
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
Նա տեղեկացրել է, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել:
«Նա հարցաքննվել է նույն գործով, որին ծանոթ եք՝ «Սիներջի» և «Հարմոնիա» ընկերությունների մրցութային պատմության վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել նաև պարոն Քերոբյանին։ Մեղադրանքը պարոն Քերոբյանը չի ընդունում։ Մենք գտնում ենք, որ այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ, և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության մեջ, բավականին թույլ են։ Այն հետևությունները և եզրահանգումները, որոնք բերված են, կարծում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում։ Մեր գնահատմամբ՝ դրանք հիմնականում ենթադրությունների մակարդակում են»,- մանրամասնել է Եգորյանը։
Նա նշել է, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով` շատ մանրամասներ չի կարող հայտնել։
«Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները չարաշահելը, անցնելը կամ օգտագործելը կամ ազդեցություն կիրառելը խմբի կազմում՝ շահադիտական նկատառումներով և նախնական համաձայնությամբ)»,- հայտարարել է Եգորյանը:
Փաստաբանը հավելել է, որ Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Հիշեցնենք` Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների կողմից չարաշահումների գործով քրեական հետապնդում է հարուցվել ևս 8 անձի նկատմամբ:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնել էր, որ հրաժարական է տվել: Նախագահի հրամանագրով նույն օրը Վահան Քերոբյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից։
Լուսանկարը` Վահան Քերոբյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել