HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Պադվալի Վաղոն». ներկայացում` ըստ Հայկազ Հակոբջանյանի համանուն վեպի

«Այդտեղ թաղված են լոռեցի Սրապը և գյումրեցի Պադվալի Վաղոն և դարձյալ մի հայդուկ՝ «Մենակ» անունով: Ռուսահայ երիտասարդի միակ ձգտումն էր, թե երբ պիտի անցնի սահմանը՝ իր հայ եղբայրներին ազատագրելու սուլթանի լծից: Ալեքսանդրապոլցի Վաղոն և լոռեցի Սրապը 1904թ.-ին ընկերներով ճեղքել էին սահմանը և անցել Երկիր՝ միանալու Սասնո ապստամբներին, բայց ռուսաց թագավորի հրամանով սպանվել էին սահմանագլխին և ամփոփվել այդ քարակույտի տակ»: (Խաչիկ Դաշտենց, «Ռանչպարների կանչը»)

Պադվալի Վաղոյի՝ գյումրեցի ֆիդայի Ավետիս Ղարիբյանի կյանքի հերոսական որոշ դրվագներ բեմ հանելն, ըստ Գյումրու «Մտորումների թատրոնի» ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի, օրվա հրամայականն էր. «Մենք հերոսների կարիք ունենք: Նոր սերունդը հերոսների կարիք ունի՝ ինչպես անցյալի, այնպես էլ մերօրյա: Ես, որպես ռեժիսոր, ուզեցի բեմ հանել հերոսին, մի կերպարի, որ վաղուց է վերացել մեր թատրոններից: Գուցե շատերն են լսել Պադվալի Վաղոյի անունը, սակայն քչերը գիտեն, թե ինչպիսի գործունեություն է ծավալել նա Ալեքսանդրապոլում 20-րդ դարասկզբին, ինչ դերակատարություն է ունեցել Արևմտյան Հայաստան ուղարկվող զինամթերքի հայթայթման գործում: Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպի հիման վրա գրված սցենարի բեմականացմամբ փորձել ենք հանդիսատեսին փոխանցել անցյալի հերոսական վառ դրվագներից մեկը»,- ասում է նա:

Պադվալի Վաղոն 19-րդ դարավերջին Գյումրիում գործող ՀՅԴ կառույցի ամենաառեղծվածային գործիչներից է համարվում: Պանդոկատեր Ավոն (Պադվալի Վաղո) այն եզակի անձանցից էր, որ կարողանում էր ազատագրական շարժման կարիքների համար անսպառ քանակությամբ զենք մատակարարել: Մասնավոր անձանցից նա զենք սկսել էր գնել դեռևս 1890-ականներից: Նրա գետնափոր պանդոկն այն տեղն էր, որտեղ կարելի էր հանդիպել և՛ Պոլոզ Մուկուչին՝ Ծիտրո Ալեքի, Նալըն Կարոյի ու Ղուտուղ Արամի ուղեկցությամբ, և՛ բանաստեղծ Ավետիք Իսահակյանին, և՛ ընդհատակյա քաղաքական գործիչների: Վաղոյի պադվալը սոսկ պադվալ չէր, այլ խորհրդանիշը ազգային-ազատագրական շարժման ալեքպոլյան հատվածի: 1900-ականների սկզբին այստեղ էր, որ պիտի ծրագրվեր և անթերի իրականացվեր Ալեքսանդրապոլի պետական զինապահեստների մաքրազարդման երեք գործողություն: 

Պադվալի Վաղոն և մյուս ճանաչված հայդուկները գործել են պատմական շատ բարդ ժամանակաշրջանում, երբ մի կողմից թուրքն էր կոտորում, մյուս կողմից ռուսական հայահալած քաղաքականությունն էր նեղում: 1896-1904թթ.-ին Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետն ու ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր գեներալ-ադյունտատ, իշխան Գրիգորի Գոլիցինը։ Լինելով մոլի միապետական` նա փորձում էր արյան մեջ խեղդել ցանկացած ազգային-ազատագրական շարժում: Նրա կառավարման տարիները հայտնի են «գոլիցինյան ռեժիմ» անունով։ Այդ շրջանում փակվել են հայկական հասարակական կազմակերպություններ, խստացվել է գրաքննությունը, հալածվել են մշակույթի շատ գործիչներ։ Հայ ժողովրդի համար դրանք ապրել-մեռնելու, պայքարի, ունեցածն այրան գնով պահելու տարիներ էին: 

«... Հրացանի պաշտամունք պիտի ունենայինք: Փամփուշտի ու վառոդի պաշտամունք: Վառոդի հոտ պիտի առներ նորածին ամեն հայ մանուկ,- խորհում է Պադվալի Վաղոն,- ամեն հայ օջախի պատի սրբապատկերի տեղ հրացան էր պետք կախել: Ախր, թուրքը հենց այդպես էլ արել է, աչքերիս առաջ: Նայել ենք ու բանի տեղ չենք դրել: Ծիծաղել, անցել ենք: Վախկոտ ենք համարել: Երկու վանք պակաս շինեիք, մի հատ էլ զինգործարան լիներ, տնաշեններ: Արհեստավորների կենտրոն Գյումրիում զինագործ վարպետների պակաս կունենայի՞նք: Տուլան կարող է, Գյումրին չի՞ կարող: Մի բուռ Գյումրին հարյուր բանաստեղծ, հազար երաժիշտ, գիտնական ու նկարիչ ունի: Թուրքը քթներիս տակ զինված խրախճանք է անում: Մենք ապավինել ռուսին՝ անզեն թերև ենք գալիս փողոցներում: Որտեղի՞ց էդ անսասան հավատը ռուս քեռու հանդեպ: Պետք եղավ, վաղը զորքը ետ կքաշի, Կարսը կտա, մեզ կթողնի թուրքի յաթաղանի առաջ: Դարդը կտրե՞լ է պաշտպանի: Կասի՝ տղամարդ եք, կռվե՛ք, տեսնեմ ինչո՞վ եք կռվում»: (հատված Հ. Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպից, 1992թ.):

«Ներկայացման միջավայրը պայմանական է: Սցենարը կառուցված է Պադվալի Վաղոյի հոր և մոր վերհուշի վրա: Նրանք նաև մայր Հայաստանի խորհրդանիշն են և այն ավանդական ընտանիքի խորհրդանիշը, որտեղ հպարտ են, որ իրենց որդին հայրենիքի զինվորն է: Ներկայիս նման չէ. տղա երեխան մոր փեշից կպած, սահմանին մի հատ էլ կրակեցին՝ մոր փեշի տակ: Մեկ դար առաջ կար ընտանիքից, սեփական զգացմունքներից վեր դրած մի կարևոր գաղափար՝ հայրենիքի գաղափարը,- նկատում է ռեժիսորը,- սա ենք ցանկացել շեշտել ներկայացման մեջ: Հակոբջանյանի հեղինակած վեպը շատ բազմապլան է, կերպարաշատ, ընտրել ենք ամենակարևորը՝ առանցքային դարձնելով Պադվալի Վաղոյի Սև ղուլից (ամրոցից) զենքի դուրսբերման դրվագը, անձնականը՝ հայրենիքի ազատության գաղափարին զոհելը»:

Ներկայացման տարածքն, ինչպես և Պադվալի Վաղոյի ընդհատակյա հանդիպումների վայրը, նկուղն է: Գյումրու «Մտորումների թատրոնը» գործում է Ալեքպոլում հայտնի գործարար Տիրատուրյանների ընտանիքին պատկանող տան նկուղում: 100 մետր այն կողմ մի շինություն է, որի նկուղում է գտնվել Ավետիս Ղարիբյանի՝ Պադվալի Վաղոյի գինետունը: Հայտնվելով նկուղային թատրոնում՝ ներկայացման հենց սկզբից ակամայից վերածվում ես կատարվող իրադարձությունների մասնակցի՝ առանց միջամտելու իրավունքի: Ռեժիսորը փորձել է բացի Պադվալի Վաղոյից, ներկայացնել նաև այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են՝ Հակոբ Չիլինգարյանը և Սվազցի Հարությունը՝ Բիձան: 

Պադվալի Վաղոյի դերակատար Դավիթ Մարդոյանի համար կերպարի որոշ հոգեվիճակներ ինչ-որ տեղ շատ հարազատ են: «Ես ինձ չեմ նույնացնում իմ կերպարի հետ, պարզապես եղել են պահեր, որ ես էլ եմ վերապրել արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Ես էլ Վաղոյի նման մտածում էի` եթե ես չգնամ, էն մյուսը չգնա, ինչ է լինելու: Զինկոմից որ ծանուցում ստացա, միանգամից ասել եմ, որ գնալու եմ` չնայած լիքը մարդ խորհրուրդ տվեց, թե մի գնա՝ փախի: Մայրս էլ պնդում էր, որ պիտի գնամ: Այնպես չէ, որ շատ մեծ բան եմ արել Արցախում, բայց էլի ինձ մեղավոր եմ զգում, որ պարտվել ենք: Պադվալի Վաղոն էլ չէր մտածե, թե հայ ազգը պիտի վերանա, ինքը չէր հաշտվի էն մտքի հետ, որ թույլ ենք, զենք չունենք, անճար ենք, մտածում էր, որ միշտ կա ելք ու գտնում էր դրանք,- նկատում է Դավիթը,- և իր ընկերներն էլ էին նույն մտայնությամբ ապրում` Հակոբը, Բիձան...»:

«... -Հասկըցե՛ք, տղեք,- հանդարտ խոսեց Հակոբը,- օր ձեռքներս ծալած նստինք, տեղեն ելնողը գուքա իր բաժինը գուզե: Բըդի չտաս: Տղամարդ էղնիս ու չտաս: Ըսե՛ս, թե կրնաս՝ տար: Թե չէ` ի՜նչ թշնամի, ի՜նչ բարեկամ: Տո՛, տեսե՞լ ես, օր ուժեղը բարեկամ չունենա, մնա մեն-մենակ: Չէ՛, ջանըմ: Ուժեղը ուժեղներով կշրջապատե իրան ու հարգված կեղնի: Ուժեղի սխալը չեն տեսնի, կամ կտեսնին, հըմը չտեսնելու կուտան: Ուժեղից ոխ հանելու համար էլ հաճախ թույլին կծեծեն: Հեչ լացող տղամարդ տեսել ու հարգե՞լ եք: Կնիկը բըդի լաց էղնի ու հանգստանա: Տղամարդը բըդի հերսից օռնա, դոշը դեմ տա ու քշե, չթողնի կռնակեն զարկեն ու մինչև վերջին սոլուխը ինքը զարգե: Բռունցք բըդի էղնինք, տղե՛ք, բռունցք: Ես ըսպես կմտածեմ, գլուխ կջարդեմ ու ուրիշ ճար ու ճամփա չեմ տեսնի»: (հատված Հ. Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպից):

Ներկայացման մեջ չկա զենք, չկա քաղաքականություն, մահն անգամ վերհուշի պատկեր է: Ռեժիսորը ներկայացրել է մի երիտասարդի, որ Երկրի (Սասուն, Վան, Մուշ, Բայազետ...) ազատության զոհասեղանին է դնում իր մատաղ կյանքը, սիրած աղջկա՝ Մանուշի հանդեպ նոր ընձյուղված իր սերը, լեգենդար մի կերպար՝ Պադվալի Վաղոն (Ավետիս Ղարիբյան), որ առանց երկմտելու գնաց կռվելու ու զոհվեց Բասենի դաշտում` սահմանագլխին՝ թիկունքին արձակած կրակոցից: Հովհաննես Հովհաննիսյանը համոզված է, որ ներկայացումը դիտած հանդիսատեսից կլինեն, որ կցանկանան պարտադիր ընթերցել Հայկազ Հակոբջանյանի վեպն ամբողջությամբ ու դա կլինի հաղթանակ: 

«...Քահանան աղոթք մրմնջաց, օծեց դրոշը: Հերթով ընդունեցին սուրբ հաղորդությունը: Հասավ երդումի պահը: Չոքեց Լոռեցի Սրապը, ապա հերթով՝ Անուշավանը, Եգորը, Լևոն Քալանթարյանը, Որսորդ Գևորգը...Վաղոն չոքեց: Դրոշը համբուրելիս մարմնով սարսուռ անցավ, շուրթերը դողացին: Ներսում բարձրացավ ըմբոստության ալիքը: Վճիռն անդարձ է, արյուն է թափվում, հազարավոր անմեղների հարազատ արյուն: Սասունը բոցերի մեջ է, Վանը արյուն է լալիս, Երկիրը քանդվում է: Օգնություն չկա: Աշխարհը քարացել է: Սահմանը բռնած ռուսն անտարբեր նայում, ավելի հաճախ՝ խոչընդոտում է,  ձերբակալում, գնդակահարում: Չես հասկանում` ո՞վ է թշնամի, ո՞վ՝ բարեկամ: Առաջ ես գնում՝ թուրքի յաթաղանն է, ետ գալիս՝ ռուսի հրացանը:

-Երդվում եմ առնել ընկերներիս վրեժը, կռվել մինչև բաղձալի ազատություն: Չխնայել կյանքս, չերկնչել անարգ թշնամու առաջ: Երդվում եմ»: (հատված Հ. Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» վեպից, 1992թ.):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter