HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիկացի ազգագրագետ. «Հայաստանն առանց հայերի կդառնա լոկ լեռնաշխարհ»

«Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գրքի հեղինակ, ամերիկացի ազգագրագետ, լուսանկարիչ Ռոբերտ Բեքմեն Բրինին հանդիպեցինք Կարմիրգյուղի N1 միջնակարգ դպրոցում: Ռոբերտը եկել էր հերթական անգամ հանդիպելու ու շփվելու իր համար հարազատ դարձած մարդկանց հետ: Կարմիրգյուղում Ռոբերտը սպասված ու սիրված հյուր է:

Ռոբերտի համար Հայաստանը բացահայտվել է ընդամենը մեկ տարի առաջ: Ինչպես ինքն է ասում, ինքը չգիտեր` որտեղ է Հայաստանը և ինչպիսին է այն: Նա Հայաստան է եկել` իր ծանոթուհի Լուսինե Դաշյանի հետ հանդիպելու նպատակով: Լուսինեին էլ ձոնվել է Ռոբերտի գիրքը:

«Քրիստոնեությունը Հայաստանի խաչմերուկներում» գիրքը լույս է տեսել այս ապրիլին: Գրքում տեղ է գտել ՀՀ-ի և Արցախի 25 պատմաճարտարապետական հուշարձան՝ իր լուսանկարներով ու պատմություններով. Տաթև, Գեղարդ, Նորավանք, Որոտնավանք, Հաղպատ, Սանահին, Հովհանավանք, Սաղմոսավանք, Հաղարծին, Մարմարաշեն, Սևանավանք, Գանձասար, Գավառի Սուրբ Հովհաննես մատուռ և այլն:

Գրքի մասին պատմելով` Ռոբերտը հպարտությամբ է նշում, որ Գառնիի և Գեղարդի վաճառակետերում դրված բոլոր օրինակներն արդեն վաճառվել են: Գրքի նախաբանում, խոսելով հայ ժողովրդի մասին, հեղինակը գրում է. «Ես մինչև Հայաստան գալս չգիտեի, թե ով և ինչպիսին է հայը: Հայ ժողովուրդը օտարին ու հյուրին գրկում է իր հոգով ու սրտով, ոչ թե բազուկներով: Չկա այդպիսի մի հայ, ում հանդիպես, ու քեզ չհրավիրի իր տուն` իր հացը կիսելու, իր հետ սուրճ խմելու: Հայի հետ սուրճ խմելն էլ սովորականի պես չէ: Նստում են, զրուցում, ու հայն իր սիրտն է բացում քո առաջ և ցույց տալիս իր բյուրեղյա հոգին: Նրանք հյուրասիրում են իրենց ծառի պտուղը, ասում են` կեր իմ ծառի ծիրանից, շատ լավն է: Իսկ Հայաստանում ծիրանը արևի համբույրն է»:

Ռոբերտը եղել է նաև Գավառի մանկատանը: «Գավառի մանկատան մանուկներն այնքան ջերմ են, խելացի ու տխուր աչքերով: Նրանք ինձ ուղեկցեցին իրենց սենյակները և հաճույքով համաձայնեցին լուսանկարվել»,- ասում է նա:

Ռոբերտը եղել է Հայաստանի գրեթե բոլոր վայրերում, տեսել մեծաթիվ վանքեր ու եկեղեցիներ, վանական համալիրներ, շրջել Սևանի ափին, ծանոթացել Հայաստանի պատմությանը: Բայց լուսանկարիչն ամենից շատ սիրում է Կարմիրգյուղն ու այնտեղի բնակիչներին: Ապրելով Կարմիրգյուղում՝ մասնակցել է հարսանիքների ու նշանադրությունների: Հյուրընկալ ընտանիքների հետ լավաշ է թխել ու խորոված արել:

Հիմա Ռոբերտը հպարտությամբ է նշում, որ ինքը լավաշ թխել գիտի: «Սիրում եմ հայկական խորովածը, Քյավառի փախլավան, Կարմիրգյուղի քյուֆթան: Խաշ էլ եմ ուտում. լավաշը թրջում եմ խաշի հյութի մեջ ու մատներով ուտում, ինչպես իմ սեղանակիցները»,- ասում է նա: Հայկական ճաշերից Ռոբերտը նախընտրում է տոլման:

Ամերիկացի ազգագրագետի կարծիքով հայ մարդիկ, ի տարբերություն ամերիկացիների և զարգացած մյուս երկրների մարդկանց, ավելի դժվար կյանքով են ապրում, չարչարանքով ստեղծում իրենց օրվա ապրուստը, բայց դժվարությունների կողքին ջերմ են ու հյուրընկալ: «Հայաստանն առանց հայերի կդառնա լոկ լեռնաշխարհ, քանի որ այս երկիրը իրենք` հայերն են զարդարում»,- ասում է Ռոբերտ Բեքմեն Բրինը:

Արդեն չորրորդ անգամ լինելով Հայաստանում՝ Ռոբերտը շարունակում է հարուստ նյութեր հավաքել ՀՀ-ի ու Արցախի պատմության հուշարձանների, մշակույթի և արվեստի, այստեղ ապրող ինքնատիպ մարդկանց մասին:

Ազգագրագետը ապրել ու շրջել է մեծաթիվ երկրներում, եղել Հայաստանի հարևան երկրներում, ծանոթացել նրանց մշակույթներին: Դրական գնահատելով բոլոր ազգերի մշակութային և ազգային ժառանգությունները` Ռոբերտը յուրօրինակ ու ինքնատիպ է համարում հայկականը:

Այն հարցին, թե օտարի աչքերով որքանով են նույնանում ՀՀ-ի և Արցախի պատմամշակութային հուշարձանները, Ռոբերտը պատասխանում է. «Ես երեք անգամ եղել եմ Արցախում և ամեն անգամ նորովի եմ տպավորվել արցախցիներով, Արցախի հուշարձաններով ու յուրօրինակ բնությամբ: Եղել եմ Դադիվանքում, Շուշիում, Գանձասարում: Ես չեմ տարանջատում արցախցուն և հայաստանցուն, նրանք նույնն են իրենց լեզվով, մշակույթով և էությամբ: Իսկ Արցախի բնությունը հոյակերտ է` դրախտային մի վայր»:

Ռոբերտը այցելել է նաև Ծիծեռնակաբերդ, խնկարկել Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի և Սարդարապատի հերոսամարտերի տոնակատարություններին: Նրա ուշադրությունը գրավել են հայկական վիշապաքարերը, որոնք տեսնելու համար նա հերթով լինում է այն վայրերում, ուր կան դրանցից:

Չնայած ծանոթ չէ Հայաստանի բուսական աշխարհին ու դեղաբույսերի նշանակությանը, սակայն Ռոբերտի աչքից չի վրիպել, թե ինչպես են լեռներ գնալիս հայ աղջիկներն ինչ-որ խոտաբույսեր ու թեյի ծաղիկներ հավաքում, որոնցից պատրաստված թեյերը նա շատ է հավանում:

Ռոբերտի կարծիքով՝ հայ ժողովուրդը մշակույթն ու երկիրը զարգացնելու համար պիտի դրսից վերցնի համաշխարհային քաղաքակրթության փորձն ու արժեքները, միաժամանակ հայկականը կարողանա արտահանել ու մատուցել դրսի աշխարհին: «Հայերն իրենց տանն ու երկրին նայում են նեղ ու փոքրիկ պատուհանից ու այդպես նեղ հորիզոնով էլ ցույց տալիս երկիրն ու ազգային հարստությունը: Պիտի կարողանան այնպես ներկայացնել հային ու հայկականը, որ աշխարհի բոլոր անկյուններում ճանաչեն հային ու մատնացույց անեն քարտեզի վրա չերևացող Հայաստանի տեղը»,- ասում է նա:

Ռոբերտը ամեն անգամ հայրենիք վերադառնալիս իր հետ ԱՄՆ է տանում հայկական կոնյակ և ազգային հուշանվերներ: Այս անգամ էլ որդու համար հայկական դուդուկ է տարել, որ նա Ջիվան Գասպարյանի պես նվագել սովորի:

Հերթական անգամ գնում է Հայաստանից վերադառնալու խոստումով:

Անի Պողոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter