HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակի օազիսներ. Միլենա Ավետիսյան

Մեր սերն այն ժամանակ հոսում էր, 

ինչպես ջուրը ծորակից` անզուսպ և միշտ:  

Այժմ սերը նման է օազիսի, 

որի մասին մենք այդքան երազում ենք, 

երբ այսքան ծարավ ենք… 

2020 թ.

***

Գազելի մեջ կանգնած էի,

Չգիտեմ` քանի հոգով էինք,

Բայց մեկով շատ էինք ներկաներից,

Ինքը հեռախոսի միջից էր ներկա։

Խոսում էին երկուսով.

Պարզ լսում էինք մենք,

Թռթռում էր` աղջիկը,

Չհաշված, որ բոլորով էինք թռթռում`

Զովունու պավառոդներն անցնելիս.

-Լսի տրանսպորտի մեջ եմ, չեմ կարա խոսամ։

Ուշադիր լռության մեջ  ասում ա աղջիկը ու մոռանում ենք ձայնը իր` 

Սպասելով այլ բանի,

Ինչն ամենից շատն ա թաքցնում։

Մի պահ մենք ավելի բարձր ենք լսում մեկ այլ ավտոբուսի մեջ լինողի մերում ավելի  ներկայություն ունենալը։

Գազելի դռդռոցի դամի մեջ

Հնչում է սպասված 

Մի նոտան.

-Նազ, սիրում եմ քեզ…

Բոլորը մի պահ հիշում են իրենց անունները

Ու Նազին տենց էլ չեն գտնում։

Տխրում են արտահայտիչ։

Առաջ ենք շարժվում դեպի նոր`

ուրիշ մեկով սպասողականություն`

վճարելով մի կանգառի չափ։

Խաչմերուկում իջնող կային զուգահեռ`

բաց չթողնելով հսկում ենք 

պատճառին լռության։

-Նազ...

-Ձյաձ, Ստեղ  պահի, իջնող կա, 

- Իջնում եմ, հեսա կզանգեմ

- Նազ սպասի։

Բարձրախոսը մի անգամ էլ միացավ,

Թռթռացինք տղայի սիրուն ձայնից 

Ու կորցրինք մեր ունեցած միակ Նազին`

Զովունի պավառոդներին ընդառաջ։

2022 թ.

***

Տեսախցիկ 

Ավտոբուսի մեջ էի,

Երբ դեմքդ տեսնելու ցանկության ունեցա։

Բայց ես քեզանից նկարներ չունեի,

Ոչ էլ սոց կայքերդ ունեի անձնական.

Բա ի՞նչ անեի,

Դիմանկարել էլ չգիտեի։

Բա գիտությունն էնքան չզարգանար,

Որ մտքերս լուսանկարեր։

2019 թ.

***

Միշտ Դեռահասի ծննդյան բանաստեղծություն 

Թողնելով մոգության ա՛յս շղարշը`

Ներսու՛մ լիքը ծիլեր տալու,

Անվերջ երազելու երազների մասին,

Որոնք իրական են ու իրականացող.

Այս ամբողջ ճանապարհը

գիշերվա կախարդանքով անցնելու։

Լինելով միշտ վարագույրի տակ`

Իմ այս վարագույրները բացվում են այսօր,

Ինչպես շուրթերը` մեկ այլ կյանք  ճաշակելու։

Լինելու համար մեկ այլի մեջ`

Ես վարանում եմ.

այլ սպասելի բան պետք է լիներ,

Բայց ես այդպես երբեք չեմ զգացել։

Կասկածով եմ այլ տեղ մտնում`

Շատ բանի կորստի 

և կորսվածի զգացումով ավելի շատից։

Բայց այսքանը եկել եմ վստահաբար`

Հավաքելով միայն հենց դրա համար։

Այնքան եմ սպասել.

Ամեն բան գալիս էր,

Որովհետեւ ես սպասում էի 

և ոչ թե այդպես էր.

Գիտեմ`

Իմանալու եմ այն, ինչ մինչ այս 

տեսել եմ միայն,

Բայց դեռ վարանում եմ

ու չգիտեմ`

Այսքան սպասելուց և չունենալուց հետո 

Ուզու՞մ եմ ունենալ այդ իմացությունը, որպես իմ հետ կատարվելիք գործողություն,

Թե ոչ...

Ես դուրս եմ գալիս վարագույրի տակից`

Ճաշակելու համար ունենալու աշխարհը

և ոչ հաճելիորեն ու ահռելիաչափ քաղցելու,

Տեսնելու համար ավելի բարձր

Ու գուցե ավելի պակաս շերտեր ունեցող վարագույրներ.

Բայց շարունակ մնալով հին բառային  մասնագիտության մեջ։

Մինչ այս ամեն բան գալիս էր, 

հիմա ամեն բան գնում է։

06.07.2022 թ.

***

Վատ կինո

Փակիր աչքերս մամա,

Ինչպես փակում էիր այն ժամանակ,

Երբ միասին ֆիլմ էինք նայում

ու ֆիլմում վատ տեսարաններ էին։

Փակիր աչքերս մամա,

Այս ֆիլմում էլ, ուր ես եմ`

շատ վատ տեսարաններ են

ու էստեղ սեր չկա։

Փակիր աչքերս մամա,

ու արի վերադառնանք այնտեղ,

Ուր ֆիլմում վատ տեսարաններ էին

ու ես չկայի էդ ֆիլմում։

2020 թ.

 ***

Ծաղկիր կակտուսի նման 

Մեր տան նոր բնակիչը 

չմերվող արարած է,

Ում անգամ շատ սիրելուց,

միևնույն է, քեզ կնեղացնի,

և տարօրինակ է նրանով,

Որ որքան շատ ես սիրում իրեն,

Այնքան ավելի շատ է 

Ծակում մատներդ։ 

 

Ամեն դեպքում, դու վատը չես,

Որովհետև մատներիս փշերը

մի օր կծաղկեն 

ու կդառնան կակտուսներ՝

փարթամ, կանաչ,

Իսկ դու կփտես,

և վերջին հարմարավետ տարբերակի դեպքում 

Գլուխս կկտրեն վրայիցս,

Որովհետև դու ավելի արագ ես սպանում չտարածվելով,

Քան կակտուսը,

Որ մարմնիս վրա բռնոցի է խաղում։ 

 

Ու դու, իմ կակտուս,

Երանի լինեիր նկարված,

Որ ես քեզ շոյեի

Ու չցավեր

Շոյեի ու չցավեր

Շոյեի ու չցավեր։ 

 

Ու դու, իմ սեր,

Երանի կակտուս լինեիր

չնկարված,

Պատուհանագոգիս վրա,

Որ ես քեզ ունենայի,

Ու ծակեիր մատս,

Ունենայի 

Ու ծակեիր ինձ: 

 

Փշերի հատիկների չափ պուճուր լինեիր

Ուտեի քեզ,

Ու մարմնիս վրա աճեին կակտուսներ՝ քեզ նման։

Ունենայի քեզ ու մատներիս վրա չմնար մաշկով ծածկած ոչ մի տեղ,

Ունենայի միայն, 

Եթե անգամ

Քեզ կուլ տված լինեի,

Ու մարմինս կրակված պատնեշ դառնար։ 

2020 թ.

***

Մեզ թվում է` կա մի աշխարհ, 

որում մենք պետք է լինենք ,

Թվում է` կա ճիշտ`

Դարակի մեջ դրված,

Ու մենք դա պետք է գտնենք,

Բայց դարակներում

Վարունգի ու լոբու սերմեր են։

 

Մեզ դեռ թվում Է, 

բայց մեզ թվում Ա:

2022 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter