
Հանրապետության նախագահն առարկել է դատավորի թեկնածությանը. նրան հանել են առաջխաղացման ցուցակից
Բարձրագույն դատական խորհուրդը փետրվարի 14-ի որոշմամբ Հանրապետության նախագահին առաջարկել էր Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի թեկնածությունը:
Սակայն նախագահն առարկություն է ներկայացրել Մհեր Պետրոսյանին՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր նշանակելու առաջարկին: ԲԴԽ-ն փետրվարի 20-ին ընդունել է նախագահի առարկությունը և Մհեր Պետրոսյանին հանել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնից:
Նշենք, որ Մհեր Պետրոսյանը վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2016թ սեպտեմբերի 29-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Մինչ այդ աշխատել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետ, ապա նույն դատարանի նախագահի խորհրդական:
Նմանատիպ դեպքերում հանրապետության նախագահի գրասենյակից չեն մանրամասնում, թե կոնկրետ ինչ առարկություն է ներկայացվում առաջխաղացման ցուցակում ընդգրկված դատավորի վերաբերյալ:
Մեկնաբանել