
Նավալնիի աջակիցները պնդում են, որ նրան սպանել են
Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է ընդդիմադիր քաղաքական գործչի մահը:
«Ալեքսեյ Նավալնին սպանվել է։ Նրա մահը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ տեղի ժամանակով ժամը 14:17-ին, ինչպես գրված է Ալեքսեյի մորը տրված պաշտոնական ծանուցագրում։ Գաղութի աշխատակիցը հայտարարել է, որ Նավալնիի մարմինը գտնվում է Սալեխարդում։ Նրա մարմինը տեղափոխել էին ՌԴ ՔԿ քննիչները։ Այժմ նրանք զննում են մարմինը»,- հայտնել է Յարմիշը։
Տեսագրությունում, որը հրապարկվել է Նավալնիի յութուբյան ալիքում, Յարմիշը հայտնել է, որ քաղաքական գործչի աջակիցները շարունակում են սպասել մահվան եզրակացությանն ու մարմնի փոխանցմանը։ «Մենք պահանջում ենք, որ Ալեքսեյ Նավալնիի մարմինը անհապաղ հանձնվի նրա ընտանիքին»,- հայտարարել է նա։
«Երեքուկես տարի առաջ Պուտինը փորձեց սպանել Ալեքսեյին։ Երեկ նա սպանեց նրան: Ամբողջ աշխարհը գիտի, որ Ռուսաստանի նախագահն անձամբ նման հրաման է տվել։ Նա գիտեր այն մասին, որ Ալեքսեյը երբեք իրենից չի վախեցել, երբեք չի լռել և անգործ չի մնացել։ Մենք չպետք է հանձնվենք, դա այն է, ինչ մեզ հորդորում էր Ալեքսեյը»,- ասել է Յարմիշը։
Փետրվարի 17-ի առավոտյան Ալեքսեյ Նավալնիի փաստաբանն ու քաղաքական գործչի մայրը՝ Լյուդմիլա Նավալնայան, այցելել էին Յամալ-Նենեցական ինքնավար օկրուգի N3 ուղղիչ գաղութ, որտեղ պահվում էր Նավալնին։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել