
ՔԿ է այցելել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդը
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ/FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ տիկին Հեդեր Բերգին։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր գործունեության ընթացքում Քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև վերընթաց զարգացող համագործակցության ծավալման գործում անձնական լուրջ ներդրում ունենալու համար, ինչը նշանավորվել է ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ ՀԴԲ-ի միջև 2023թ. մայիսին փոխըմբռնման հուշագրի կնքմամբ։
Արսեն Այվազյանը հավելել է, որ այդ համագործակցությունը շարունակում է տալ շոշափելի արդյունքներ, մասնավորապես՝ փողերի լվացման և անդրազգային մի քանի հանցատեսակների դեմ պայքարում ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման, ԱՄՆ ՀԴԲ-ի կողմից ցուցաբերած աջակցությամբ ՔԿ-ում քննվող որոշ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ոլորտներում։
Տիկին Բերգն իր հերթին բարձր է գնահատել Քննչական կոմիտեի հետ նախընթաց տարիներին ձևավորած ջերմ և արդյունավետ հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում ամփոփվել և գնահատվել են համատեղ կատարված աշխատանքները, քննարկվել են Քննչական կոմիտեի ներկայիս կարիքները և երկու կառույցների հետագա համագործակցության նոր ուղղությունները։
Մեկնաբանել