HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը դեսպանատան համար 23 մլն եվրոյով շենք ձեռք կբերի Ֆրանսիայում

Գործադիրը վերաբաշխում է կատարել 2024 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու նպատակով:

Վարչապետի պաշտոնական կայքի հաղոդագրության համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության շենք ձեռք բերելու անհրաժեշտությամբ:

Ըստ հիմնավորման՝ առաջարկվող շինությունը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, ունի պատմական արժեք, քանի որ 1956 թվականից այն պատկանել է Ֆրանսիայի 5-րդ Հանրապետության 3-րդ նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին։ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկարատև բանակցությունների արդյունքում վաճառող կողմը համաձայնել է վաճառել այն 23 միլիոն եվրոյի դիմաց, մինչդեռ հեղինակավոր գնահատող կազմակերպությունների գնահատականների համաձայն՝ շինության իրական արժեքը զգալիորեն գերազանցում է այդ գումարը:

Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն վաճառքի մտադրության մասին համաձայնագիրը ստորագրելու պահին հայկական կողմը, ըստ գործող ընթացակարգի, պետք է փոխանցի կանխավճար՝ ընդհանուր գումարի 10%-ի չափով։

Հետագայում գնման վերջնական պայմանագիրը ստորագրելուց 8 օր առաջ պետք է փոխանցվի շենքի ձեռքբերման գումարի մնացած մասը։ Ընդհանուր առմամբ, ըստ նոտարական գրասենյակից ստացված տեղեկատվության, ամբողջական գործընթացը՝ վաճառքի մտադրության համաձայնագիրը ստորագրելու պահից մինչև իրավունքների պետական գրանցման պահը, կտևի շուրջ 3-4 ամիս։ Ըստ այդմ՝ առաջարկվում է շենքը ձեռք բերելու համար նախատեսված գումարի կանխավճարի տրամադրում՝ 2 մլն 300 հազար եվրո:

Ինչպես նշել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տեղակայման շենքը սեփականության իրավունքով չի պատկանում ՀՀ-ին, այն անհատույց է օգտագործվում: Պայմանագրով տրամադրվել է 1995 թվականին, որն ավարտվում է 2025 թ.-ին: Ըստ փոխնախարարի՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման, գործառույթների ընդլայնման պատճառով ներկայիս շենքային պայմանները չեն բավարարում, քանի որ դեսպանությունում տեղակայված են նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Ֆրանկոֆոնիայում մեր մշտական ներկայացուցչությունները: Այդ պատճառով դեսպանությունը հանձն է առել շենքային նոր պայմաններ գտնել Փարիզում:

Մնացական Սաֆարյանի խոսքով՝ երեք տասնյակ տարբերակներ են քննարկվել, և դեսպանությունը կանգ է առել այս տարբերակի վրա, որը ներկայացվել է կառավարությանը: Ըստ ԱԳ նախարարի տեղակալի՝ ընտրված շենքն ունի առավելություններ՝ լոգիստիկ առումով և անվտանգության տեսանկյունից:

Նիկոլ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր տրամադրել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան շենքն անհատույց օգտագործման համար և նշել. «Բայց նաև ուզում եմ ընդգծել մեր մոտեցումը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է սկսի և շարունակի ձեռք բերել դեսպանատների գործունեության համար անհրաժեշտ, պատշաճ շենքեր, որոնք նաև հարիր կլինեն այն իմիջին, որը մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետության համար ստեղծել արտաքին աշխարհում:

Վերջերս, հիշում եք, մենք դեսպանատան շենք ձեռք բերեցինք Մեծ Բրիտանիայում, Լոնդոնում՝ շատ պատշաճ տեղում: Եվ հիմա հաջորդը, որ մենք այդ որոշումը կայացնում ենք՝ Փարիզն է: Իհարկե, այս հերթականությունը որևէ քաղաքական իմաստ չունի, որովհետև նախ պետք է գտնել հարմար տեղում հարմար տարբերակ և պայմանավորվածություններ ձեռք բերել: Եվ, իհարկե, մենք ըստ հնարավորության այս գործընթացը կշարունակենք: Նախարարի տեղակալը նշեց, որ նաև Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների զարգացման դինամիկան նույնպես դա ենթադրում է: Ուրախ եմ, որ մենք կարողացել ենք գտնել լավ շենք: Եվ ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց վճարած հարկերի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք նաև այսպիսի ձեռքբերումներ անել Հայաստանի Հանրապետության համար»:

 

Լուսանկարում՝  ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter