոսկվան և Բաքուն նոր շփումներ են նախապատրաստում Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ապագայի և այնտեղ հայ բնակչության վերադարձի վերաբերյալ։ Այդ մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Շարունակվում է ռուս-ադրբեջանական հերթական շփումների նախապատրաստումը ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մանրամասների վերաբերյալ: Այս ոլորտում մեր երկխոսությունը կրում է կանոնավոր բնույթ և կառուցվում է կառուցողական ճանապարհով։ Քննարկված հարցերի թվում են հայ բնակչության վերադարձը Ղարաբաղ՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկության կազմակերպումը, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ ցանկության դեպքում Ռուսաստանը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձը։

«Ցավոք, ղարաբաղահայության մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց ծանր, բայց կամավոր ընտրությունն էր։ Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել նրանց վերադարձի համար, ովքեր կցանկանան դա անել՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը»,- ասել էր ռուսաստանցի պաշտոնյան։

Գալուզինի խոսքով՝ «Ռուսաստանը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով», որի ներկայությունը, ըստ նրա, մեծ նշանակություն ունի։

Ռուսական TACC գործակալության հետ հարցազրույցի ընթացքում ռուսաստանցի դիվանագետը խոսել էր նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողությունների մասին, ինչի հետևանքով Արցախի ողջ տարածքն անցավ ադրբեջանական վերահսկողության ներքո։ «Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր վեց խաղաղապահների կյանքի գնով, հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ակտիվ միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ և բանակցություններ են անցկացվել Ղարաբաղի հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների միջև: Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակիչներին, իրականացրել մարդասիրական օգնության առաքում, կազմակերպել բժշկական տարհանում»,- հայտարարել էր նա՝ չխոսելով այն մասին, որ ռուս խաղաղապահները չեն կատարել տարածաշրջանում իրենց հիմնական առաքելությունը՝ ապահովել արցախահայության անվտանգությունն ու խաղաղ կենսակերպը։

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյան/Հետք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter