HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԵՄ առաքելությունը նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները»․ Արմեն Գրիգորյան

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության 1-ամյակի միջոցառմանը ելույթ է ունեցել, որում ասել է հետևյալը․

«Այսօր նշում ենք Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մեկ տարին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։ Անցած մեկ տարին կարևոր փուլ էր առաքելության համար, որի ընթացքում լուծվել և հսկայական առաջընթաց են գրանցել մի շարք հարցեր կապված առաքելության տեղակայման վայրերի, անձնակազմի համալրման և գործունության իրավապայմանագրային հիմքի հետ։ Վստահաբար կարող եմ նշել, որ այս ընթացքում մենք կատարելագործել ենք նաև Առաքելություն-ՀՀ գերատեսչություններ համագործակցությունը, ձևավորել ենք հաղորդակցության մի շարք արդյունավետ ձևաչափեր։

Առաքելությունը Հայաստանում տեղակայվել է մեզ համար դժվար ժամանակաշրջանում և կարևոր գործառույթ է իրականացնում դիտարկելու Հայաստան-Ադրբեջան միջազգայնորեն ճանաչված սահմանը՝ ողջ երկայնքով։ Մեր գնահատականն այն է, որ առաքելությունը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և կարևոր գործոն է ընթացիկ իրադարձությունների մասով թափանցիկության ապահովման համար։ Մենք անընդունելի ենք համարում առաքելության հասցեին տարբեր երկրներից հնչող անհիմն քննադատությունները և աջակցում ենք առաքելությանն իրականացնելու իր մանդատն ամբողջ ծավալով։ 

Այս կարևոր առաքելությունում ներդրում ունենալու համար մենք շնորհակալ ենք ԵՄ անդամ երկու տասնյակից ավել երկրներին, Բրյուսելի ղեկավարությանը և իհարկե առաքելության անձնակազմին։ Մենք հուսով ենք և ակնկալում ենք, որ շուտով առաքելությունում կտեսնենք ԵՄ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին։ Մենք ողջունում ենք Կանադայի մասնակցությունն ու Նորվեգիայի պատրաստակամությունը միանալու առաքելությանը: 

Միևնույն ժամանակ՝ մենք չենք ցանկանում հանդիսանալ միայն անվտանգության սպառող և այդ կոնտեքստում ՀՀ-ն Բրյուսելին հայտնել է, որ պատրաստ է ներդրում ունենալ ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության քաղաքացիական առաքելություններում։ 

Վերջին երկու տարում ՀՀ-ԵՄ հարաբերություններն ինտենսիվ ընդլայնվում են: Եթե նախկինում ԵՄ-ի հետ օրակարգը ձևավորվում էր հիմնականում տնտեսական համագործակցության և ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ, ապա այսօր կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնվել և իր մեջ ներառել է անվտանգությունը որպես համագործակցության կարևոր ուղղություն: Մենք ԵՄ-ին և անդամ պետություններին դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևոր գործընկերներ: 

Ցանկանում եմ նաև նշել, որ առաքելությունը հանդիսանում է ԵՄ-ի հետ համագործակցության կարևոր օղակներից մեկը: Այն նոր մակարդակի է բարձրացրել Երևան-Բրյուսել հարաբերությունները և, ինչպես հաճախ նշում ենք դրական ազդեցություն է ունեցել ԵՄ-ի մասին Հայաստանի հանրության կարծիքի ձևավորման վրա։ Իհարկե առաքելության մանդատը չի փոխելու հանրային կարծիքը ԵՄ վերաբերյալ, բայց միանշանակ է, որ առաքելությունն իր ամենօրյա աշխատանքով, համայնքներ այցելելով և տեսանելի գործունեությամբ հանրության մեջ դրական կարծիք է ձևավորել ԵՄ նկատմամբ: Մենք Եվրոպական միության հետ կիսում ենք նույն ժողովրդավարական արժեքները և ուրախ ենք արձանագրել, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը ներառել է նաև անվտանգության ոլորտը։ 

Կրկին շնորհավորում եմ բոլորիս և մաղթում խաղաղություն ու հաջողություն մեր ընդհանուր գործում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter