HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Կառավարությունն ընդդեմ Հայաստանի Սահմանադրության

Հայաստանում տնտեսական կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրության երեք հոդվածներով։ ՀՀ կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը, սակայն,  տրամագծորեն հակառակ է այն դրույթներին, որոնք սահմանված են այդ հոդվածներում։ Այս նյութը չծանրաբեռնելու համար, մեջբերում եմ այդ հոդվածների այն կետերը, որտեղ սահմանվում են առանցքային դրույթները։ Կառավարության վարած իրական քաղաքականությունը կհամեմատենք այդ դրույթների հետ։

Հոդված 11․             Տնտեսական կարգը

Հայաստանի Հանրապետության տնտեսական կարգի հիմքը սոցիալական շուկայական տնտեսությունն է, որը հիմնված է մասնավոր սեփականության, տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության վրա և պետական քաղաքականության միջոցով ուղղված է ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Հոդված 154․           Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը 

  1. Կառավարությունն իրականացնում է ֆինանսատնտեսական, վարկային և հարկային միասնական պետական քաղաքականություն:

Հոդված 59․             Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը

  1. Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

Այս երեք հոդվածների առանցքը տնտեսական մրցակցությունն է։

Սահմանադրության 11-րդ հոդվածում սահմանված շուկայական տնտեսությունը նշանակում է ազատ մրցակցության և առաջարկի/պահանջարկի վրա հիմնված կարգավորման մեխանիզմներ։ Շուկայական տնտեսությունը չի ընդունում Կառավարության անընդհատ և որոշիչ միջամտություն տնտեսությանը։ Կառավարությունը գլխավոր պարտավորությունը Սահմանադրությունում և օրենքներում ձևակերպված խաղի կանոնները պահպանելն է։

Մինչդեռ մեր Կառավարության հիմնական գործելակերպը տարատեսակ արտոնություններ, աջակցություններ, խրախուսումներ, գերակա ոլորտներ սահմանելն է դարձել։ Կառավարության այդ գործելակերպը սպանում է մրցակցությունը։ Այդպիսի տնտեսությունը շուկայական չէ, այն վարչա-հրամայական է։ Կառավարությունը խիստ տարբեր մրցակցային պայմաններ է սահմանում տարբեր կազմակերպությունների համար։ Ի՞նչ սոցիալական արդարության մասին կարելի խոսել, երբ Կառավարությունը ՏՏ ոլորտի 2-3-4 միլիոն դրամ աշխատավարձ ստացողներից գանձում է ընդամենը 10% եկամտահարկ, իսկ անհամեմատ քիչ եկամուտ ունեցողներից՝ 20%։ Թվարկածը ուղղակի հակասում է հոդված 11-ի և՛ շուկայական տնտեսություն, և՛ ազատ տնտեսական մրցակցություն, և՛ սոցիալական արդարություն սկզբունքներին։ Այսպիսով խախտվում են Սահմանադրության 11-րդ հոդվածի առանցքային դրույթները։

Կառավարությունը տարբեր կազմակերպությունների համար տարբեր (էապես տարբեր) հարկման դրույքաչափեր է սահմանում։ Միայն ՏՏ ոլորտում 2,800 կազմակերպություն։ Դրանով Կառավարությունը խախտում է հոդված 154-ի միասնական պետական քաղաքականություն դրույթը։

Շուկայական տնտեսության և մրցակցության սահմանափակումները կարգավորվում են Սահմանադրության 59-րդ հոդվածով, որը հեղինակները նուրբ հումորով անվանել են «Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը»։ Հոդվածը, սակայն, ոչ թե երաշխավորում է մրցակցությունը, այլ թույլատրում է «Մրցակցության սահմանափակումը հանրային շահերի պաշտպանության նպատակով»: Հստակ գրված է՝ տնտեսական մրցակցությունը կարող է սահմանափակվել միայն «հանրային շահերի պաշտպանության նպատակով»։ Օրինավոր երկրներում հանրային շահ կարող է համարվել, օրինակ, երբ, սահմանից հեռու նոր օդանավակայան է պետք կառուցել, կամ պաշտպանական նպատակներով նոր ճանապարհ պետք է կառուցել։ Այդպիսի որոշումներ պետությունների կյանքում լինում են մի քանի տարին մեկ։

Մեր Կառավարությունը, ամեն տարի, ՏՏ ոլորտը խրախուսելու նպատակով, մի քանի հարյուր ՏՏ կազմակերպությունների մեծ հարկային արտոնություններ, դրամաշնորհներ, աջակցություններ է տալիս, այդպիսով՝ կոպտորեն ոտնահարում է մյուս կազմակերպությունների Սահմանադրությամբ տրված իրավունքները։ Ուրեմն Կառավարությունը պարտավոր էր հատ-հատ հիմնավորել, որ այդ 2,800 կազմակերպություններից յուրաքանչյուրի հարկային արտոնությունը «պաշտպանում է հանրային շահը»։

Իհարկե, այդ արտոնությունները որևէ կերպ չեն կարող համարվել հանրային շահ, հակառակը՝ դրանք ոտնահարում են այդ հասկացողությունը։

Արդյո՞ք Հայաստանի հանրային շահ է, երբ հարկային արտոնություններ են տրվում կազմակերպությունների, որոնք Հայաստանում տարածում են ռուսական 1С հաշվապահական ծրագիրը՝ ոտնահարելով տեղի արտադրողների իրավունքները։

Արդյո՞ք Հայաստանի հանրային շահը պահանջում է 514․9 միլիոն դրամի (1․3 միլիոն դոլարի) օգնություն տալ ՏՏ ոլորտի աշխարհի 5-րդ ընկերությանը՝ Nvidia-ին։ Nvidia-ի շուկայական արժեքը 1.7 տրիլիոն դոլարից ավել է։ Համեմատեք աղքատ Հայաստանի տնտեսության հետ։ Կառավարությունն ասում է, որ այդպես նրանք Հայաստան են բերում համաշխարհային ընկերություններ և նոր աշխատատեղեր են ստեղծում։ Այս ի՞նչ պատկերացում է ՏՏ ընկերությունների մասին։ Այդ ընկերությունները գնում են այնտեղ, որտեղ որակյալ մասնագետներ կան, ոչ թե այնտեղ, որտեղ նրանց օգնություն են տալիս։

Ի դեպ, նոր աշխատատեղերի մասին։ Կառավարությունը, պարծենալով, ասում է, որ 7․8 միլիարդ դրամի օգնություն շնորհիվ ՏՏ ոլորտում 5,854 աշխատատեղ է ստեղծվել։ Մինչդեռ ըստ ԱՎԾ-ի՝ 2023-ին Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատողների թիվը կազմել է 31,989՝ նախորդ տարվա 33,140-ի համեմատ նվազելով 3.5%-ով կամ 1,151 մարդով։

Առաջարկում եմ նոր Սահմանադրության Տնտեսական մրցակցությունը պաշտպանող հոդվածը ձևակերպել այսպես՝ «Տնտեսական մրցակցությունը չի կարող սահմանափակվել որևէ օրենքով կամ Կառավարության որևէ որոշումով»։ Մոտավորապես՝ ԱՄՆ սահմանադրության խոսքի ազատությունը պաշտպանող 1-ին ուղղման նման։

Պետք է անդրադառնալ նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովի գործունեությանը։ Հանձնաժողովի գլխավոր դերը մրցակցության պաշտպանությունն է։ Բոլոր կազմակերպությունների։

Սակայն, մինչև օրս ես գոնե մեկ կազմակերպության մրցակցային իրավունքները պաշտպանելու վարույթի ծանոթ չեմ։

Մենք բացառապես սպառողներին բարձր գներից պաշտպանելու վարույթներ ենք տեսնում։ Տնտեսական մրցակցության էությունը չհասկանալու դեպքում, կարող է թվալ, թե գործարարը և սպառողը հակառակ շահեր ունեն։ Գործարարը ձգտում է բարձր շահույթներ ունենալ, սպառողը ձգտում է ունենալ ցածր գներով որակյալ ապրանքներ։ Սակայն այստեղ հակասություն չկա։ Մրցակցության հավասար, արդար պայմաններում, բարձր շահույթներ ստանալու համար, արտադրողները ձգտում են լավ աշխատել, նորամուծություններ անել, իջեցնել գները և բարձրացնել արտադրանքի որակը։ Արդյունքում շահում է նաև սպառողը։ Սա՛ է պատճառը, որ տնտեսական մրցակցությունը պետք է պաշտպանել։ Իսկ, եթե իրո՛ք գների չարաշահում կա, նշանակում է ՄՊՀ-ը լավ չի արել արդար մրցակցություն ապահովելու իր դերը։

Սպառողների իրավունքները պաշտպանող տասնյակ կազմակերպություններ կան։ Եւս մեկի կարիքը չկա։ ՏՄՀ-ն պետք է զբաղվի կազմակերպությունների մրցակցային իրավունքները պաշտպանելով։ Առաջին հերթին պետք է պայքարել արտոնությունների դեմ։

Վարչապետ Փաշինյանը Նոր տարվա շնորհավորանքի խոսքում, թվարկելով բարեփոխումները, մի քանի անգամ շեշտեց, որ դրանք հնարավոր է եղել անել օրենքով հարկ վճարողների շնորհիվ։ Վարչապետը տնտեսությանը նվիրված իր ամեն խոսքում գովում է հարկ վճարողներին՝ նրանց անվանելով այսօրվա թիվ մեկ հերոսներ։ Դրան զուգահեռ Կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմնականում զբաղված է, ինչքան կարելի է շատ կազմակերպությունների, հարկային արտոնություններ տալով։ Հարկային արտոնություններից զատ ՏՏ ընկերությունները ստանում են միլիարդավոր դրամի նվիրատվություններ։ Մի՞թե Կառավարությունում որևէ մեկը չի զգում, որ իրենց արածը հակասում է իրենց ասածին։

Ուշադրություն դարձրեք․ մենք ոչ մի պետական պաշտոնյայից չենք լսել տնտեսական որևէ կոնցեպտուալ միտք։ Հայաստանի տնտեսությանը վերաբերվող միակ կոնցեպտուալ նյութը, Սահմանադրության երեք հոդվածներն են, որոնք հետևողականորեն ոտնահարվում են Կառավարության կողմից։ Մեր Կառավարությունը վերածվում է գորշ, անդեմ, միայն ի՛ր «հանրային շահերն» ունեցող չինովնիկական զանգվածի։

Մի քանի անգամ իմ դժգոհությունն եմ հայտնել Էկոնոմիկայի և ԲՏԱ նախարարություններից։ Հիմա, սակայն, պետք է ասեմ, որ առանց կոնցեպտ ունենալու անձանց փոխելով, մենք վիճակը չենք լավացնի։ Տեսեք ինչ է կատարվում ԲՏԱ նախարարությունում։ Արդեն քանի նախարար փոխվեց։ Այդտեղ, ով էլ նշանակվի, վարկաբեկվելու է, որովհետև այդպիսի նախարարություն ուղղակի պետք չէ։ Իսկ ոչ պետքական կառույցը դատապարտված է անհեթեթություններ անելու, ինչը մենք ամբողջ ծավալով տեսնում ենք ԲՏԱ նախարարությունը ստեղծելուց հետո, մինչ օրս։

Մինչդեռ մեր տնտեսությանը սպառնում է ՏՏ ոլորտին աջակցող նոր օրենք։

Աշոտ Խաչատրյան

Հայկական Ծրագրեր ընկերության նախագահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter