HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ էլ ՊՆ-ն տեղյակ չեն, թե ինչպես է Չեխիայի քաղաքացին հատել հայ-ադրբեջանական սահմանը

2024 թվականի փետրվարի 3-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություն էին տարածել այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու պահին ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են Չեխիայի քաղաքացու։ Ավելի ուշ, լուրը հաստատեց նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը։ Հայկական կողմը և պետական որևէ գերատեսչություն այդպես էլ չմեկնաբանեցին։ Պարզվում է, որ թե ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, և թե Պաշտպանության նախարարությունը տեղեկություն չունեն, թե ով է Չեխիայի քաղաքացին, և ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը։

Տեղի ունեցածի վերաբերյալ «Հետք»-ը հարցում էր ուղարկել թե ԱԱԾ-ին, և թե Պաշտպանության նախարարությանը։ Մեզ հետաքրքիր էր, թե սահմանի որ հատվածից է անցել քաղաքացին, անվտանգային որ գերատեսչության պահպանության ներքո է եղել սահմանի այդ հատվածը, ինչպես է այդ քաղաքացին կարողացել հատել միջդիրքային ականապատ տարածքը, արդյոք հայկական կողմը ներգրավված է Չեխիայի քաղաքացու՝ Բաքվից հետվերադարձի գործընթացին, և վերջապես արդյոք այդ անձը կապ ունի Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ։

Երկու գերատեսչություններն էլ տվել են նույնաբովանդակ պատասխան այն մասին, որ Չեխիայի քաղաքացու կողմից սահմանի հատման վերաբերյալ իրենք տեղեկատվություն չունեն։ Եվ սա այն դեպքում, երբ Պաշտպանության նախարարությունը խնդրել էր 30-օրյա լրացուցիչ ժամկետ՝ մեր հարցերին պատասխանելու համար։

Մինչ օրս անհայտ է, թե ինչ հանգամանքներում է Չեխիայի քաղաքացին հայտնվել ադրբեջանական տարածքում։ Պաշտոնական Բաքուն ևս լուռ է և դեպքի մասին հայտնելուց հետո որևէ նոր հաղորդագրություն չի տարածել։ Լուռ է նաև չեխական կողմը։

Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի սկզբին, հրապարակելով գրեթե նույնաբովանդակ նյութեր այս դեպքի մասին, անընդհատ ընդգծում էին, թե ինչպես է այս անձը ականապատ դաշտով անվնաս հատել սահմանը։ Իսկ Caliber.az-ը, որը մոտ է կանգնած այդ երկրի պաշտպանության նախարարությանը, հավելել էր, թե Չեխիայի քաղաքացին կարող է կապ ունենալ արևմտյան հետախուզական ծառայությունների կամ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ։

Ավելին, ըստ ադրբեջանական այս աղբյուրի, Չեխիայի քաղաքացին սահմանը հատել էր Սիսիանի կողմից դեպի Արցախի Քաշաթաղի շրջան (Լաչինի շրջան)։ Իսկ հարցաքննության ժամանակ անձը նշել է, որ ալպինիստ է և ադրբեջանական տարածքում է հայտնվել տեղանքում մոլորվելու հետևանքով։ Caliber-ի փոխանցմամբ՝ նա ռուսախոս է։

Չեխիայի դեսպանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել էր, թե դեպքն առնչություն ունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության որևէ անդամի հետ՝ դա համարելով «ֆեյք» լուր։

«Ազատություն»-ն էլ նշում է, որ այս ձերբակալությունը հաջորդել է հունվարի 31-ին Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հայտարարությանը, թե չեխական կողմը ճնշում կբանեցնի Բաքվի վրա՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար։

«Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչու իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար»,- Երևանում ասել էր Մարկետա Պեկարովա Ադամովան:

Բաքվից կոշտ էին արձագանքել այդ հայտարարությանը՝ Պեկարովա Ադամովային խորհուրդ տալով զերծ մնալ «հայկական կեղծիքները մեկնաբանելուց»։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter