
Իրանը դեմ է Հարավային Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությանը
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել տարածաշրջանում Անդրկովկասի մաս չհանդիսացող պետությունների ուժերի ներկայության դեմ:
«Մենք համաձայն չենք (Անդրկովկասի՝ խմբ.) տարածաշրջանում օտարերկրացիների ներկայության հետ՝ խնդիրների լուծմանը օգնելու պատրվակով, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն չի օգնի հաղթահարել մարտահրավերները, այլև ավելի մեծ խնդիր կդառնա տարածաշրջանի ժողովուրդների ու կառավարությունների համար»,- Ռայիսիի խոսքերը մեջբերում է իրանական պետական IRNA գործակալությունը։
Իրանի նախագահը նաև հայտարարել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին աջակցելու և կովկասյան տարածաշրջանի ռազմավարական անվտանգությունը երաշխավորելու» Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին: Ինչպես փոխանցում է Ռայիսիի մամուլի ծառայությունը, Մհեր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իրանին Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սատարելու համար:
IRNA-ն գրում է, որ Իրանի նախագահը նաև աջակցել է «Թեհրանի և Երևանի միջև կնքված բոլոր համաձայնագրերի իրագործմանը»:
Այսօր առավոտյան Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահ Դավուդ Մանզուրը միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում համաձայնագիր էին ստորագրել 19 ոլորտում տնտեսական համագործակցության մասին:
IRNA-ի տեղեկություններով՝ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում Թեհրանում հայ-իրանական բանակցություններ էին կայացել առևտրի, մաքսային, պարենային, բժշկական, տեղեկատվական և ներդրումային համագործակցության զարգացման շուրջ: Իրանի և Հայաստանի պաշտոնյաները քննարկել են նաև սահմանային առևտրի աճի և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման համար երկու երկրի ցամաքային սահմանի օգտագործման հարցերը։
ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականին կազմել է 710 միլիոն դոլար։ Հայաստանի Անվտանգության խորհրդում հայտարարել էին, որ 2023 թվականի արդյունքներով այն կարող է հասնել 1 միլիարդ դոլարի։
Լուսանկարը՝ Իրանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել