
Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը. պատճառը Հունգարիան է
ԵՄ դեսպանները փետրվարի 14-ին կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որի մասին նախատեսվում էր հայտարարել Ուկրաինա ռուսական ներխուժման երկրորդ տարելիցին ընդառաջ: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պատժամիջոցները չեն հաջողվել համաձայնեցնել Հունգարիայի դիրքորոշման պատճառով, որը դեմ է հանդես եկել Չինաստանի և Հնդկաստանի այն ընկերությունների նկատմամբ սահմանափակումների հայտարարմանը, որոնք, ինչպես պնդում է եվրոպական կողմը, օգնում են Ռուսաստանի պաշտպանական հատվածին:
ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի շուրջ 200 ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև 3 չինական և 1 հնդկական ընկերությունների դեմ:
Financial Times-ը գրում է, որ պատժամիջոցների այս փաթեթի հաստատման դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ Չինաստանից և Հնդկաստանից ձեռնարկությունները Ուկրաինայում պատերազմի պատճառով կհայտնվեն Եվրամիության պատժամիջոցների տակ։
Եվրոպացի պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Հունգարիան հավանություն չի տվել պատժամիջոցների փաթեթին՝ դրանում չինական ընկերությունների առկայության պատճառով: Financial Times-ի մեկ այլ զրուցակից դեսպանների հանդիպումը բնորոշել է «մտքերի արդյուավետ փոխանակում», ինչպես նաև հստակեցրել, որ Հունգարիայի ներկայացուցիչը «մի փոքր ավելի շատ ժամկետ է խնդրել պատժամիջոցների շուրջ առաջարկների վերլուծության համար»։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Չինաստանի, Հնդկաստանի, Հոնկոնգի, Սերբիայի, Ղազախստանի, Թայլանդի, Շրի Լանկայի և Թուրքիայի ընկերությունների դեմ:
Խոսքը երկու տասնյակ ընկերությունների մասին է։ FT-ն նշում է, որ ԵՄ-ում դեռ անցյալ տարի քննարկում էին չինական ընկերությունների դեմ պատժամիջոցները, սակայն դրան դեմ էին Միության անդամ մի քանի երկրներ:
Փետրվարի սկզբին Reuters-ը գրել էր, որ Եվրոպական հանձնաժողովը պատժամիջոցների 13-րդ փաթեթում ապրանքների ներմուծման նոր արգելքներ չի ավելացնի։ Հանձնաժողովում հույս ունեին, որ պատժամիջոցների այս նոր փաթեթը նվազագույն բանավեճ կառաջացնի Եվրամիության անդամների շրջանում և արագ կընդունվի։
Լուսանկարը՝ Reuters/Yves Herman/File Photo
Մեկնաբանել