HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

500գ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ անչափահասի ներգրավմամբ

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեն։

«ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհրաժեշտ քննչական և վարույթային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ եղբայրները իրենց մտերիմ, 17-ամյա պատանու հետ ձեռք բերելով իրացնելու նպատակով ապօրինի թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական պայմանավորվածություն, 2024թ. փետրվարի 21-ին եղբայրներից մեկի վարած «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենայով ժամանել են Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրի տարածք։ Անչափահաս մտերիմի հետ համապատասխան տեղորոշման հավելվածի օգտագործմամբ, նրանք փնտրել և գտել են քննությամբ դեռևս պարզման ենթակա անձի կողմից նախապես տրամադրված՝ փաթեթավորված թմրամիջոցի գտնվելու կոնկրետ կոորդինատը։ Հայտնաբերելով այն՝ 17-ամյա պատանին վերցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 500 գրամ քաշով թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգվածով փաթեթը, մոտեցրել ավտոմեքենային, իսկ եղբայրներից մեկն այն ամրացրել է ավտոմեքենայի շարժիչի ծածկոցի տակ։ Այնուհետև նույն մեքենայով, երիտասարդները ուղևորվել են դեպի Երևան։ Սակայն ճանապարհին, նույն օրը` ժամը 13։00-ին, հետաքննության մարմնի աշխատակիցների կողմից օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ԱԱԾ, ՆԳՆ ոստիկանության և պարեկային ծառայության ծառայողների հետ, Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Արենի բնակավայրի տարածքում նրանք հայտնաբերվել են, ձերբակալվել և տեղափոխվել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին։ Իսկ հիշյալ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաքննության ընթացքում կատարված ավտոմեքենայի խուզարկությամբ վերը նշված փաթեթը հայտնաբերվել և վերցվել է:

Նշանակված դատանյութագիտական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված փաթեթում առկա 500 գրամ քաշով սպիտակ գույնի բյուրեղանման զանգվածը եղել է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց։ 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հիշյալ երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393–րդ հոդվածի 3–րդ մասի 2–րդ կետով։ Եղբայրների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 17–ամյա անչափահասի նկատմամբ՝ այլընտրանքային համակցված խափանման միջոցներ՝ գրավ, դաստիարակչական հսկողության հանձնել և չբացակայելու արգելք։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը, իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված այլ անձանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter