
Դեպի ծայրահեղ աջ
Կայացած երկրներում պետության տնտեսական քաղաքականության մասին քննարկումներն ունեն երկու տեսակետ:
Մի կողմը համոզված է, որ պետության միջամտությունը պետք է նվազագույնը լինի: Հարկերը պետք է ցածր լինեն, արդյունքում բիզնեսը կծաղկի: Աշխատասերները կաշխատեն և լավ կապրեն: Մյուսների համար էլ ուժեղանալու լրացուցիչ խթան կառաջանա: Սրանց անվանում են աջ ուժեր: Գործարարները, որպես կանոն, սատարում են աջ ուժերին:
Մյուս կողմը, որ կոչվում են ձախեր, կողմ է հարկերն ու պետության միջամտությունն ավելացնելուն: Նրանք կարծում են, որ պետությունը հավաքված լրացուցիչ միջոցները պետք է ուղղի ինչ-ինչ տնտեսական և սոցիալական ծրագրերի:
Այս երկրորդ մոտեցման կողմնակիցներն են նաև չինովնիկները և կառավարական զանազան կառույցները (բյուրոկրատիան): Նրանք փաստարկներ են բերում, որ իրենց միջամտության շնորհիվ տնտեսությունն «ավելի լավ» կզարգանա, սակայն իրական շարժառիթները, բնականաբար, բոլորովին այլ են: Նրանք պարզապես ցանկանում են, առանց ռիսկերի և պատասխանատվության, տնօրինել ուրիշների վաստակածը:
Հայաստանում չկան աջ և ձախ քաղաքական ուժեր, որ տանեն այս բանավեճը: Դրանց բացակայության պարագայում այս վեճն ընթանում է գործարարների և բյուրոկրատների միջև:
Մի քանի մեջբերում անեմ արդեն տասը տարի ընթացող այդ քննարկումներից: Մեջբերումներն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին՝ զուտ այն պատճառով, որ ես ավելի ծանոթ եմ այդ ոլորտին:
13.04.2002թ. Դելովոյ Էքսպրեսս
«Ի դեպ, Տեղեկատվական Տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը նորմալ զարգանում էր, քանի դեռ կառավարությունը այն չէր հայտարարել գերակա ուղղություն: Այն բանից հետո, երբ այդ ոլորտը զարգացնելու կոչված մի քանի պետական մարմիններ ստեղծվեցին, այդ շուկայի մասնակիցների խնդիրները միայն շատացան»:
15-21.07.2004թ. Դելովոյ Էքսպրեսս
«Ինչո՞ւ Կառավարությունը որոշեց, որ ինքը կարող է զարգացնել ՏՏ ոլորտը: Որտե՞ղ և ե՞րբ են մասնագիտացել այդ մարմիններում աշխատող մարդիկ: Այդ մարմիններում չկա գեթ մի մարդ, որը գոնե մի բան հասկանա ՏՏ ոլորտում կամ բիզնեսում: Այդ մարդիկ բացարձակ ոչ կոմպետենտ են: Իսկ եթե կառավարությունն անպայման ուզում է մի բան անել այդ ոլորտի զարգացման համար, թող մեծացնի ԲՈՒՀ-երում ծրագրավորման ուսանողների թիվը»:
00:34, 18 մայիսի, 2005 hetq.am
«Մենք չունենք որեւէ խնդիր, որը վերաբերում է միայն տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառին։ Մենք ունենք ընդհանուր՝ երկրին և ազգին վերաբերող խնդիրներ: Եթե դրանք լուծվեն, ապա ամենաառաջին հերթին դա դրականորեն կանդրադառնա ՏՏ-ի ոլորտի վրա, քանի որ այստեղ ամենակենսունակ ուժերն են հավաքված»:
Հակառակ կողմն էլ միշտ խոսում է զանազան նորանոր ստրուկտուրաներ ստեղծելու անհրաժեշտության մասին, որոնք իրականում լրացուցիչ ֆինանսական ծախս և ադմինիստրատիվ խոչընդոտ են լինելու բիզնեսի ուսերին:
Ինչպես տեսնում ենք, սա բոլորովին աջերի և ձախերի խոսակցություն չէ: Սա խոսակցություն է պետության ավելորդ միջամտությունից և ծախսերից վախեցող գործարարի և բյուրոկրատիայի միջև:
Մեր տեսակետը միշտ նույնն է եղել. չի կարելի բիզնեսին միջամտել: Չի կարելի թողնել, որ պատեհապաշտ և ոչ կոմպետենտ մարդիկ որոշեն բիզնեսի զարգացման ուղղությունները: Ապահովեք բարենպաստ միջավայր, և բիզնեսը Հայաստանում այնպես կծաղկի, որ դուք էլ կզարմանաք:
Ցավոք, տարբեր ստրուկտուրաների ախորժակը չի քչանում, այլ մեծանում է: Պետության միջամտությունը նույնպես մեծանում է և արդեն համակարգված էքսպանսիայի բնույթ է ստանում:
Կառավարության 2011թ. ծրագրից`
«Արմատական փոփոխությունը, որն առաջարկում ենք տնտեսական քաղաքականության մեջ, այն է, որ այսուհետեև պետությունը պատասխանատու է լինելու ոչ միայն բարենպաստ բիզնես միջավայրի համար, այլև ուղղակիորեն մասնակցելու է ճյուղային արդյունաբերական քաղաքանության իրականացմանը»:
Հայաստանի ՏՏ ճյուղին 10 տարի ուղղակիորեն մասնակցելու արդյունքում՝ այն այսօր խորը ճգնաժամի մեջ է: Այդպես է նաև շատ այլ ոլորտներում:
ՏՏ ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկն ասում է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: NEWS.am
«ՏՏ վարչության պետի պաշտոնում նշանակելու համար ոլորտի մասնագետներին վերջերս հրավիրեցի մասնակցելու մրցույթի, ոչ ոք չեկավ, ինչո՞ւ չեկան, որովհետև աշխատավարձը ցածր էր: Ղեկավարի աշխատավարձը լինում է 140-150 հազար, մասնագետներինը՝ մոտ 70 հազար: Կա՞ն ցանկացողներ, եթե կան, խնդրում եմ եկեք»: Բարձր ինտելեկտուալ կարողություններն ու ցածր աշխատավարձը չեն համատեղվում, դա է ցույց տալիս այժմ էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչությունում բարձրորակ մասնագետների պակասը:
Հայաստանում ոչ միայն աջ և ձախ քաղաքական ուժեր չկան, առավել ևս չկան բավարար թվով պարկեշտ և պրոֆեսիոնալ գործիչներ, որոնք կկարողանան տնտեսական ծրագրեր իրականացնել: Փոխարենը անթիվ գործիչներ կան, որոնք պատրաստ են ծախսել ցանկացած մեծության գումարներ:
Սա որոշիչ հանգամանք է, որը խիստ սահմանափակում է պետության քայլերը: Ինչպիսի՞ն պետք է լինի պետության դերն այս պարագայում:
Պետությունը պետք է վերցնի այնքան ֆունկցիա, ինչքանի համար ունի պարկեշտ և պրոֆեսիոնալ կատարողներ:
Տնտեսական հարցերում պետությունը պետք է երկու բան անի. ապահովի օրենքների կատարումը և մնացած ռեսուրսներն ուղղի կրթությանը: Այսինքն՝ վարի ծայրահեղ աջ տնտեսական քաղաքականություն: Բոլոր թույլ զարգացած երկրները, որոնք կարողացել են աղքատության փոսից դուրս գալ, այսպես են վարվել:
Դժվար է պատկերացնել, որ մեր պետությունը սիրով կգնա այսպիսի քայլերի: Բիզնեսն այս ուղղությամբ անելիքներ ունի: Նա պետք է պետությանը պարտադրի լինել օրինապահ ու հաշվետու և պետք է զբաղվի կրթության խնդիրներով բոլոր մակարդակների վրա՝ դպրոցից մինչև բարձագույն ղեկավարություն:
Աշոտ Խաչատրյան
«Հայկական ծրագրեր»
Մեկնաբանել