HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Փետրվարի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

«Նորին Սրբությունը, ողջունելով դեսպանին, մաղթեց արդյունավոր առաքելություն՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել զորացման: Հայոց Հայրապետն ընդգծեց, որ հայ-հունական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և խարսխված է քրիստոնեական արժեհամակարգի ամուր հիմքերի վրա։

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին և կրած ծանր կորուստներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առկա մարտահրավերներին ու փորձություններին հնարավոր է դիմակայել միմյանց աջակից ու զորավիգ լինելով։

Հանդիպմանը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ Սփյուռքում հայ և հույն համայնքների սերտ գործակցությանը, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Հայաստանի և Արցախից բռնի տեղահանված հայորդիների առջև ծառացած հիմնախնդիրներին։

Իր հերթին դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը Նորին Սրբությանը հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-հունական գործակցության առավել զորացման, ինչպես նաև Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter