
Բայրամովն ու Օ’Բրայենը քննարկել են Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը
Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ'Բրայենի հետ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Nazir Ceyhun Bayramovun ABŞ dövlət katibinin Avropa və Avrasiya məsələləri üzrə köməkçisi Ceyms O’Brayn ilə görüşünə dair mətbuat məlumatıhttps://t.co/xQNq33SV3y pic.twitter.com/xggEXt6nm6
— MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) February 17, 2024
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, երկկողմ հիմունքներով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները:
«Ընդգծվել է, որ անընդունելի է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ որպես հակաադրբեջանական քարոզչության միջոցի կողմից իրականացվող «հեռադիտակային դիվանագիտության» լայնածավալ չարաշահումը՝ ի հեճուկս հայտարարված նպատակների, ինչպիսիք են տարածաշրջանային կայունության խթանումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության կառուցումը»,- ասված է հրապարակման մեջ։
Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Բայրամովը Ջեյմս Օ'Բրայենին ասել է, թե իբր Հայաստանն իր օրենսդրական ակտերում և Սահմանադրության մեջ, միջազգային կազմակերպություններում և դատարաններում «տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ»։
Բաքուն հավելում է, որ Ջեյհուն Բայրամովը և Ջեյմս Օ'Բրայենը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում:
Զուգահեռաբար, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ, կարևորել ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել