
ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը քննարկել են Ուկրաինայում, Պաղեստինում և Կորեական թերակղզում առկա իրավիճակը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի հիմնախնդիրը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային այնպիսի հրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը, Պաղեստինի և Իսրայելի միջեւ հակամարտությունը, Կորեական թերակղզու հիմնախնդիրը»,- ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հատուկ ներկայացուցիչների մակարդակով շփումներ պահպանել միջկորեական հարաբերությունների կարգավորման հետ կապված իրադրության շուրջ:
Վան Ին և Էնթոնի Բլինքենը պատրաստակամություն են հայտնել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում արտաքին քաղաքական հարցերի համաձայնեցման համար առաջ մղել երկխոսությունը, երկուստեք հետաքրքրություն հայտնել՝ նպաստելու ծովում Չինաստանի և ԱՄՆ արդյունավետ փոխգործակցությանը, երկու պետությունների բանակների միջև շփումների պահպանմանը, արհեստական բանականության ոլորտում Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությանը:
Լուսանկարը՝ Էնթոնի Բլինքենի X-ի միկրոբլոգից
Մեկնաբանել