HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային խոստացել են մատակարարել 1 միլիոն անօդաչու

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հայտնել է, որ Դաշինքի երկրները պարտավորվել են Ուկրաինային փոխանցել միլիոնավոր անօդաչուներ: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Նման որոշում է կայացվել «Ռամշթայնի» և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ձևաչափով երկօրյա բանակցությունների արդյունքում:

«ՆԱՏՕ-ի մի խումբ անդամներ հանդես են եկել Ուկրաինային մեկ միլիոն անօդաչու մատակարարելու առաջարկով»,- ասել է Սթոլթենբերգը։

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 15-ին հայտարարել էր, որ Ուկրաինային հազարավոր անօդաչուներ կփոխանցեն Մեծ Բրիտանիան և Լատվիան՝ որպես «անօդաչուների կոալիցիայի» առաջնորդներ:

«Ես հպարտությամբ հայտարարում եմ, որ Մեծ Բրիտանիան և Լատվիան կգլխավորեն Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող անօդաչու թռչող սարքերի զարգացման միջազգային կոալիցիան: Միասին մենք Ուկրաինային կտրամադրենք այն հնարավորությունները, որոնք նրան անհրաժեշտ են ինքնապաշտպանվելու և այս պատերազմում հաղթելու համար, որպեսզի երաշխավորենք, որ Պուտինը պարտություն կկրի իր անօրինական ու բարբարոսական նկրտումներում»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը։

Նախորդ տարվա վերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 2024 թվականին Ուկրաինան նախատեսում է 1 միլիոն անօդաչու թռչող սարք արտադրել։ «Մեր բրիգադները կստանան հայրենական անօդաչուներ: <...> Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Զելենսկին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ավելի վաղ անօդաչուների կիրառումն անվանել էր «պատերազմում հաղթանակի կառուցման ապագա վեկտորներից մեկը»: Այդ մասին խոսել էր նաև նրա նախորդը՝ գեներալ Վալերի Զալուժնին։

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter