HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են

100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ)։

«ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19։00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամ:

Նույն օրը կեղծ արտարժույթ իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում: Երևանցի վերոհիշյալ անձինք փետրվարի 7-ին Ջերմուկ քաղաքի ըմպելասրահի տարածքում խոտաբույսերի առքուվաճառքով զբաղվող մի կնոջից 16 000 դրամի գնումներ են արել, վճարումը կատարել են 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամով և ստանալով 24 000 դրամ մանրադրամը՝ հեռացել են:
Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փետրվարի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի պարեկները տեղեկություն էին ստացել, որ «Օպել» մակնիշի մեքենայի ուղևորները փորձել են Արենի գյուղի տաղավարներից կեղծ թղթադրամներով գնումներ կատարել: Իրացնելով ստացված տեղեկությունը՝ պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 123,5-րդ կմ-ին կանգնեցրել են վերոհիշյալ «Օպելը» և կեղծ թղթադրամներ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Եղեգնաձորի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 53-ամյա վարորդին, 37 և 25 տարեկան երկու ուղևորին, որոնք ամուսիններ են:
Անձնական խուզարկությամբ վարորդի մոտ հայտնաբերվել է մեկ 100 դոլար անվանական արժեքով ակնհայտ կեղծ թղթադրամ, իսկ 37-ամյա ուղևորը հայտնել է, որ մեքենայում գտնվող պայուսակում կա 100 դոլար անվանական արժեքով 10 կեղծ թղթադրամ:

Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ ձերբակալվածները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Վայոց ձորի մարզի քննչական վարչություն:
Այդ ընթացքում Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք փետրվարի 7-ի ժամը 19.30-ի սահմաններում Նորավանքի շուկա կոչվող տարածքում նույնպես առևտուր են արել՝ վճարումը կատարելով երեք 100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներով:

Բոլոր անձինք ներկայացրել են իրենց տրված կեղծ 100-դոլարանոցները:

ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի մարզի քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 37-ամյա տղամարդուն կեղծ թղթադրամներն իրացրել էր մայրաքաղաքի Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բնակիչը: Փետրվարի 14-ին նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմին: Խուզարկությամբ նրա բնակարանում հայտնաբերվել է մեկ կեղծ 100-դոլարանոց:

Երեք տղամարդիկ կալանավորվել են, իսկ 25-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 14-ին մայրաքաղաքի Կողբի 2-րդ փողոցի մի տնից առգրավվել է 100 դոլար անվանական արժեքով 46 կեղծ թղթադրամ:
Քրեական վարույթը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter