HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը:

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս Այրես» անվամբ զբոսայգու հողամասի սահմանները և զբոսայգու մայթի ու սիզամարգի համար նախատեսված ընդհանուր օգտագործման տարածքում գտնվող ինքնակամ շինություններին տրվել են Հալաբյան 65/6 և 65/4 հասցեները:

Երևանի քաղաքապետի՝ 2008 թվականի հունվարի 22-ի և 2009 թվականի մայիսի 6-ի որոշումներով՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ներառված վերոնշյալ տարածքները քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ուղիղ վաճառքի միջոցով օտարել են ֆիզիկական անձանց:

Մասնավորապես՝ Հալաբյան փողոցի 65/6 հասցեում գտնվող 19.5 քմ մակերեսով կառույցը, 515.89 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև Հալաբյան 65/4 հասցեում գտնվող 36.28 քմ կառույցն ու կառույցի համար առանձնացված 42.16 քմ մակերեսով հողամասերն ուղղակի վաճառքով օտարվել են այն անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինությունները:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ հանցանքի դեպքեր՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ wikipedia.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter