HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը». Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած նիստում Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցին:

Ըստ կառավարության պարզաբանման՝ որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 156-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից: Մասնավորապես՝ ՀՀ Սահմանադրության 156-րդ հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր տարվա համար Կառավարությունը զեկույց է ներկայացնում Ազգային ժողով իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Կառավարությունը յուրաքանչյուր տարի` մինչև մարտի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց»: Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին կառավարության զեկույցը մշակվել է բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Այն ներառում է Կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ արդյունքային և թվային ցուցանիշներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, զեկույցում ներառված է 2023թ. Հայաստանի սոցիալ-տնտեսական պատկերը նկարագրող ցուցանիշներ, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մի շարք վարկանիշներում Հայաստանի դիրքի վերաբերյալ տվյալներ, որոնք ի ցույց են դնում Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու արդյունքները:

Արձագանքելով՝ վարչապետը նշել է. «Ավանդույթի համաձայն մենք Կառավարության տարեկան զեկույցն ավելի մանրամասն քննարկում ենք խորհրդարանական ձևաչափով, այսինքն՝ Ազգային ժողովում: Այսօր Կառավարության նիստում ես ուզում եմ երկու հանգամանքի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնել:

Առաջինը, որ մենք 2021թ. նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը, իհարկե, շատ հավակնոտ ցուցանիշ է: Կարող եմ ասել, որ 2023թ. մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ: Նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. տնտեսական աճի ցուցանիշը 12,6 տոկոս էր, նաև եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք, տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր: Ըստ էության, նաև 2021թ. ցուցանիշները՝ նույնիսկ հաշվառումով, միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, իհարկե, համապարփակ ցուցանիշ է, ինչը բոլոր ոլորտների վրա՝ առանց բացառության, ունենում է կոնկրետ ազդեցություն:

Երկրորդը՝ ես կուզենայի ընդգծել բյուջետային ցուցանիշները, որովհետև 2023թ. մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 միլիարդ բյուջետային եկամուտներ: Որպեսզի այս թվի բովանդակությունն առավել հասկանալի լինի, ասեմ, որ 2017թ. բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեի աճը, հարկային եկամուտների մասին է խոսքը, կազմել է շուրջ 92 տոկոս: Այսինքն՝ 2017թ. նկատմամբ մենք բյուջեի հարկային եկամուտներն ավելացրել ենք 92 տոկոսով, չնայած՝ ավելի ճիշտ կլինի ասել, որ ոչ թե մենք ենք ավելացրել, այլ հարկ վճարողներն են ավելացրել: Եվ ես կրկին ուզում եմ բոլոր մեր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ձեռք բերածով չպետք է բավարարվել, քանի որ Հայաստանում, ցավոք, շարունակում է մնալ ստվերային տնտեսություն: «Մեզ մոտ ստվերային տնտեսության մեջ պիտի նկատի ունենանք նաև այն դեպքերը, երբ մենք գործնականում հարկային վարչարարություն չենք իրականացնում, կամ էլ այն դեպքերը, այսինքն՝ օրենքով նախատեսված է հարկային վարչարարություն, բայց դե ֆակտո դա չի իրականացվում: Մենք նախորդ տարի մի այդպիսի քայլ արեցինք այս տարվա համար, և այս տարի արդեն մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք, որ բնակարանների վարձակալության դեպքում դրանք հայտարարագրենք: Երբ մենք այս որոշումը կայացնում էինք, ես հիշում եմ, որ բավականին հոռետեսություն կար, թե դա ինչքանո՞վ կաշխատի, բայց ես գիտեմ նաև, որ արդեն իսկ Հայաստանի շուրջ 15 392 քաղաքացի (շուրջ 21 000 հայտարարություն) հայտարարագրել է, որ վարձով բնակարան է տալիս»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսի է եղել, որ օրենսդրությամբ բնակարան վարձակալելու պարագայում հարկի վճարումը նախատեսված է եղել, բայց գործնականում դա չի իրականացվել: Պարզաբանելով Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը նշել է, որ պարզ համակարգ է ներդրվել հարկային օրենսգրքում, որ եթե անձն ուզում է հայտարարագրել իր եկամուտները վարձակալությունից, պարզ ձևաչափով հայտարարություն է ներկայացնում հարկային մարմին իր եկամուտների մասին և հաջորդ տարի արդեն հայտարարագիրը ներկայացնում է:

Լուսանկարը՝ վարչապետի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter