HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էրմիտաժում բացվել է «Էրեբունի» թանգարանի անկյունը

Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժում՝ Ուրարտուի դահլիճում, փետրվարի 14-ին բացվել է «Էրեբունի» թանգարանի անկյունը: Այս մասին հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։

«Այնտեղ ցուցադրված են երեք հնագիտական արտեֆակտ Էրեբունի թանգարանից: Դրանցից մեկը Երևանի ուրարտական դամբարանից գտնված աճյունասափորն է, որը ներկայացնում է ուրարտական տերության թաղման ծեսը, մյուսը Նոր Արմավիրից գտնված երկկանթ սափորն է, որը վերաբերում է ուշուրարտական և հետուրարտական ժամանակաշրջանին և մատնանշում է Ուրարտուից դեպի Երվանդունիների թագավորության ժամանակաշրջանների ժառանգականությունը:

Հատկանշական է, որ այս անկյունում առանձնահատուկ տեղ է գտել Էրեբունի-Երևանի քարե անձնագրերից մեկը համարվող սեպագիր արձանագրությունը: Կան նմանօրինակ չորս արձանագրություններ, և դրանցից մեկն այժմ ցուցադրվում է Էրմիտաժում: Չափազանց կարևոր է ցույց տալ, որ հենց Էրեբունուց է սկսվում Հայաստանի հանրապետության մայրաքաղաք Երևանի գրավոր պատմությունը:

Անկյան բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին, ՌԴ-ում ՀՀ-ի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը, Սանկտ-Պետերբուրգի փոխնահանգապետ Բորիս Պիոտովսկին, հայ եկեղեցու հոգևորականներ և այլ բարձրաստիճան պետական այրեր, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթի բացման խոսքում Բ. Պիոտրովսկին ընդգծել է անկյան կարևորությունը և նշել, որ տեղի ունեցածը չափազանց կարևոր իրադարձություն է հայ-ռուսական մշակութային հարաբերությունների համատեքստում:

ՌԴ-ում արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը ցուցադրության բացմանը նվիրված իր խոսքում ընդգծել է ուրարտական ժառանգության կարևորությունը և անդրադարձել Էրեբունու և Ուրարտուի հզոր ժառանգությանը և նշել, որ անկյան բացումն աննախադեպ և բացառիկ երևույթ է։

Այնուհետև տեղի է ունեցել ցուցադրության հանդիսավոր բացումը, որից հետո Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Միքայել Բադալյանը հյուրերին ներկայացրել է Էրեբունու անկյունը և պատմել յուրաքանչյուր իրի մասին:

Մ. Բադալյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Մ.Պիոտրովսկուն՝ վստահության և իրեն հավատալու համար:

Նշենք, որ ցուցադրության համակարգողներն են՝ Էրեբունի թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը և Սանկ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի ուրարտական հավաքածուի պահապան Աննա Նովիկովան:

Ցուցադրության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Վաղարշակ Հարությունյանը Մ. Պիոտրովսկուն պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով։ Էրեբունի ՊՀԱԹ-ի տնօրեն Մ. Բադալյանը պարգևատրվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի մեդալով:

Նշենք, որ Էրեբունի ՊՀԱԹ-ը միակ թանգարանն է աշխարհում, որն իր անկյունն ունի այնպիսի համաշխարհային մշակութային հաստատությունում, ինչպիսին Էրմիտաժն է: Էրեբունու և Էրմիտաժի գիտաշխատողների համատեղ ջանքերով ստեղծվել է գիտահանրամատչելի և պատկերազարդ բուկլետ, որը տեղադրված է անկյան մոտ: Յուրաքանչյուր այցելու կարող է անվճար վերցնել այդ բուկլետները: Անկյունը կպահպանվի առնվազն մեկ տարի ժամանակահատվածով։

Նշենք, որ այս տարվա երկրորդ կիսամյակում կբացվի Էրմիտաժի անկյունը Էրեբունի թանգարանում: Այդ կապակցությամբ ընթանում են անկյան հայեցակարգի ստեղծման աշխատանքները: Բացի այդ, Էրմիտաժի տնօրեն Մ. Պիոտրովսկու և Էրեբունու թանգարանի տնօրեն Մ. Բադալյանի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ստեղծել Կարմիր բլուրում հայ-ռուսական համատեղ հնագիտական արշավախումբ և վերականգնել երբեմնի հարուստ ավանդույթները:

Հիշեցնենք, որ Կարմիր բլուրում իրականցրած պեղումները գլխավորապես տեղի են ունեցել ականավոր հնագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բ. Պիոտրովսկու ջանքերով: Վերջինիս ծննդյան օրն էլ բացվել է վերոնշված ցուցադրությունը»,- ասված է հրապարակման մեջ:

«Էրեբունի» թանգարանի անկյան բացմանը անդրադարձել է նաև Պետական Էրմիտաժը։

Լուսանկարները՝ Պետական Էրմիտաժի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter