
Հայաստանը ՀԱՊԿ-ին անդամակցությանն այլընտրանք չունի. ՌԴ ԱԳ փոխնախարար
Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից Ռուսաստանը Հայաստանի համար ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք չի տեսնում։ Այդ մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի ապագան պետք է որոշվի այն երկրների կողմից, որոնց համար այդ տարածաշրջանն ընդհանուր տուն է, ընդ որում, «ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիության պետությունները այդ երկրների շարքին չեն դասվում»:
«Մենք ելնում ենք նրանից, որ ՀԱՊԿ-ում գտնվելը <...> առաջին հերթին բխում է Հայաստանի ժողովրդի և հայկական պետության շահերից: Օբյեկտիվորեն Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից ՀԱՊԿ մեխանիզմին այլընտրանք, մեր կարծիքով, չկա»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը կարծիք էր հայտնել, որ Երևանն «իրեն տարօրինակ է պահում»: Այս կերպ էր նա մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱՊԿ-ը սաբոտաժի է ենթարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ զորք մտցնելու Երևանի կոչը: Պատգամավորը հայտարարել էր, թե, իբր, «Երևանն ընդհանրապես պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը»:
Վերջին ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն էականորեն լարվել են։ Հայկական կողմը Մոսկվային և ՀԱՊԿ-ին ուղղակիորեն և անուղղակիորեն մեղադրում է Հայաստանի նկատմամբ իր պարտականությունների թերացման մեջ։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել