HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսների նախարարությունը Արմավիրի մարզի 5 համայնքում սուբվենցիոն ծրագրերով խախտումներ է արձանագրել

Արմավիրի մարզի 5 համայնքապետարաններում «ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրում՝ ենթակառուցվածքների զարգացման նպատակով» միջոցառման շրջանակում Ֆինանսների նախարարության բյուջետային վերահսկողության վարչության կողմից 2023թ. իրականացվել են ստուգումներ: Արձանագրվել են մոտ 56 մլն 411 հազ. դրամի խախտումներ, ինչից 28 մլն 441 դրամը ենթակա է վերականգման: 

Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Խորեն Սարուխանյանի փոխանցմամբ՝ վերականգնման ենթակա գումարներից մոտ 13 մլն 649 հազ. դրամը վերադարձվելու է պետական բյուջե, իսկ 14 մլն 792 հազ. դրամը՝ համապատասխան համայնքային բյուջեներ:

Գումարային տեսանկյունից ամենախոշոր խախտումներն արձանագրվել են Փարաքարի համայնքապետարանում: Ստուգման ենթարկված 4 սուբվենցիոն ծրագրերի գծով արձանագրվել են 36 մլն 735 հազ. դրամի խախտումներ: Վերադարձման ենթակա է մոտ 9 մլն դրամը:

Խորեն Սարուխանյանն ասաց, որ թեև խախտումներն արձանագրվել են, չվերականգնվող մասով փաստացի աշխատանքներ կատարվել են, սակայն դրանք չեն փաստաթղթավորվել, ինչն էլ հիմք է հանդիսացել, որ խախտում դիտարկվի: 

Ինչ վերաաբերում է համայնքային և պետական բյուջե վերականգնվող գումարներին, ապա, ըստ մարզպետարանի պաշտոնյայի՝ դրանք առաջացել են հիմնականում հավելագրումների հետևանքով: Մասնավորապես՝ կատարվել են չափագրումներ, և արձանագրվել է, որ քառակուսի մետրով ավելի պակաս աշխատանք է կատարվել, քան փաստաթղթավորվել է:

Հաջորդը Մեծամորն է: Համայնքապետարանում ստուգման ենթարկված 6 ծրագրերի գծով արձանագրվել են մոտ 11 մլն 145 հազ. դրամի խախտումներ: Վերադարձման ենթակա է խախտմամբ արձանագրված ամբողջ գումարը, որից մոտ 5 մլն 641 հազարը՝ պետական բյուջե, իսկ 5 մլն 504 հազարը՝ համայնքային:

Արաքսի համայնքապետարանում ստուգման է ենթարկվել 4 ծրագիր, և արձանագրվել են մոտ 6 մլն 915  հազ. դրամի խախտումներ: Իսկ Խոյի համայնքապետարանում արձանագրվել է 1 մլն 615 հազ. դրամի խախտում:

Միայն Բաղրամյանի համայնքապետարանին հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել:

Արմավիրի մարզպետարանից առաջարկել են Մեծամորի, Արաքսի, Խոյի և Փարաքարի համայնքապետարաններում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտերով արձանագրված խախտումները և բացթողումները: Միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումներն ու թերությունները հետագայում բացառելու ուղղությամբ:

Մասնավորապես՝ յուրաքանչյուր ծրագրի գծով կոնկրետ նախագծող, տեխնիկական, հեղինակային հսկողություն իրականացնող և կապալառու կազմակերպությունների հետ քննարկել արձանագրված խախտման փաստերը և համապատասխան միջոցներ ձեռնարկել արձանագրված գումարները պետական և համայնքների բյուջեներ վերականգնման ուղղությամբ:

Համայնքապետարանները թերանում են նաև տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացվող գործառույթների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն սահմանելիս: Առաջարկվել է թույլ չտալ աշխատանքների ծավալային հավելագրումների և անորակ աշխատանքների փաստեր:

Հսկողության պակաս կա նաև հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարման նկատմամբ: Համայնքապետարաններում արձանագրված թերությունների մի մասը վերաբերում է օրենքով սահմանված չափերից ավելի նախագծային փոփոխությունների և ծավալային համադրումների փաստերին:

Խորեն Սարուխանյանն ասաց, որ քանի որ խախտումներն արձանագրվել են սուբվենցիոն ծրագրերով, վերադարձվող գումարներներն էլ բաշխվելու են համամասնորեն՝ ըստ պետության և համայնքի ներդրումների չափի:

Լուսանկարը՝ Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter