Արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանը աջակցություն է ակնկալում՝ ոտքի կանգնելու համար
2023թ. սեպտեմբերյան իրադարձություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ապաստանած՝ բռնի տեղահանված արցախցիներին թեև ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվում է սոցիալական աջակցություն, այդուհանդերձ այն չի կարող հավիտենական լինել և ի վերջո անհրաժեշտ են այնպիսի քայլեր, որոնք թույլ կտան տասնյակ հազարավոր մարդկանց ստեղծել իրենց կյանքը կառուցելու և սեփական սոցիալական կարիքները հոգալու աղբյուրը:
Լիլիթ Ավանեսյանը Արցախից է, երկկողմանի ծնողազուրկ, բնակվում է մենակ, ՀՀ կողմից տրվող աջակցության հաշվին՝ երևանյան հյուրատներից մեկում: Լիլիթի հայրենասիրական կերպարը ծանոթ է շատերին սոցիալական ցանցերից, Արցախում հավաքները և տարբեր միջոցառումներ սկսվում և ավարտվում էին նրա գեղեցիկ կատարումով:
Արցախում Լիլիթը աշխատում էր մշակութային ոլորտում, բազմաթիվ արցախցի երեխաների վոկալ էր դասավանդում: ՀՀ տեղափոխվելուց հետո նա բնականաբար կորցրել է իր աշխատանքը, թեև ամեն օր ստանում է իր մասնագիտությամբ աշխատելու բազմաթիվ առաջարկներ, բայց չկա տարրական պայմաններ ունեցող մի անկյուն, որտեղ նա կրկին կարող է զբաղվել իր սիրելի մասնագիտությամբ, այդպիսով ոչ միայն ապահովել իր սեփական կացությունը, այլև շարունակել աշխատել արցախից տեղահանված՝ իր նախկին աշակերտների հետ: Հասկանալի պատճառներով չկա նաև այդ անկյունը վարձակալելու ֆինանսական հնարավորությունը:
Ինչպես հայտնի դարձավ, օրերս Լիլիթը գրավոր դիմում էր ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ խնդրելով իրեն մի փոքրիկ անկյուն տրամադրել իր մասնագիտական աշխատանքն այնտեղ իրականացնելու համար: Այս պահին դեռ դիմումը քննարկման փուլում է:
Բայց Հայաստանում կան շատ սրտացավ մարդիկ, ովքեր կարող են իրենց աջացությունը բերել Լիլիթի նախաձեռնած գործին, որը կարող է ապագա հաջողությունների հիմք դառնալ:
Լիլիթին ձեռք մեկնելուն պատրաստ անձինք կարող են նրա հետ կապ հաստատել +37497303236 հեռախոսահամարով:
Մեկնաբանել