
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտարարել է, որ ուկրաինական զորքերը դուրս են եկել Ավդեևկայից
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է Դոնեցկի մարզի Ավդեևկա քաղաքից ուկրաինական զորքերի դուրսբերման մասին:
«Ելնելով օպերատիվ իրավիճակից, որը ստեղծվել է Ավդեևկայի շուրջ՝ շրջափակումից խուսափելու և զինծառայողների կյանքն ու առողջությունը պահպանելու համար որոշում եմ կայացրել քաղաքից դուրս բերել մեր ստորաբաժանումները և անցնել պաշտպանության առավել շահավետ սահմանագծերում»,- գրել է Սիրսկին։
Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները «արժանապատվորեն կատարել են իրենց պարտքը» և ռուսական բանակին պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ:
«Զինծառայողների կյանքն ամենաբարձր արժեքն է։ Մենք ամեն դեպքում կվերադարձնենք Ավդեևկան»,- հավելել է Սիրսկին։
Ուկրաինական զորքերը «նախապես պատրաստված դիրքեր» դուրս բերելու մասին հայտնել էր նաև Ուկրաինայի զինված ուժերի «Տավրիա» խմբավորման հրամանատար Ալեքսանդր Տարնավսկին:
«Մի իրավիճակում, երբ անդադար ռմբակոծությունների տակ թշնամին արկերի տասը մեկի հարաբերակցությամբ հարձակվում է իր իսկ զինվորների դիակների վրայով, սա միակ ճիշտ որոշումն է»,- գրել է Տարնավսկին։
Դոնեցկից մոտ 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ավդեևկա քաղաքի համար մարտերը շարունակվեցին մի քանի ամիս: Պատերազմից առաջ այստեղ ապրում էր ավելի քան 30 հազար մարդ։ Ռուսական բանակը ակտիվ հարձակումը սկսել էր 2023 թվականի հոկտեմբերին։
Լուսանկարը՝ Kostiantyn Liberov/Libkos/Getty Images
Մեկնաբանել