HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». չկայացած հեղափոխություն ՀՅԴ-ում

ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովն ավարտեց եռօրյա աշխատանքը: Արդյունքում ընդունվեց առաջիկա երկու տարիներին ՀՅԴ հայաստանյան կառույցի ռազմավարությունը ուղենշող հայտարարություն, ինչպես նաև ընտրվեց Գերագույն մարմնի նոր կազմ:

Մինչդեռ մինչև Գերագույն ժողովի անցկացումը նկատելի լարվածություն կար դաշնակցական և կուսակցությանը համակիր շրջանակներում: Խոսակցություններ էին շրջանառվում, որ հստակ տրամադրություն կա փոխելու Դաշնակցության հայաստանյան կառույցի ղեկավար կազմն ամբողջությամբ, որի արդյունքում ՀՅԴ-ն կդառնա իրական ընդդիմություն գործող իշխանություններին` ներքաղաքական հիմնահարցերում որդեգրելով կոշտ և նույնիսկ հեղափոխական կեցվածք: Այլ կերպ ասած` կարծես խնդիր էր դրված փոխել կուսակցության վերջին 14 տարիների ռազմավարությունը, որի արդյունքում Դաշնակցությունը 11 տարի, այս կամ այն կերպ, մաս էր կազմում իշխանության` համապատասխանաբար ներկայացված լինելով նաև կառավարությունում: Իսկ վերջին 3 տարիների ընդդիմադիր կեցվածքը (հիմնականում պայմանավորված հայ-թուրքական արձանագրություններով) գործնականում որևէ խնդիր չի ստեղծել իշխանության համար, քանզի ՀՅԴ ղեկավարությունը կուսակցությունը գործնականում պահել է «կառուցողական» ընդդիմության դաշտում: Այդ հանգամանքը, սակայն, որևէ նշանակություն չունեցավ խորհրդարանական ընտրությունների ընթացքում, և Դաշնակցությունը ստացավ խիստ համեստ քվե` երկու երրորդով կրճատելով իր ներկայությունը Ազգային ժողովում:

Ընտրությունների այսպիսի ոչ մխիթարական արդյունքները նույնպես դիտարկվում էին ներկուսակցական «հեղափոխության» շարժառիթների շարքում: Ըստ ամենայնի, երկրորդական դեր չուներ նաև անցած տարվա ՀՅԴ ընդհանուր ժողովից հետո սկսված ներկուսակցական ճգնաժամը: Գաղտնիք չէ, որ Դաշնակցության ներկայիս Բյուրոյի ընտրությունների ժամանակ որոշակի ջրբաժան առաջացավ ՀՅԴ ամերիկյան ու եվրոպական կառույցների և Հայաստանի կառույցի միջև: Արդյունքում ԱՄՆ և եվրոպական կառույցներից որևէ ներկայացուցիչ չընտրվեց Բյուրոյի կազմում, և կային կանխատեսումներ, որ դրսի կառույցները կփորձեն ազդել Հայաստանի Գերագույն ժողովի ընթացքի վրա` նոր, ներկայիս Բյուրոյին ընդդիմադիր կազմ ձևավորելու համար: Ըստ երևույթին, այդպիսի ազդեցության փորձեր եղել են, հակառակ դեպքում դժվար է հասկանալ Գերագույն ժողովից անմիջապես առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հ. Մարգարյանի` «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունը, թե որոշ շրջանակներ փորձում են կուսակցության ղեկավարության ընտրությունների վրա ազդելու ճանապարհով ՀՅԴ-ին կողմնորոշել դեպի Արևմուտք, դարձնել ամերիկամետ:

Ինչևէ, եթե անգամ իրական լուրջ պայքար է ընթացել Գերագույն ժողովում, ապա արդյունքները ցույց են տալիս, որ այն ավարտվել է Հ.Մարգարյանի «թևի» հաղթանակով: Դա է վկայում ՀՅԴ Գերագույն մարմնի նոր կազմը, որը կիսով չափ նախկին կազմի կրկնությունն է: Ըստ այդմ կարելի է կանխատեսել, որ չնայած հրապարակված հայտարարության մեջ տեղ գտած` Դաշնակցության հեղափոխականության մասին հղումներին, ՀՅԴ գործելաոճը առաջիկա երկու տարում հազիվ թե որևէ փոփոխություն կրի նախկինի համեմատ: Հաստատումը, թե ՀՅԴ-ն ինքնուրույն մասնակցություն է ունենալու տեղական ինքնակառավարման և նախագահական ընտրություններին, ավանդական- հերթապահ պնդում է, ոչ ավելի: Որովհետև այդ մասնակցությունը հազիվ թե ավելի լուրջ արդյունքների հանգեցնի, քան խորհրդարանական ընտրություններում:

Թեպետ չհաջողված ներկուսակցական հեղափոխության կապակցությամբ որոշակի հիասթափություն կա դաշնակցականների այն շրջանակում, որը ձգտում էր արմատական փոփոխությունների: Կան նաև կարծիքներ, որ ներկուսակցական ճգնաժամը նոր Գերագույն մարմնի ընտրություններով ամենևին էլ չհանգուցալուծվեց: ՀՅԴ ռազմավարության և մարտավարության հետ կապված խնդիրները մնում են վիճելի, և, ըստ ամենայնի, խմորումները կշարունակվեն ինչպես Դաշնակցության սփյուռքյան կառույցներում, այնպես էլ Հայաստանի կազմակերպությունում: Անուղղակիորեն այդ մասին է վկայում նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովի հայտարարության այն պարբերությունը, որ ժողովն անցել է «միասնականության և համախմբվածության» մթնոլորտում: Դժվար է հիշել, որ Դաշնակցության ղեկավար մարմինների հավաքները ավարտվեին միասնականության մասին հատուկ շեշտադրումներով, ինչը ինքնին վկայում է, որ հենց այդ կապակցությամբ խնդիրներ կային և գուցե դեռ «օրակարգում» են: Ընդ որում, ներքին խմորումների այս իրավիճակը բնորոշ է ոչ միայն Դաշնակցությանը, այլև Հայաստանի ողջ քաղաքական դաշտին առհասարակ: Հակառակը, ՀՅԴ-ն նախկինում համարվել է ներքին տարաձայնություններից զերծ, ամենակուռ կուսակցական կառույցը ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ հայ իրականության մեջ, և հենց դրանում էր Դաշնակցության ուժը: Հիմա այդ թեզը այլևս վիճելի է: 

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter