Ռուսական «Գեոպրոմայնինգը», որն ունի հայկական ակտիվներ, հայտնվել է պատժամիջոցների տակ
2024 թվականի փետրվարի 23-ին Վաշինգտոնը հայտարարեց հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի ներդրման մասին։ Փաթեթում ներառված են ավելի քան 500 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Հատկանշական է, որ այս փաթեթի ընդունումը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի երկրորդ տարով և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվամբ։
Սահմանափակումները համատեղ ներդրել են Ֆինանսների նախարարությունը, Առևտրի նախարարությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը։
Նավալնիի մահվան կապակցությամբ Պետդեպարտամենտը սահմանափակումներ է մտցրել «ռուսական կառավարության երեք պաշտոնյաների մասով»։
ԱՄՆ գանձապետարանն ընդգծել է, որ սահմանափակումները վերաբերում են ռուսական ֆինանսական հատվածի ընկերություններին, Եվրոպայի, Արևելյան և Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի այն ընկերություններին, որոնք օգնում են շրջանցել պատժամիջոցների ռեժիմը: Սահմանափակումների ցուցակում են հայտնվել նաեւ ռուսական ռազմարդյունաբերությանն առնչվող հարյուրավոր ընկերություններ:
Պատժամիջոցներով ԱՄՆ-ն սահմանափակում է նշված ընկերությունների և անձանց մուտքը ԱՄՆ, ֆինանսական և այլ տարատեսակ գործարքները, տնտեսական հարաբերությունները, առևտրաշրջանառությունը և այլն։ Այլ խոսքով՝ «սառեցնում են» կապերը նշված ընկերությունների և անձանց հետ՝ փորձելով սահմանափակել նրանց գործունեությունը, ռուսական ռազմարդյունաբերությանը որևէ կերպ աջակցելու հնարավորությունը և տնտեսապես հարվածել Ռուսաստանին։
Պատժամիջոցների այս նոր փաթեթում է ներառվել նաև ռուսական հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ն (OOO ГЕОПРОМАЙНИНГ):
Ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» ՓԲԸ-ն, «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ն, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան, ինչպես նաև՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Հարցին ի պատասխան, թե ինչպես այս պատժամիջոցները կարող են ազդել «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվների վրա, «Գեոպրոմայնինգ» խմբի ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը խնդրեց գրավոր նամակ ուղղել խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին։ Հարցման պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։
Ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյի որդին՝ Գլեբ Տրոցենկոն, մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է ինչպես «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, այնպես էլ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։
Ե՛վ Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը, և՛ Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։
Երկու ընկերություններում էլ Գլեբ Տրոցենկոյին փոխարինելու եկավ Տրոցենկոներին փոխկապակցված անձ՝ Ռուսաստանի քաղաքացի Սվետլանա Երշովան։
Ենթադվում էր, որ այս քայլը պայմանավորված է պատժամիջոցների գործոնով։ Տրոցենկոն դուրս է եկել հայաստանյան ակտիվներից, որպեսզի այդ ընկերությունները չտուժեն պատժամիջոցներից։
Այս անգամ, սակայն, պատժամիջոցների տակ է հայտնվում հայաստանյան ակտիվները տիրապետող ռուսական «Գեոպրոմայնինգ»-ը։
ԶՊՄԿ-ի նոր բաժնետերն ու նրա կապերը պատժամիջոցների տակ հայտնված մեկ այլ ընկերության՝ AEON Mining-ի հետ
Բացի «Գեոպրոմայնինգ»-ից, Տրոցենկոներին կապակցված մեկ այլ ընկերության անուն ևս հայտնվել է պատժամիջոցների նոր ցանկում։ Խոսքը AEON Mining ընկերության մասին է (ՕՕՕ АЕОН МАЙНИНГ)։ Ըստ ռուսական աղբյուրների՝ ընկերությունը Ռոման Տրոցենկոյի բիզնես կայսրության մի մասն է։ Տրոցենկոյին է պատկանել նույն անունով՝ AEON ենթակառուցվածքային կորպորացիան։ 2023 թվականի ավարտին Ռոման Տրոցենկոն վաճառել է AEON կորպորացիայի 69%-ը, որի գնորդները նույն կորպորացիայում բարձր պաշտոններ զբաղեցնող երկու անձինք են։ Մասնավորապես, AEON Mining-ի բաժնետերերի փոփոխության մասին տեղեկություններ չգտնվեցին։
Սվետլանա Երշովան, որն այժմ բաժնեմաս ունի «Գեոպրոմայնինգ գոլդ»-ում և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում, բարձր պաշտոններ է զբաղեցնում Տրոցենկոներին պատկանող կամ նրանց հետ փոխկապակցված բազմաթիվ ընկերություններում։ Որոշ ընկերություններում նաև որպես սեփականատեր է հանդես գալիս։
Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ 2019 թվականի դրությամբ Սվետլանա Երշովային է պատկանել Ռոման Տրոցենկոյի բիզեսներում հայտնի «Профи» ընկերության 99,01% մասնաբաժինը։
Վերջին հինգ տարիներին համատեղությամբ զբաղեցրած պաշտոնների շարքում է նաև AEON կորպորացիայի (Общество с ограниченной ответственностью Инфраструктурная корпорация «АЕОН») իրավական հարցերով տնօրենը։ Այդ մասին վկայում են ոչ միայն հաշվետվությունները, այլև ռուսական մամուլում տեղ գտած բազմաթիվ հոդվածները:
Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)/ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել