
ԱՄՆ Կոնգրեսում հայտնել են «ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի մասին». ենթադրվում է` խոսքը տիեզերքում ռուսական միջուկային զենքի տեղակայման մասին է
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թըրները հայտարարություն է տարածել, որտեղ նախազգուշացրել է «ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի» մասին, և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից պահանջել «գաղտնազերծել բոլոր տեղեկությունները», որոնք վերաբերում են այդ «սպառնալիքին»: Այդ մասին հայտնում է NBC News-ը։
Թըրների խոսքով՝ հանձնաժողովը Կոնգրեսի բոլոր անդամներին փոխանցել է տեղեկատվություն այն մասին, որը «վերաբերում է ազգային անվտանգության լուրջ սպառնալիքին»: Թե ինչ «սպառնալիքի» մասին է խոսքը, նա չի հստակեցրել։
Նա Բայդենին խնդրել է «գաղտնազերծել այս սպառնալիքին վերաբերող բոլոր տեղեկությունները, որպեսզի Կոնգրեսը, վարչակազմը և մեր դաշնակիցները կարողանան բաց քննարկել սպառնալիքին արձագանքելու համար անհրաժեշտ գործողությունները»:
Դեմոկրատական կուսակցությունից NBC News-ի աղբյուրը, որը «տեղյակ է սպառնալիքին», հայտնել է, որ «դա լուրջ խնդիր է, որը կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման ու ազգային անվտանգության սպառնալիքին»։ Նա դա նկարագրել է որպես «պոտենցիալ արտաքին սպառնալիք», բայց չի նշել, թե որտեղից է գալիս այն:
CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ սպառնալիքը կապված է Ռուսաստանի հետ։ Հեռուստաընկերության զրուցակիցները այն անվանել են որպես «շատ զգայուն»։ Աղբյուրներից մեկը, որը ծանոթ է հետախուզական տվյալներին, հայտարարել է, որ «իրականում դա բավականին մտահոգիչ և ապակայունացնող ռուսական ներուժ է, որի մասին մեզ վերջերս է հայտնի դարձել»:
Reuters-ը պնդում է, որ «սպառնալիքը» կապված է Ռուսաստանի և «տիեզերքում վերջինիս գործողությունների» հետ: Գործակալության զրուցակիցներն այլ մանրամասներ չեն հայտնել:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հրաժարվել է նշել, թե ինչ սպառնալիքի մասին է խոսքը: Նա հայտարարել է, որ անձամբ է կապ հաստատել ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջատար օրենսդիրների հետ, նախքան Թըրները նախազգուշացրել է «լուրջ սպառնալիքի» մասին: Նրա խոսքով՝ Կոնգրեսի առաջնորդների հետ իր հանդիպումները, որոնք տեղեկություններ են ստանում հետախուզության տվյալների վերաբերյալ, նախատեսված են փետրվարի 15-ին: Սալիվանը հավելել է, որ զարմացած է Թըրների՝ հրապարակային հայտարարությամբ հանդես գալու որոշումից:
Spoke with 3 HPSCI members on the intel.
— Alex Ward (@alexbward) February 14, 2024
One said it’s “disturbing.”
Another said the issue is a longer-term concern, “not a today thing.”
And a 3rd confirmed “it’s a serious issue but not an immediate crisis.”
Still unclear what *it* is, though.
Politico-ի լրագրող Ալեքս Ուորդը, հղում անելով Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի երեք անդամներին, հայտնել է, որ «սպառնալիքի» մասին տեղեկատվությունը «լուրջ խնդիր է, բայց ոչ սուր ճգնաժամ»:
ABC News-ի երկու աղբյուրներ էլ, որոնք ծանոթ են Կոնգրեսում քննարկումներին, նշում են, որ հետախուզական տվյալները կապված են տիեզերքում միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի մտադրության հետ: «Խոսքը ոչ թե Երկիր մոլորակի վրա այն նետելու, այլ արբանյակների դեմ հնարավոր օգտագործման մասին է»,- գրում է պարբերականը։
Լուսանկարը՝ civitatis.com-ից
Մեկնաբանել